«Հայ ժողովրդի առաջ այսօր արևմուտքից եկող բազմաթիվ գայթակղություններ են ծառացած, իսկ Տեառնընդառաջն իր խորհրդով պիտի մարդկանց ուղղի դեպի ազգային մշակույթը և եկեղեցին»: Այս գաղափարով առաջնորդվելով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ասուլիսում պատմեց Տեառնընդառաջի ձևավորման հիմքերի մասին և բացատրեց դրա խորհուրդը: Նա հայտնեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես փետրվարի 13-ին ժամը 17:00-ից կսկսվի տոնական արարողությունը. եկեղեցուց վերցրած ճրագով կվառվեն խարույկներ, որոնք խորհրդանշում են քառասունօրական Քրիստոսի գալուստը և ընծայումը Տաճարին:
Տոնի կազմակերպմանը մասնակցում են նաև «Մասունք» և «Վան» ազգային համույթները, «Եկեղեցասեր երիտասարդներ» նախաձեռնությունը: Ժողովրդին ազգային մշակույթին հաղորդակից դարձնելու նպատակով կներկայացնեն հայկական ավանդական հարսանեկան ծեսից հատվածներ, մասնակիցներին կսովորեցնեն ազգային երգ ու պար:
«Մենք ունենք շատ հարուստ մշակույթ, բայց այսօր ավելի շատ կրկնօրինակում ենք օտարինը: Ուստի առաջանում է մեր ազգային ինքնությունը աշխարհին ներկայացնելու խնդիր: Դրա համար մենք, օգտագործելով սեփական ընկերական ռեսուրսները, ցանկանում ենք բարի գործ անել ժողովրդի համար», ասաց Արեգ Գալստյանը, ով «Եկեղեցասեր երիտասարդներ» նախաձեռնության անդամ է:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Տեր Հակոբ քահանան խոսեց օտար տոները նշելու մասին՝ համեմատելով դրանք օտար լեզվի հետ: Մեզ հետ զրույցում Տեր Հակոբը խոսելով օտար տոների մասին, ընդգծեց. «Պատկերացրեք, որ Հայաստանում ապրող հայը չխոսի հայերեն: Տոներն էլ այդպես են: Եթե ունենք մեր ազգայինը, ապա, բնական է, նախապատվությունը պիտի դրան տանք»:
Նշենք, որ ասուլիսի սկզբում և վերջում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախումբը հանդես եկավ շարականներով:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ