Փետրվարի 6-ին Դիլիջանի զորամասերից մեկից անհետացած, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կողմից փետրվարի 10-ին Ֆեյսբուքում կատարված գրառման համաձայն՝ իր բնակավայրի մոտ հայտնաբերված 19-ամյա շարքային Ազիզ Բաքոյանը ձերբակալված կամ կալանավորված չէ, նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չի ընտրված:
Ինչպես տեղեկացանք Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից, դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով («Երեք օրից ավելի, բայց ոչ մեկ ամսից ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը» ):
Արթուր Զաքարյանը հայտնեց, որ քննությունը կպարզի , թե ինչ պատճառով է Ա. Բաքոյանը հեռացել զորամասից: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննչական 6-րդ բաժինը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ