Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը վիճեց Փոստանջյանի հետ. «Ծառայություն մատուցողը դու ես, ա՛յ աղջի, հերի՛ք եղավ» (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 16:41

«Պարոն Մինասյան, ես չգիտեմ դուք վաղը որտեղ կլինեք, որտեղ կհանգրվանեք՝ նախարարի պաշտոնում, թե մարզպետի, պատգամավորի կամ չգիտեմ որտեղ, կամ որպես գիտնական կլինեք, կանխարգելիչ գործառույթներից մեկը ՄԻՊ-ի այն է, որ չնայած օմբուդսմենի լիազորությունները հիմա մի փոքր փոխվում է, բայց դա այն է, որ մենք օրենսդրական փոփոխությունների հնարավորություն ստեղծենք:

Պաշտոնապես դեռ դուք իշխանություն չեք, հետեւաբար ես խորհուրդ կտայի, որ դուք գոնե… միեւնույն է ձեր աջակցության կարիքը չկար իշխանության թեկնածուին»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում օմբուդսմենի ընտրության ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին ասաց թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դիտողություն արեց, թե Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու եք՝ վիրավորում եք ձեր գործընկերներին՝ անկախ նրանից՝ ընդդիմություն են, թե իշխանություն:

Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Ինչ կա, էն եմ ասում»:

Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ ախր որ ինչ կա՝ մենք էլ ասենք, ինչ կլինի:

Արծվիկ Մինասյանը միջամտեց. «Տիկին Փոստանջյանն ակնհայտորեն կաղում է պարզ թվաբանությունից: Երկրորդ՝ առաջին դեպքը չէ, երբ մարդուն արժեւորելով՝ ստանում ես պատասխան վիրավորանք: Տիկին Փոստանջյան, ձեր արտահայտած միտքը վերադարձնում եմ ձեզ՝ նույն ձեւով: Ավելին ասեմ՝ դուք անգամ այս պահին չգնահատեցիք մարդկանց արժանապատվությունը, թեեւ այնտեղ նստած՝ խոսում էիք արժանապատվության մասին: Դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ բանավիճել՝ օգտագործելով երրորդ անձի: Դա ոչ միայն արժանապատվությունից ցածր է, ես խորհուրդ կտա ձեզ ձեր խորհուրդները պահել ձեզ: Շարունակեք հետայսու էլ ձեր գործունեությունը՝ առանց անդրադառնալու որեւէ այլ բանի»:

Զարուհի Փոստանջյանը պնդեց՝ շարունակեք նույն ձեւով իշխանություններին ծառայություն մատուցել՝ նկատի ունենալով այն, որ եթե ՀՅԴ-ն որոշել է 3 թեկնածուներին էլ կողմ քվեարկել, ՀՀԿ-ի թեկնածուի օգտին 7 կողմ է լինում, այնպես որ իրեն կողմ քվեարկելը ոչ մի օգուտ չի տալիս:

Արծվիկ Մինասյանը՝ ձեռքը առաջ մեկնելով՝ ասաց. «Իշխանություններին ծառայություն մատուցողը դու ես, ա՛յ աղջի, հերի՛ք եղավ»:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը Փոստանջյանին խորհուրդ տվեց, թե գոնե Արծվիկին մի նեղացրու, թող քվեարկի, քեզ կողմ է քվեարկելու:

Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց՝ ես չեմ ուզում իր կողմ-ը, թող չքվեարկի:

Արծվիկ Մինասյանն էլ հորդորեց Փոստանջյանին ինքնաբացարկ հայտնել: Երբ կրքերը մարեցին, նա, այնուամենայնիվ, կողմ քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29