Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ազատվել կնճիռներից

Փետրվար 13,2016 12:00

Ցանկացած կնոջ երազանքն է մշտապես ունենալ գեղեցիկ տեսք: Սակայն, ցավոք, բնական գեղեցկությունը հավերժ չէ, եւ վաղ թե ուշ բոլոր կանանց մոտ առաջանում են տարիքային կնճիռներ: Մաշկի տարիքային ծերացումը բնական պրոցես է, որն ընթանում է ամբողջ կյանքի ընթացքում: Բայց, ինչպես ասում էր անցած դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, «Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն»:

Ժամանակակից կանայք այս հարցը լուծում են արագ ու արդյունավետ մեթոդով` բոտոքսով: Խոսելով պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Սեթ Ղազարյանի հետ, փորձեցինք պարզել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Բժիշկը տեղեկացրեց, որ բոտոքսը դա բոտուլոտոքսին Ա-ն է: Նյութի միկրոչափաբաժիններով կիրառումը լայնորեն տարածում է գտել ժամանակակից բժշկության մեջ: Բացի էսթետիկ բժշկությունից, այն կիրառվում է մանկական նյարդաբանության եւ վերականգնողական թերապիայում, ուրոլոգիայում, պրոկտոլոգիայում եւ գինեկոլոգիայում: Էսթետիկ բժշկության մեջ այն առաջին անգամ օգտագործվել է անցյալ դարի 80-ական թվականներին՝ ակնաբույժների կողմից, որոնք կիրառման ժամանակ նկատել են, որ միջհոնքային շրջանի կնճիռները հարթվում են: Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում է մոտ 50-70 մլն ներարկում: Բոտուլոտոքսին Ա-ն շուկայում հայտնի է մի քանի անվանումներվ՝ բոտոքս, դիսպորտ, քսիոմին, լանտոքս եւ այլն:

Պարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն ժամանակ անց են տեսանելի դառնում ներարկումների արդյունքները: «Բոտոքսի ներարկումից 3 օր անց սկսվում է նյութի ազդեցությունը, այսինքն՝ հարթ մկանների անշարժացում, եւ վերջնական արդյունքի մասին կարելի է խոսել 14 օր հետո: Յուրաքանչյուր հատվածում մեկ ներարկումը, եթե այն կատարվում է պրոֆեսիոնալ բժշկի կողմից, լիովին բավարար է: Որպես կանոն, լրացուցիչ շտկումների կարիք չի լինում»,- հայտնեց բժիշկը: Ավելացրեց նաեւ, որ բոտուլոտոքսին Ա-ի ազդեցության ժամանակաշրջանը, որպես կանոն, 6-8 ամիս է: Իսկ ո՞ր դեպքում թույլատրելի չէ բոտոքսի կիրառումը: Մասնագետի խոսքով, հակացուցումներ են՝ հղիության եւ կրծքով կերակրելու շրջանները, ալերգիկ ռեակցիաները, սիստեմային հիվանդությունները եւ չարորակ գոյացությունները: Ըստ նրա, էսթետիկ բժշկության մեջ բոտոքսի կիրառումը վերջին տարիներին բավականին երիտասարդացել է, քանի որ կնճիռների առաջացումը նկատվում է սկսած 25 տարեկանից: Այն կիրառելի է նաեւ 60-70 տարեկանում, քանի որ մարդիկ ցանկանում են լինել գեղեցիկ եւ հմայիչ՝ յուրաքանչյուր տարիքում: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բոտոքսի ներարկումները համատեղելի են այլ ներարկումների հետ: Նրա խոսքով, հիմնականում բոտոքսը օգտագործվում է դեմքի ոչ բոլոր հատվածներում, եւ որպեսզի ստացվի էսթետիկ թերությունների լիարժեք շտկում, այն զուգակցվում է հիալուրոնաթթվով ներարկումների հետ:

Զրույցի վերջում պլաստիկ վիրաբույժը ընթերցողներին խորհուրդ տվեց. «Անցանկալի եւ անխուսափելի կնճիռներից ազատվելու համար նախեւառաջ բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի: Անգամ պարզ թվացող դիմակները կամ ժողովրդական միջոցները սխալ կիրառելիս կարող են առաջանալ խնդիրներ, ուստի ձեր իսկ առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար եւս մեկ անգամ հորդորում եմ դիմել միայն հմուտ մասնագետների եւ մասնագիտացված կենտրոններ»:

ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ erzurumgurme.com-ի:

 

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29