Խոշոր տերությունները Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ, բայց խաղաղության մասին խոսել դեռ վաղ է, գրում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Ըստ համաձայնագրի՝ մեկ շաբաթում Սիրիայում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, և անմիջապես պետք է մարդասիրական օգնություն հասցվի այն քաղաքներին, որոնք երկար ժամանակ շրջափակման մեջ են մնացել:
Ենթադրվող հաշտությունը չի վերաբերի միայն «Իսլամական պետության», «Ջաբհաթ ալ-Նուսրայի» և մյուս ահաբեկչական զինված խմբավորումներին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտավախություններ ունի, որ դժվար կլինի այդ նպատակներին հասելը: «Սա ամբիցիոզ խնդիր է: Գլխավոր հարցն այն է՝ արդյոք բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է նա հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
Կարդացեք նաև
Պարբերականը նշում է, որ հիմնական խնդիրն այն է, որ գոյություն ունեն ազդեցիկ ուժեր, որոնք շահագրգռված են պատերազմի շարունակման մեջ: Այս պահին ո՛չ Լավրովը, ո՛չ Քերին չեն կարող երաշխավորել կրակի լիարժեք դադարեցում:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն էլ նշել է, որ թեև համաձայնագիրը կարևոր քայլ է, բայց «որևէ հաջողություն չի ունենա, մինչև որ Սիրիայի վարչակարգին աջակցող ուժերը չփոխեն իրենց դիրքորոշումը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ