Լրահոս
Օրվա լրահոսը

Արամից Արամ՝ 40 տարում

Փետրվար 12,2016 13:10

Տարիներ առաջ բանաստեղծուհի, մանկագիր, մանկավարժ Անահիտ Սարգիսեանի շնորհիվ ծանոթացա Իզաբել Փեշդիմալջեանի հետ: Առիթը հուզիչ ու պարտավորեցնող էր. Անահիտը Զաբելի միջոցով գումար էր ուղարկել` «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի անապահով գյուղաբնակ ընտանիքներից մեկի համար կով գնելու նպատակով: Այս նվիրատվությունը յուրահատուկ թանկ պարգև էր, քանի որ Փարիզի «Դպրոցասեր» մանկապարտեզի սաներն էին հանգանակել Մարտակերտում ապրող Շիրինյանների բազմազավակ ընտանիքի համար: Պատվիրել էին կովիկի անունն էլ «Փարիզ» դնել:

«Ինձ կրակը գցեցին»,- ժպտալով ասում է Զաբելը,- «կարծում էի` գումարը կհանձնեմ ու վերջ, կազատվեմ, բայց այդ օրվանից ոտքս կապվեց»: Իսկապես, Զաբելն ինքն էլ մի շարք կրթական, առողջապահական ու հումանիտար ծրագրերի նախաձեռնողն ու մասնակիցը դարձավ:

Wilyam_Saroyan_4

Ժամանակի ընթացքում գործնական հարաբերությունները վերածվեցին իսկական ընկերության և ընտանեկան բարեկամության: Մի օր Զաբելը նարնջակարմիր կազմով մի գիրք բերեց: Վիլյամ Սարոյանի «Իմ անունն է Արամ» (My Name Is Aram) գրքի մի հին, բայց լավ պահպանված օրինակ էր` Փեշդիմալջեան գերդաստանի անգին մասունքներից մեկը, որի տիտղոսաթերթերին ու վերջին էջին Սարոյանի ձեռագիրն էր` իր պես խոշոր, գեղեցիկ ու ազնվական: Կազմը բացելով` աջակողմյան էջն ամբողջությամբ բռնող հետևյալ ընծայագիրը կարդացի. «Տիկին Արամին, իր որդուն ու դստերը: (Արամն իմ ընկերն էր): Բարեմաղթանքներ, հաջողություն և առողջություն` մշտապես: Անկեղծորեն` Վիլյամ Սարոյան, Փարիզ, ապրիլի 22, 1976 թվական»:

Wilyam_Saroyan_2 Wilyam_Saroyan_1 Armine_Petrosyan_Saroyan

Զաբելը պատմեց այս գրքի պատմությունը. «Հայրս` Արամ Փեշդիմալջեանը, Փարիզի Լաֆայեթ փողոցի թիվ 60 հասցեում «Լes diamantaires (Ադամանդներ)» անունով ռեստորան ուներ: Սարոյանը Փարիզ այցելելիս սովորություն ուներ ճաշել մեզ մոտ: Ուտող-խմող մարդ էր, սիրում էր ճաշակել իր հին հայրենիքի կերակուրը, մտերիմ էր ծնողներիս hետ, մայրիկիս էլ տիկին Արամ էր կոչում: Հայրիկիս մահվանից հետո էլ շարունակում էր հաճախել: 1976 թ. ապրիլի 22-ին էլ, փաստորեն, ճաշել է մեր ռեստորանում և մայրիկին է նվիրել իր գիրքը: Ես չեմ հիշում մանրամասները, բայց մի բան հաստատ է` այս գիրքը դարձավ մեր ընտանիքի փայփայած մասունքներից մեկը: Ավաղ, ոչ ես, ոչ էլ եղբայրս` Րաֆֆին, զավակներ չունենք: Խորհրդակցեցինք, որոշեցինք, որ ճիշտ կլինի` գիրքը Հայաստանում լինի և պատկանի քո որդի Արամին»:

Իրեն հատուկ սակավա(խորա)խոսությամբ, պահը դրամատիկացնելուց լիցքաթափելու միտումով` «Է, ասանկ եղավ»,-գրքի պատմությունն է եզրափակում Զաբելը:

Հիմա` շուրջ կես դար անց, գիրքը դարձել է նաև մեր ընտանիքի մասունքը: Անցնելով բարության, բարեգործության, ընկերության անիմանալի ճանապարհներով` այն ժամանակ ու սահմաններ չճանաչող սարոյանական հանճարի լույսն է տարածում մեզ վրա:

Արմինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29