Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության դեպքերում բռնարարը երեխաներին օգտագործում է զոհի դեմ

Փետրվար 12,2016 17:26

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ընտանեկան բռնությունը Հայաստանում եւ իրավապահ մարմինների աշխատանքը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի բացակայության հետեւանքները» թեմաներով քննարկման ժամանակ կարծիք հնչեց, որ շատ հաճախ իրավապահ մարմինները նշված դեպքերով սուբյեկտիվ որոշումներ են կայացնում:

Քննարկման մասնակից «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Հովակիմյանի ներկայացմամբ՝ իրավապահ մարմինների թերացումների արդյունքում աճում են ընտանեկան բռնությունները. Բռնարարների կատարած հանցանքները, ասենք, սպանությունները, դիտարկում են, իբր թե խանդի հողի վրա կատարած հանցանք. «Ասում են՝ դե կտանք 3,6 տարի, մի քիչ կնստի ու դուրս կգա»:

Քննարկման մյուս մասնակից «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանն էլ նկատեց, որ ընտանեկան բռնություն կատարողների նկատմամբ, այն դեպքերի, երբ ասենք սպանությունը որակել են որպես խանդի հողի վրա կատարված, հասարակությունում կա կարծրատիպ՝ «Կարեւորը դու տղամարդու պատիվը պահել ես, պատվով դուրս կգաս բանտից»:

«Կանանց աջակցման կենտրոնի» իրավաբան Նոնա Գալստյանն անդրադառնալով

ընտանեկան բռնության դեպքերին, ասաց, որ առաջնահերթ խնդիրն այն է, որ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության եւ անվտանգության խնդիրն է. «Երբ կատարվել է ընտանեկան բռնությունը, զոհը օրենքով սահմանված կարգով իրավունք է ստանում այդ մասին հայտնելու իրավապահ մարմիններին, ընդհուպ հասնելու որոշակի պատասխանատվության բռնարարի նկատմամբ:

Սակայն, անգամ այս փուլում չեն դադարում հետապնդումները զոհի նկատմամբ, չեն դադարում սպառնալիքները, որոնք հիմնականում ուղղված են լինում նրա անվտանգությանը, կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելուն: Այս պարագայում հայտնվում ենք անելանելի վիճակում, քանի որ երբ հայտնում ենք իրավապահ մարմիններին, նրանք ասում են՝ կներեք, բայց չկա պատճառված վնաս, չկա հանցակազմ, մենք այս պահին ոչինչ անել չենք կարող: Այսինքն, զոհ գնա մնա անպաշտպան վիճակում, եւ ունակ եղիր դրսեւորելու այնպիսի կամք, որ հետամուտ լինես քո իրավունքների պաշտպանությանը»:

Իրավաբանի ներկայացրած մյուս խնդիրը՝ ոստիկանության եւ դատարանների մոտեցումներն են ընտանեկան բռնություններին. «Որեւէ կերպ համաչափ չեն ընկալվում այդ դեպքերը, միանշանակ, խանդը, զայրույթը եւ նման այլ սուբյեկտիվ գործոնները կարող են շատ հեշտությամբ պատճառ հանդիսանալ, որպեսզի բռնարարի նկատմամբ նշանակվի ոչ համաչափ պատիժ կամ նա ընդհանրապես խուսափի պատասխանատվությունից»:

Ըստ իրավաբանի, ընտանեկան բռնության դեպքերում, շատ հաճախ բռնարարը երեխաներին օգտագործում է զոհի դեմ՝ նրա կամքը ճնշելու եւ պարտադրելու, որ նա հետ կանգնի բողոքից եւ չշարունակի պայքարը:

Նոնա Գալստյանի ներկայացմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) դեպքերում էլ են խնդիրներ ծագում. մասնավորապես, ասենք ամուսնալուծվելուց հետո հայրը ճնշում է գործադրում երեխաների վրա, որպեսզի նրանք չցանկանան իրենց հետ շփվել, երբ ամուսնալուծությունից հետո դատարանը երեխաների խնամքը հանձնում է մորը. «Երբ դիմում ենք ԴԱՀԿ-ին, մեզ ասում են՝ ոչինչ անել չենք կարող, կա ակտ, սակայն մենք որեւէ կերպ միջամտել չենք կարող»:

Այս խնդրին անդրադառնալով՝ ԴԱՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանն ասաց, որ ըստ օրենքի, ԴԱՀԿ ծառայությունը պետք է կատարի պահանջատիրոջ շահերը, սակայն երբ երեխաները լաց են լինում, հրաժարվում են գնալ այն ծնողի մոտ, որի խնամքին հանձնելը որոշել է դատարանը, չեն կարող երեխային զոռով, պարտադրաբար հանձնել մյուս ծնողին: Նման դեպքերում, ըստ Մովսիսյանի, պահանջատեր-պարտապան, խնամակալության հոգաբարձուների աշխատակիցների եւ անհրաժեշտության դեպքում՝ հոգեբանի ներգրավմամբ են խնդիրը լուծում:

Իրավաբան Գալստյանն էլ նկատեց, որ նման դեպքերում, երեխաները միշտ էլ կարող են վախի եւ ճնշման ազդեցության տակ ենթարկվել հորը եւ չգնալ մոր մոտ:

Քննարկմանը ներկա իրավաբանական հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ ասաց, որ դատարանը միշտ առաջնություն է տալիս մայրերի շահերին, եւ որքան էլ նահապետական հասարակություն է, շատ հաճախ բռնությունը մայրերի կողմից է լինում, նրանք թույլ չեն տալիս, որ երեխան շփվի հոր հետ. «Մինչեւ 10 տարեկան երեխաների դեպքում շեշտը չի դրվում երեխաների խոսքի վրա, քանի որ նրանց կամքը ձեւավորված չէ: Եթե երեխան չի ուզում, վախի կամ այլ պատճառով շփվել մյուս ծնողի հետ, դա հեշտ է ուսումնասիրվում: Իրավական դաշտում մեծ բացթողում կա՝ մի կողմից ակտը պիտի կատարվի, մյուս կողմից երեխան մարդ է, իրավունքներ ունի, որոնք պետք է կատարվեն: Այս դեպքում մեր միջամտությունով, աշխատանքի արդյունքում եզրակացություն է լինում, եւ ճնշում գործադրող ծնողը պատասխանատվության է ենթարկվում»:

Զառա Հովհաննիսյանն ու Սոնա Հովակիմյանն էլ նշեցին, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը երկար ժամանակ է չի ընդունվում, մինչդեռ այն ընդունվելու դեպքում, մեխանիզմներ կստեղծվի, իրավապահ մարմիների տարբեր շերտերի հետ աշխատանքով կանխարգելել հետեւանքները՝ սպանությունները: Հիմա, ըստ բանախոսների, շատ են դեպքերը, երբ ընտանեկան բռնության զոհը՝ կինը, բազմիցս դիմել է ոստիկանություն, որ կյանքին վտանգ է սպառնում, ոստիկանությունը բավարար աշխատանք չի կատարել, ճիշտ չի գնահատել իրավիճակը. «Վերջում սպանություն է տեղի ունենում: Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի առկայության դեպքում հնարավոր կլիներ ճիշտ արձագանքել դեպքերին եւ այսօր չէինք ունենա ողբերգական մահերը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29