Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարի Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարում դանակի 30 հարվածից սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի գործով նիստն էր, որին չէր ներկայացել մեղադրող դատախազը: Դատական նիստը հետաձգվել էր, այսօր, 2-րդ նիստին կրկին դատախազը չէր ներկայացել, ուստի դատավորը որոշեց նորից հետաձգել նիստը, այն նշանակվեց մարտի 2-ին:
Հիշեցնենք, որ Արտակ Առաքելյանը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին:
Տուժողի իրավահաջորդի պաշտպան Սեդա Սաֆարյանն Aravot.am-ի զրույցում նկատեց, որ դատախազի՝ 2-րդ անգամ նիստին չներկայանալը, չնայած, որ դատարանը պատշաճ ծանուցել էր նրան, խոսում է դատախազի անտարբերության, մարդկանց մասին չմտածելու, դատավարության շահերը ոտնահարելու մասին:
Սեդա Սաֆարյանի ներկայացմամբ՝ «Ըստ դատարանի, դատախազ է փոխվել, բայց դեռ նախորդ նիստում այս մասին խոսակցություն եղել է, եւ երբ դատախազը փոխվում էր, սա այնպիսի գործ է, որ կարող էին նոր դատախազ նշանակելու մասին մտածել: Դատավորն ասաց, որ իրենք նիստի մասին ծանուցել են, բայց դատախազի կողմից արձագանք չի եղել»:
Կարդացեք նաև
Այսօր նիստի հետաձգման մասին դատավորի հայտարարությունից հետո վկաներն ու Հեղինե Դարբազյանի հարազատները վրդովվեցին՝ ասելով՝ «Սա ի՞նչ է, ամեն անգամ գալիս ենք, ու հետաձգվում է»:
Հեղինեի քույրը՝ Քրիստինեն դիմելով դատավորին, ասաց՝ «Ինձ համար ահավոր ծանր է՝ տեսնել մարդասպանին, դեմ-դիմաց նստած, աչքերի մեջ նայելով»:
Ապա սպանվածի քույրը դիմելով Արտակ Առաքելյանի հորն՝ ասաց՝ «Ռեխդ մի բաց, մարդասպանի հեր ես»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հեղինե Դարբազյանի սպանության մասին մանրամասները, Արտակ Առաքելյանի հոր եւ Հեղինեի քրոջ՝ մեզ հետ զրույցում պատմածները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ