Երեւան քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Աշոտ Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. օգոստոսի 7-ին, ժամը 13. 30-ի սահմաններում Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մաֆլար» հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ, հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում նա դրսեւորել է անզգուշություն՝ դրսեւորելով անփութություն, չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել եւ այրել Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող ընդհանուր 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 հատ մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը, նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս: Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով(«Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»): Սույն հոդվածը նախատեսում է 200-400 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 2 տարով ազատազրկում:
Այդ քրեական գործով դատավարությունը 2015թ. ապրիլի 10-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2015թ. սեպտեմբերի 10-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճիռ է կայացել: Նա համարել է, որ Ա. Եղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, պատճառված վնասի հիմնական մասը «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից վերականգնվել է:
Դատարանն անդրադառնալով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի պահանջներին, համարել է ,որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը, գործում կան վնասի հաշվարկման մասին իրարից տարբերվող մի քանի ակտեր եւ արձանագրություններ: Դատարանը վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը,ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Զ. Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի:
Կարդացեք նաև
Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացել , պահանջելով բեկանել եւ փոփոխել Ա. Եղյանի վերաբերյալ դատավճիռը, նրան դատապարտել 186 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել ծանր պատժատեսակով եւ առավելագույն պատժաչափով: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է 2015թ. նոյեմբերի 20-ին եւ այժմ շարունակվում է: Հերթական նիստը նշանակված է փետրվարի 16-ին:
Սահմանամերձ Վ. Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին հարցրինք այս գործի մասին: Նա ասաց, որ ինքը դրանով չի հետաքրքրվում, չի ուզում լսել ոչ հրդեհից տուժած համագյուղացիների, ոչ՝ նրանց դատի, ոչ էլ՝ «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի մասին: Չոբանյանն ասաց, որ տուժած գյուղացիները բողոքի նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին, որտեղ մեղավոր են համարել իրենց գյուղապետին, Տավուշի մարզպետին, գյուղում զրույցների ժամանակ նաեւ՝ Հայաստանի նախագահին:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի 2015թ. դեկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Վ. Կարմիրաղբյուրում հրդեհից վնասներ կրած բնակիչների մասին: Մարզպետն ասաց . « Ես քաջ տեղյակ եմ, այդ մարդկանց քանի անգամ ես ընդունել եմ, իրենց խնդիրը հասկացել: Կանչել եմ առանձին-առանձին, իրենց հետ խոսել եմ, նաեւ «ԵղվարդՇինի» տնօրինության հետ եմ կանչել իրենց: Ուզեցել եմ, որ համերաշխության բերենք այդ ամենը: Բայց աբսուրդ թվեր են գոյանում, այսինքն՝ այնպիսի թվեր են ասում.. Փոխհատուցելու համար այդ 4 հոգին են, մնացած 15 հոգու հարցերը լուծել են: Մեծ այգիներ են, բայց կան փաստեր, որ այդ այգիները ընդհանրապես ոչ մի անգամ ոչ մշակվել են, ոչ ոռոգվել են, ոչ մի գործողություն չեն կատարել: Փաստեր ունեն, դիմացի կողմն էլ իր փաստերն է ներկայացնում: Ու արդեն դա անելանելի վիճակ է մեզ համար դառնում: Փոխհատուցման առաջարկություն է եղել , իրենք չեն համաձայնվել, ասել են, որ քիչ գումար է, իրենք 3-4 անգամ ավելի գումար են պահանջում: Դատական պրոցեսում է, դատարանը ինչ կորոշի…»
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ