Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովը դողում էր, քիչ մնաց լաց լիներ». Սահմանապահի ցուցմունքը

Փետրվար 12,2016 14:23

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը:

Քիչ առաջ դատարանը լսեց  Վալերի Պերմյակովի ձերբակալությանը անմիջականորեն մասնակցություն ունեցած Ստյոպա Սումբուլյանին, որը սահմանապահ զորքերում զինծառայող է: Վկան ասաց, որ հունվարի 13-ին կապիտան Խաչատրյանի հետ անցել է ծառայության Բայանդուրի ուղեկալում: Իրեն ժամը 5-ին հրահանգել են բարձրանալ դիտարկման վայր:

2015թ. հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Սումբուլյանը բարձրացել է դիտարկման աշտարակ, 5 րոպե անց նկատել լապտերի լույս, զեկուցել է կապիտան Խաչատրյանին: Վերջինս հարցրել է՝ ո՞վ է, այնուհետ Սումբուլյանին հրահանգել է լիցքավորել ատրճանակը, զենքը պահել է իրենց մոտեցած անձի վրա, հետո օգնության է եկել ծառայակիցներից մեկը, կապել են տվյալ անձի ձեռքերն ու ոտքերը:

Վկայի ցուցմունքով՝ խուզարկել են նրան, մոտից հայտնաբերել 3 հեռախոս, մի քիչ փող՝ մի քանի հարյուր ռուբլի եւ կրակայրիչ: Այնուհետ ժամանել է օպերատիվ խումբը, նրան դրել են «ՈՒԱԶ» ավտոմեքենայի մեջ եւ տարել Ախուրիկի կողմը: Ըստ վկա Սումբուլյանի՝ մոտ 40 րոպե անց եկել են ոստիկանները:

Ավետիսյանների փաստաբանները վկայից հետաքրքրվեցին, թե երբ լապտերը պահեցիր վրան, ինչի՞ց հասկացար, որ Պերմյակովն է, հատկապես երբ վերջինս քաղաքացիական  հագուստով էր: Փաստաբան Լուսինե Սահակյանը հարցրեց՝ «դատարանում ասացիք, որ չեք ճանաչում ամբաստանյալին, այնտեղ ինչպե՞ս ճանաչեցիք»: Վկան, այս հարցին ի պատասխան, մի քանի անգամ նշեց, որ ինքը նախորդ օրը հեռուստատեսությամբ է լսել վերջինիս մասին ու այդպես է ճանաչել:

Լուսինե Սահակյանի հարցին՝ «ձեզ նախորդ օրը նկա՞ր էին ցույց տվել ու ասել, թե սա է հանցագործության մեջ կասկածվողը», վկա Սումբուլյանն ասաց, որ նկար ցույց չեն տվել, պարզապես լսել է նրա մասին:

Վկայի ցուցմունքից պարզվեց, որ ուղեկալը մշտական հսկողության տակ չի եղել: Այդ պահին արտակարգ ռեժիմ է հայտարարված եղել: Թե ինչու էր արտակարգ ռեժիմ հայտարարված,  նա այդ հարցի պատասխանը չուներ:

Ավետիսյանների շահերը պաշտպանող Արթուր Սաքունցի այն հարցին, թե որպես սահմանապահի՝ ձեր մոտ չկա՞ր այն տպավորությունը, թե նպատակ կար ինչ-որ մեկի գործողությունը կանխելու. Պերմյակովն է անցնելու այստեղից, գնանք բռնենք, վկան ասաց, որ հրամանատարն է որոշել՝ ով որտեղ պետք է հսկողություն իրականացնի:

Վկա Սումբուլյանը նաեւ ասաց, որ Պերմյակովը այնպիսի շորերով էր, որ հազիվ կարողանար դիմանալ պոմպակայանի տարածքում. զինվորական հագուստով  հազիվ կարելի է 6 ժամ դիմանալ: Դա նշանակում է, որ Պերմյակովը մոտ 1 ժամ է գտնվել այդ ուղեկալի տարածքում:

Վկան նաեւ պատմեց, որ Պերմյակովը դողում էր, ուզում էր լաց լինել: Արթուր Սաքունցի հարցին՝ նրա վրայից ծխախոտի, ալկոհոլի հոտ չէ՞ր գալիս, Սումբուլյանն ասաց՝ ոչ:

Վերջինս դատարանին նաեւ հայտնեց, որ կապիտան Խաչատրյանը Պերմյակովին ձերբակալելիս հարցրել է՝ դո՞ւ ես սպանել: Պերմյակովը պատասխանել էր՝ ես ոչ մեկին չեմ սպանել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29