Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարքս կարդացեք». Նիկոլայ Բորդյուժայի խորհուրդը հայ լրագրողներին

Փետրվար 12,2016 13:45

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»,- դեկտեմբերի 21-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`փաստելով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը. «Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր եւ շատ վտանգավոր մակարդակի»։ Ս. Սարգսյանը նաեւ շեշտեց, որ հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձեւավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը «գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»:

Այսօր «Սպուտնիկ» մամուլի կենտրոնում կայացած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ասուլիսի ժամանակ հայաստանյան տաղավարից հիշեցրեցին Սերժ Սարգսյանի հայտարարությունը եւ հարց հնչեցրեցին`ինչո՞ւ ՀԱՊԿ-ը հասցեական արձագանքներ չի անում, արձագանքում այս իրավիճակին, ՀԱՊԿ-ի լռությունն արդյոք կասկածի տակ չի դնում այդ կառույցի նշանակությունը եւ վարկանիշը:

Երեւանյան տաղավարից հնչած հարցն ակնհայտորեն դուր չեկավ ՀԱՊԿ նախագահին: Նա ասաց, որ երբ վերջին անգամ Երեւանում էր, Հայաստանի անվտանգության խորհրդին է փոխանցել այն հայտարարությունների փաթեթը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ այլ պատկան պաշտոնյաների կողմից, որոնք վերաբերվում են Կովկասում տիրող իրավիճակին: Նա ասաց, որ զարմացած է, որ հայ լրագրողները նման հարցեր են հնչեցնում, հորդորեց անպայման ծանոթանալ ՀԱՊԿ ամենամյա ամփոփիչ փաստաթղթերին, նախարարների հայտարարություններին, որոնցում անպայմանորեն անդրադարձ կա Կովկասում տիրող իրավիճակին: «Դուք կամ չեք հետաքրքրվում դրանով կամ միտումնավոր չեք խոսում այդ մասին»,- հայ լրագրողներին նախատեց Բորդյուժան:

Նա հիշեցրեց մոտ մեկ ամիս առաջ «Ռոսիա-24»-ին տված իր հարցազրույցը  որտեղ, մասնավորաբար ասված է. «Մենք մեծ տագնապով ենք հետեւում, թե այսօր ինչ է տեղի ունենում Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության գծում, շփման գծում, որտեղ արդեն կիրառվում են ծանր սպառազինություններ, տանկեր, կան մարդկային կորուստներ: Կոնֆլիկտի հետագա էսկալացիան անթույլատրելի է, «կպայթի» ամբողջ Կովկասը»:

Նիկոլայ Բորդյուժան վստահ է`ՀԱՊԿ նախագահության կողմից ամեն տարի արված հայտարարությունները բավարար են. «Արձագանքել ենք, արձագանքում ենք եւ կշարունակենք արձագանքել բոլոր այն գործողություններին, որոնք ազդում են մեր դաշնակիցների անվտանգության վրա»:

Հիշեցնենք, օրերս լրագրողները ՀՀ պաշտպանության նախարարից էլ էին հետաքրքրվել` նախագահ Սերժ Սարգսյանի հորդորից հետո, Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի ՀԱՊԿ-ից հակառակորդի կողմից սահմանային լարվածության սրման առիթով: Սեյրան Օհանյանը պատասխանել էր. «Մեր ակնկալիքն առաջին հերթին այն է, որ պահպանվեն բոլոր միջազգային նորմերը, երբ հրադադարը խախտող կողմը արժանի գնահատական ստանա: Այսինքն՝ վստահության մեխանիզմ ձևավորվի, որի կետերից մեկը միջազգային հետաքննության անցկացումն է: Մենք միշտ էլ հորդորել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներին, և այսօր նաև ՀԱՊԿ-ին ենք ասում, որ գնահատականները և քննադատությունները թիրախավորված լինեն այն կողմի նկատմամբ, որը խախտում է»:

Հայկական տաղավարից կրկին հարց հնչեց` հայկական իշխանությունները դժգոհ են ղարաբաղյան հակամարտության հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշումից, Դուք էլ ձեր բացման խոսքում անդրադարձ չկատարեցիք ԼՂՀ կոնֆլիկտին: Հնարավո՞ր է դիրքորոշման փոփոխություն: «Ես անհրաժեշտություն չեմ տեսնում ինչ-որ կերպ փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այս շատ նուրբ հարցի վերաբերյալ: ՀԱՊԿ-ը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ընդգրկված չէ: Մենք իրավիճակի մոնիտորինգ ենք անում, քանի որ այն առնչվում է մեր ամենակարեւոր դաշնակիցներից մեկին`Հայաստանին: ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունները կողմ են, որ կոնֆլիկտը կարգավորվի բացառապես քաղաքական մեթոդներով, խաղաղ ճանապարհով: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը շատ հստակ է: Բոլոր պետությունները դեմ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության աճին եւ ծանր հրետանու կիրառմանը»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը`խորհուրդ տալով. «Մնացածը` Մարքս կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29