Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար ֆիզկուլտուրայի երրորդ կուրսի ուսանող Գեւորգ Խաչատրյանը տուգանվեց 500.000 դրամով:
Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 34 եւ 153 հոդվածներով:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը հանրաքվեի օրը 8.25 տեղամասում քվեարկելուց հետո որոշ ժամանակ անց կրկին փորձել էր քվեարկել, երկրորդ անգամ քվեարկելու փորձը կանխել էր հանձնաժողովի անդամներից մեկը:
Մեղադրողն այսօր դատարանում միջնորդեց 600.000 դրամով տուգանել, իսկ պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի առնել նախաքննության ընթացքում նրա ինքնախոստովանական ցուցմունքները:
Կարդացեք նաև
Խաչատրյանի պաշտպան՝ փաստաբան Ժաննա Կոտիկյանն էլ ասաց, որ նախաքննությամբ ու դատաքննությամբ իր պաշտպանյալն անկեղծորեն զղջացել է ու տվել խոստովանական ցուցմունքներ. «Գեւորգը խոստովանել է, որ այդ հանցագործությունը կատարել է սեփական նախաձեռնությամբ, իր սկզբունքներից ելնելով, եւ որեւէ մեկն իրեն չի ուղղորդել նման քայլերի գնալ: Ինձ ուրախացնում է այն, որ մեր երիտասարդներն այնքան են հասունացել ու ողջախոհ են դարձել, որ սեփական նախաձեռնությամբ փորձում են իրենց տեսակետներն անցկացնել եւ հանուն նպատակի նույնիսկ պատրաստ են օրենքով չթույլատրվող արարքներ կատարել: Տեսնում եմ ձգտում մեր երիտասարդության մեջ՝ մեր երկրի ապագայի, երկրի կենսամակարդակը բարձրացնելու հարցում իրենց աջակցությունն ունենալ…»:
Պաշտպանն առարկեց դատախազի ներկայացրած պատժի չափը, միջնորդեց հաշվի առնել հանցագործության մեջ մեղադրվողի սոցիալական վիճակն ու ամենաբարձր տուգանքի չափը նշանակել 500.000 դրամ:
Որպես վերջին խոսք՝ Գեւորգ Խաչատրյանն ասաց, որ զղջում է իր կատարած հանցանքի համար, լիովին մեղավոր է իրեն ճանաչում. «Վստահեցնում եմ, որ նման բան այլեւս չի կրկնվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ