«Նախագահը հանդես է եկել ծրագրային-հայեցակարգային ելույթով: Խոսք է գնացել ավելի գլոբալ հարցերի մասին՝ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, անելիքներ, պաշտոնյաների գործունեություն, նրանց աշխատանքի արդյունավետություն, կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն, չի եղել մի ոլորտ, որին նախագահն անդրադարձած չլինի»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ գործակցությանը, Շարմազանովը տեղեկացրեց, որ այդ հարցը չի քննարկվել. «Խոսք է եղել կուսակցությունների գործունեության, դրանց դերի բարձրացման մասին, բայց կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի եղել»: Լրագրողի նկատառմանը, թե մեկ տարի առաջ այս օրը նախագահը հանդես եկավ ելույթով, եւ ԲՀԿ-ն, փաստորեն, դուրս մղվեց քաղաքական դաշտից, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց՝ ասելով. «ԲՀԿ-ն չի հեռացել, ԲՀԿ նախագահը դահլիճում էր, ներկա էր հանդիպմանը»: ՀՀԿ խոսնակը նաեւ հավելեց, որ նախագահի ելույթից հետո, ինչպես միշտ, շատ բան է փոխվելու:
Ի դեպ, ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախագահականից դուրս եկավ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ միասին: Նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ