Սուրբ վալենտինի օրվա կապակցությամբ փետրվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ համերգային դահլիճում կկայանա Վլադիմիր Ավետիսյանի D`Black Blues Orchestra խմբի և Հայաստանի երիտասարդական նվագախմբի՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համատեղ համերգը՝ նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգի ընթացքում կհնչեն երգեր Էրիկ Կլեպտոնի և Բոբ Մարլիի երգացանկից:
Համերգի մասին այսօր լրագրողների հետ խոսեցին D’Black Blues Orchestra խմբի ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանը, երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և D`Black Blues Orchestra նվագախմբի երաժշտական մասի ղեկավար Պավել Պլակսինը:
Վլադիմիր Ավետիսյանը նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, սակայն սա իր առաջին խոշոր նախագիծն է Երևանում. «Երբ լսում եմ, թե հայերեն իմ ազգանունը ինչպես է հնչում, հասկանում եմ, թե ինչու եմ զբաղվում երաժշտությամբ»:
Խմբի մենակատարը հավելեց, որ սպասվող համերգի ձևաչափի վրա շուրջ կես տարի աշխատել են. «Չեմ ցանկանում բացել բոլոր փակագծերը, քանի որ երաժշտությունը բառերով պատմել հնարավոր չէ. պետք է միայն լսել»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Ավետիսյանն անկեղծացավ լրագրողների հետ՝ ասելով, որ միայն այսօր է ծանոթացել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Իր հերթին դիրիժորն ավելացրեց, որ սա շատ լավ հնարավորություն է իրենց նվագախմբի համար. «Մեզ համար ամենակարևորը որակյալ երաժշտություն մատուցելն է: Փետրվարի 14-ին կհնչի միայն գեղեցիկն ու որակյալը ՝դրական լիցքեր հաղորդելով դահլիճին»:
Պավել Պլասկինը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով Հայաստանի և Երևանի մասին. «Սա հիասքանչ քաղաք է: Քայլում ես փողոցներով, բայց կարծես թռչես, լինես ամպերում: Ես վստահ եմ, որ նախագիծը շարունակական բնույթ է կրելու»:
Վլադիմիր Ավետիսյանն ասաց, որ անձամբ չի ճանաչում Կլեպտոնին, սակայն շատ է սիրում և գնահատում նրա գործունեությունը. «Դեռ երիտասարդ տարիքից լսում էի իր երաժշտությունը: Երբեք չենք հանդիպել, բայց միմյանց ճանաչում ենք, նույնիսկ մակագրած կիթառ է ինձ փոխանցել»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ