Մի խումբ մտավորականներ, այդ թվում ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Ֆորշը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Միքայել Պողոսյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցը, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը միավորվել են Երեւանի պատմական հուշարձանները պահպանելու գաղափարի շուրջը: Նրանք մտադիր են պայքարել մայրաքաղաքի պատմական դիմագիծը պահպանելու համար:
«Սա մեր քաղաքի հանդեպ սիրո խոստովանության դրսեւորում է: Ստեղծագործողի ամենամեծ կարողությունը սեր բացատրելն է: Իմ ստեղծագործական վերջին ճանապարհը կապված է եղել Երեւանի հետ, ուստի փորձելու եմ հնարավորինս վերաբերմունք արտահայտել խնդրի շուրջ: Մեր քաղաքը կենդանի օրգանիզմ է, որը կարոտում է, հիասթափվում, նեղանում… քաղաքի դիմանկարը մենք՝ բոլորս ենք»,-Sputnik Armenia միջազգային մամուլի կենտրոնում այսօր ասաց Միքայել Պողոսյանը՝ վկայակոչելով Ֆորշի խոսքերը՝ «Քաղաքը տուն ու շենք չէ, քաղաքը մենք ենք»:
Դերասանի բնորոշմամբ՝ Երեւանը կարիք ունի թիկունքի. «Պետք է պաշտպանենք մեր քաղաքի արժանապատվությունը, այլ կերպ ոչ մի կարեւոր հարց չի լուծվի: Մեր քաղաքի դիմանկարն աղավաղված է: Հասկանում եմ, որ Երեւանը պետք է փոխվի, պետք է նոր կառույցներ ստեղծվեն, բայց ինչի՞ հաշվին: Շենք կառուցելու եւ գումար վաստակելու մոլուցքը դարձել են քաղաքի դիմանկարը»:
Կարդացեք նաև
Միքայել Պողոսյանի խոսքով՝ մտավորականները պաշտոնյաներին թույլ չեն տա աղավաղել քաղաքի դիմագիծը. «Բոլորս էլ ժամանակավոր ենք, բայց իրավունք չունենք ժամանակի հետ խաղեր տալու: Մենք հաղթելու ենք եւ համոզված եմ, որ հաղթանակին պետք է նպաստեն բոլոր պաշտոնյաները, որոնք անգիտակից բաներ են անում քաղաքի հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ