«ՀՀ-ում տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, Մարտի 1, ապօրինի բանտախցերում գտնվող մարդիկ եղան, կարո՞ղ եք մատնանշել գեթ մի դեպք, երբ քննադատել եք ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, եղե՞լ է, որ բարձրաձայնեք, որ ոտնահարվել են այդ իրավունքները:
Որպես գիտնական վերջիվերջո, մանավանդ, որ դուք հավակնում եք այս պաշտոնին, այս պահին ունենք քաղբանտարկյալներ, բա ձեզ չէ՞ր հետաքրքրում, այսքան բարձրաձայնում են, որ կան քաղբանտարկյալներ, Գեւորգ Սաֆարյանն է այս պահին գտնվում կալանավայրում, կա միջազգային կազմակերպության արձագանքը: Բա ձեզ, որպես քաղաքացի հետաքրքիր չէ՞ր, մի հատ չե՞ք վերլուծել: Ասում եք՝ պետք է մանրամասն ուսումնասիրեմ»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս հարցերն ուղղեց Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանին:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շահերի բախում որակեց Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ասելով, որ անհավասար դիրքերում են թեկնածուները: Փոստանջյանը հանձնաժողովի անդա՞մ է որպես հանդես գալիս, պատգամավո՞ր, թե՞ թեկնածու:
Արման Թաթոյանը պատասխանեց հարցերին. «Կոնկրետ ձեր մատնանշած դեպքերը, իհարկե, վերլուծում եմ: Ինձ հետաքրքրում է ցանկացած բան, որ կատարվում է մեր երկրում: Բայց որպեսզի գնահատական տամ, պետք է հասկանամ՝ ինչպե՞ս կարող եմ իրավաբանորեն ձեւակերպել, որ ճիշտ, գրագետ ստացվի»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ չպատասխանեց նա ոչ մի հարցի, խուսափեց պատասխանել, ինչպես նաեւ խուսափում է բանավեճի ելնել՝ որպես թեկնածու. «Դուք խուսափում եք կարծիք հայտնելուց: Ակնհայտ է, որ դուք գտնվում եք իշխանության ենթակայության տակ եւ կատարողի դերում եք»:
Արման Թաթոյանը չհամաձայնեց՝ ասելով, որ հարցազրույցներ տվել է՝ իր աշխատանքային գրաֆիկից ելնելով եւ պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ