ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումն է: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանին ասաց, որ «Ձեր կրթության հետ է կապված, խնդիր կա, պետական նմուշի դիպլո՞մ եք ստացել»:
Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ այո, եւ եթե իր փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէր, կարող էին իր թեկնածությունը չգրանցել. «Ես փաստաբանական քննություն եմ հանձնել՝ ստացել լիցենզիա»:
Հովհաննես Սահակյանը հորդորեց՝ «Եթե դուք ընտրվեք, հավելյալ փաստաթղթեր ներկայացրեք, որպեսզի ձեր ոչ պետական նմուշի դիպլոմը համարվի բարձրագույն կրթություն»:
Զարուհի Փոստանջյանն էլ հեգնեց, թե կարող եք վերանայել իմ առաջադրումը եւ գրանցումը չեղյալ համարել:
Կարդացեք նաև
«Մենք կարող ենք վերանայել: Ձեր դիպլոմը ոչ պետական նմուշի է, չի համապատասխանում բարձրագույն կրթության մասին պահանջներին: Եթե հավելյալ փաստաթղթեր ունեք, ներկայացրեք, որ ձեր անցնելու դեպքում ներկայացնեմ լիագումար նիստ: Ձեզ էլ գրանցումից չենք հանի, որպեսզի չեթաք ու ասեք՝ քաղաքական հետապնդումների արդյունքում հանեցին եւ այլն»:
Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Հանեիք, հանեիք, էդքան դուխ ունեի՞ք»:
Ավելի ուշ մեզ հետ զրույցում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Զարուհի Փոստանջյանի դիպլոմը պետական նմուշի է, նա ոչ մի խնդիր չունի փաստաթղթերի հետ: Եթե բարձրագույն կրթություն չունենար եւ պետական նմուշի դիպլոմ չունենար՝ չէր կարող լինել Փաստաբանների պալատի անդամ, քննություն չէր կարող հանձնել եւ լիցենզիա էլ չէր ստանա»:
Ըստ Փոստանջյանի, քաղաքական շահարկում էր դա եւ հատուկ այդպիսի կեղծ արտահայտություն արեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ