«Այսօր մենք ականատես ենք Իրանի հետ բացված ահռելի հնարավորությունների: Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում մենք շրջափակված ենք եղել եւ համարյա նույնքանն էլ Իրանն է եղել: Բայց քաշերի իմաստով մենք գործ ունենք մի հսկա քաղաքական, տնտեսական երկրի՝ շրջանառության մտնելու հետ»,- «Նոր Հայաստանի» հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգազսյանը:
Նա կարծում է, որ Իրանն այնպիսի դեր ունի ամբողջ տարածաշրջանում, որ բացվում են ճանապարհներ, որոնք տարբեր անուններ ունեն. «Տարածված անուններից մեկը նոր Մետաքսի ցամաքային ճանապարհն է: Այն կապում է ամբողջ Եվրասիական մայրցամաքը. Չինաստանից-Եվրոպա, Հնդկաստանից-Եվրոպա: Այս ճանապարհներն ունեն ռազմավարական դեր»:
Ըստ նրա՝ հայերին «կերակրում են այն հեքիաթով», որ մի քանի տարուց այդ ճանապարհն էլ կսարքվի եւ երկաթգիծը կաշխատի. «Եկեք նայենք, որ այս նույն ընթացքում տեղի է ունենում Իրանից Ադրբեջան երկաթգծի կառուցման աշխատանքները: 100 կմ ճանապարհ է մնացել, իսկ գների առումով բավականին տարբերություն կա: Եթե այստեղ շուրջ 4 միլիարդ գումար պետք է ծախսվի, այնտեղ ընդամենը 100 միլիոն դոլար է»:
Գարեգին Չուգազսյանը հայտարարեց, որ Իրանի շրջափակման վերացումից հետո Հայաստանը շահույթ չի ունենա, որովհետեւ ճանապարհը ոչ մեկին պետք չի լինի, եթե Ադրբեջանի ճանապարհը բացվի. «Խոսք է գնում նաեւ գազի մասին: Բազմիցս նաեւ Իրանի պաշտոնյաներն արտահայտել են իրենց ցանկությունը, որ Հայաստանը կապող օղակ դառնա դեպի Սեւ ծով տանող ճանապարհում: Հայաստանի լռությունը եւ պաշտոնատար անձանց ստերը, թե Իրանը մեզ էժան գազ չեն տալիս, արտահայտվեցին վերջերս մի լուրով, որ առաջիկա օրերին կլինեն բանակցություններ Ադրբեջանի ղեկավարության հետ, իրանական գազն այդ երկրի տարածքով դեպի Արեւմուտք տեղափոխելու վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն այս հարցով Գարեգին Չուգազսյանը որակես որպես անգործություն: «Արտաքին քաղաքական սնանկությունն Իրանի հարցով արտահայտվում է գրեթե ամեն օր: Ամեն օր մենք գին ենք վճարում մեր, մեր երեխաների, Հայաստանի ապագայից»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ