Լրահոս
Օրվա լրահոսը

Թոխատյան. «Երեւանում վարդագույնը կորել է, ինչ այլանդակ գույն ասես՝ կա» (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 16:54

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  մի խումբ մտավորականներ միավորվել են Երեւանի պատմական շենք-շինությունները պահպանելու նախաձեռնության շուրջը: «Sputnik Armenia» միջազգային մամուլի կենտրոնում այսօր նրանք նշեցին, որ առաջիկայում հանդես են գալու մի շարք կառույցների պահպանության կոչով՝ իշխանություններին եւ մասնավոր հատվածին առաջարկելով ոչ թե քանդել, այլ վերականգնել հին Երեւանից մնացած պատառիկները:

mark-grigoryan

«Շատ անգամ ասում են՝ այս շենքը սիրուն չէ, պետք է քանդել եւ գեղեցիկը կառուցել: Բայց սիրունը չափանիշ չէ, գուցե գեղեցի՞կն է չափանիշը, ոչ թե սիրունը»,-ասաց լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանը:

hrant-tokhatyan

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ հիշեցրեց, որ Թամանյանը դիմագիծ է հաղորդել Երեւանին, եւ հիմա պետք չէ անտեղի «շպարել» այդ դիմագիծը. «Այսօր Երեւանի վարդագույնը կորել է, ինչ այլանդակ գույն ասես՝ կա: «Ուրբանիզացիա» հասկացությունը մեր քաղաքի համար չէ, այն իր կոկիկությամբ է գեղեցիկ: Այսօր էլ մարդիկ հիանում են մեր քաղաքով, բայց մենք գիտենք մեր քաղաքի իրական դեմքն ինչպիսին է եղել: Ամեն շենքի համար պայքարելը «կապրիզ» չի: Մտավորականի խոսքն այսօր արժեզրկվել է: Երեւանը պետք է պաշտպանել, եթե սա էլ չկարողանաք անել, մեր հավաքն անիմաստ է»:

zaven-sargsyan

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի համոզմամբ էլ՝ ոչ մի պաշտոնյա եւ ճարտարապետ չեն փրկի հին շենքերը, որովհետեւ շահ ունեն. «Եթե «Դոլմաման» օգուտ է տալիս, հարկ է վճարում, պատկերացրեք՝ այդ հատվածում որքան բան կարելի է ստեղծել ու եկամուտ ապահովել հենց պետության համար: Բա ինչո՞ւ չեն ստեղծում: Փարիզում, օրինակ, հազարավոր հին կառույցներ կան, շատ փողոցներ 17-րդ դարից են մնացել, բայց մարդիկ հաճույքով ապրում են, դրանց ձեռք չեն տվել»:

Ասուլիսին ներկա մտավորականները նշեցին, որ իրենց պահանջն է՝ դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը և որդեգրել դրանց պահպանման, խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29