Եվրասիական տնտեսական միության երկրները ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման կոնցեպցիայի շրջանակում մշակում են ազգային արժույթով փոխադարձ վճարումներ կատարելու հարցը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Դանիլ Իբրաևին:
«Այդ կոնցեպցիայի շրջանակում նախատեսվում է քննարկել փոխադարձ վճարումներում ազգային արժույթի կիրառման հարցը»,- ասել է Իբրաևը լրագրողներին:
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՀ խորհրդի նիստը: Նիստի ավարտին խորհրդի նախագահ, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բաքիջան Սագինթաևը լրագրողներին հայտնել է, որ կոնցեպցիան հավանության է արժանացել:
Ընդ որում, նա նշել է, որ խորհուրդը վերջնական հավանություն չի տվել համանման մեկ այլ կոնցեպցիայի՝ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի վերաբերյալ, բայց, ընդհանուր առմամբ համաձայնության եկել են:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱՏՄ-ն ցանկանում է 10 տարում ստեղծել գազի միասնական շուկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ