Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճարտարապետը՝ Համալիրը քանդողին. «Հիվանդ տատիկիդ կբուժե՞ս, թե՞ կուղարկես այն աշխարհ» (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 13:53

Կառավարությունը երեկվա նիստում չեղյալ է հայտարարել նախորդ տարվա օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու մասին» որոշումը:

Գործադիրի հիմնավորմամբ՝ նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

Որոշման մասին այսօր «Հայելի» ակումբում խոսեց ճարտարապետ, Մարզահամերգային համալիրի նախագծի հեղինակ Հրաչիկ Պողոսյանը: «Ակնհայտ է, որ Համալիրը ծախսեր է պահանջում: Այն կառուցվել եւ մնացել է որպես խորհրդային տարիների ժառանգություն: Յուրաքանչյուր պետություն պետք է լավ ճանաչի իրեն հասած ժառանգությունը եւ հասկանա՝ որը պետք է պահել, իսկ որը՝ ոչ: Եթե պետք է պահել, ուրեմն միջոցներ պետք է հայթայթել: Համալիրը բավականին ծախսատար շինություն է, բայց մեզանում պահպանումը որպես գաղափար գոյություն չունի: Եթե մի շենքում վթար կա, միանգամից քանդելու-վերացնելու միտք է ծագում: Վերացավ՝ խնդիրը չկա: Նույն բանը կատարվեց Երիտասարդական պալատի եւ մյուս շենքերի հետ: Հիմա Համալիրը քանդողներին հարցնես՝ տատիկիդ առողջությունը ո՞նց է: Եթե ասի՝ վատ է, հարցնես՝ մտածում ես բուժե՞լ, թե՞ ուղարկել այն աշխարհ…»,-ասաց Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ Մարզահամերգային համալիրը կարելի է եւ պետք է պահպանել, իսկ թե ինչպես՝ պետությունը թող մտածի. «Համալիրի նախագիծը մշակվել է ըստ տնտեսական հիմնավորման: Հաշվարկվել է, թե ինչ միջոցառումներ պետք է կազմակերպվեն ու ինչպես պետք է ծախսը հանվի: Այդ կառույցը չի կարող որեւէ օր պարապ մնալ, ջեռուցման եւ այլնի ծախսեր կան: Իմիջիայլոց, աստիճանների տակ ժամանակին կառուցվել է շարժվող մայթ: Բավականին մեծ գումարներ ծախսվեցին, բայց հրդեհից հետո չվերականգնվեց: Երեւի գումար չկար»:

Ճարտարապետն առաջարկում է գտնել համապատասխան մասնագետներ, որոնք հանգամանալից կուսումնասիրեն շինության վիճակը եւ կկազմեն շահագործման բիզնես-պլան:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29