Ինչպես տեղեկացրել ենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում 7 կողմ, 4 դեմ քվեարկության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուի՝ Արման Թաթոյանի թեկնածությունը կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը վստահեցնում էր, որ եթե ընտրվի օմբուդսմեն, լինելու է անկաշկանդ, ինքը կարող է լինել անկախ՝ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության մարդը:
Հարցին՝ այդքան մամուլում գրվեց, որ Կարեն Անդրեասյանը ճնշումների արդյունքում է հրաժարական տվել, դուք հետաքրքրվե՞լ եք, ձեզ դա չի՞ մտահոգում՝ որպես իրավահաջորդ: Նա պատասխանեց. «Իհարկե, եթե նման դեպքեր կան, լինում են, դա միշտ էլ մտահոգության առարկա է: Ես այդ մասին ոչ մի ինֆորմացիա չունեմ»:
Դիտարկմանը՝ Դուք իրավահաջորդն եք, միգուցե այդ սպառնալիքները Ձեր գլխին էլ են կախված՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Ես լիարժեք գիտակցում եմ աշխատանքի բարդությունը, որ պետք է հստակ խնդիրները վեր հանել: Իմ ելույթում նշեցի սկզբունքներ՝ ինչպես աշխատել, որպեսզի այդ բարդ պայմաններում հասնել արդյունքի: Իսկ պարոն Անդրեասյանի հետ կապված տակտիկական կամ ռազմավարական առումով էլ կլինեն տարբերություններ, բայց պարոն Անդրեասյանի գործունեությունը նպատակաուղղված է եղել իրավունքների ինստիտուտի զարգացմանը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ձեր վրա ի՞նչ ճնշումներ պիտի լինեն, որ Դուք հրաժարական տաք՝ նա պատասխանեց. «Այս պահին որպես ՄԻՊ թեկնածու կարող եմ ասել, որ եթե անգամ ճնշումներ էլ լինեն իմ գործունեության ընթացքում, ես , իհարկե, չեմ պատրաստվում հրաժարական տալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ