Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Փետրվար 12,2016 16:06

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Երևանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ և թույլ կտա բացահայտել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու ուրվագծել համագործակցության նոր ոլորտներ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում:

Պարոն Մլադեկը բարձր է գնահատել երկու երկրների միջև փոխգործակցությունը և նշել, որ Երևանում ընթացող հայ-չեխական համաժողովին մասնակցում են շուրջ 30 չեխ գործարարներ: Նախարարի խոսքով՝ նրանք հետաքրքրված են հայ գործընկերների հետ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, մասնավորապես, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների մատակարարման հարցում: Այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են անցկացվել նաև ՀՀ էներգետիկայի նախարարության հետ: Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարը վստահություն է հայտնել, որ ապրիլին Պրահայում կայանալիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ևս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու գործարար ֆորումների շարունակական անցկացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Չեխիայի միջև տնտեսական կապերում առկա մեծ ներուժի իրացմանը: Առանձնակի կարևորվել է նաև Երևան-Պրահա չվերթի վերագործարկումը: Յան Մլադեկը տեղեկացրել է, որ այդ չվերթը, որն ունի մեծ պահանջարկ, արդեն 2016 թվականի մայիսից շաբաթական կիրականացնի 2-3 թռիչք:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորություններին, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները վերսկսելու չեխական կողմի պատրաստակամությունը:

Հովիկ Աբրահամյանը և Յան Մլադեկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ և արդեն իսկ մեկնարկել են նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Իր հերթին, պարոն Մլադեկն ավելացրել է, որ Չեխիան պատրաստ է օժանդակել ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ու վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29