Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատառումներ Գյումրու «կենդանաբանական այգում» գտնվող վայրի կենդանիների անմխիթար վիճակի, նրանց փրկության և ոլորտը կարգավորող իրավական դաշտի վերաբերյալ

Փետրվար 12,2016 12:57

2016թ. հունվարի 19-ին ողջ աշխարհին հայտնի դարձավ, որ Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող «կենդանաբանական այգին» հայտնվել է անմխիթար վիճակում. ֆինանսների բացակայության պատճառով վայրի կենդանիները մատնվել էին անտերության, քաղցից ու ջրի պակասից հյուծվել էին պահվում էին անմխիթար պայմաններում: Ժամանակին այդ «կենդանաբանական այգու» վայրի կենդանիներից մի քանիսը՝ լուսաններն ու կապիկները, տեղափոխվել էին Հայաստանի այլ քաղաքների կենդանաբանական այգիներ, իսկ երկու արջերն ու երեք առյուծները դեռևս գտնվում էին Գյումրի «կենդանաբանական այգում»:

Տարածքի սեփականատեր Ստյոպա Վարդանյանը, որը 30 տարի զբաղվել է այս ոլորտով, վայրի կենդանիներին բերել էր Ռուսաստանի Դաշնությունից՝ նպատակ ունենալով Գյումրիում հիմնել կենդանաբանական այգի: Սակայն 2010 թվականից առ 2015թ. նոյեմբերը գործունեություն ծավալելով՝ Ստեփան Վարդանյանն առողջական վիճակը վատացել է և ի վիճակի չէ հոգ տանել այդ կենդանիների մասին, քանի որ դրա համար չունի նաև բավարար ֆինանսական միջոցներ, հետևաբար դիմել էր ՀՀ Կառավարությանը, ՀՀ Բնապահպանության նախարարությանը, Գյումրու քաղաքապետին, Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը, անհատ քաղաքացիներին և խնդրել փրկել այդ կենդանիներին կամ տեղափոխել Երևան՝ կենդանաբանական այգի: Բնականաբար, բոլորից ստացել էր մերժում, քանի որ այդ կենդանիներին տեղափոխելու և խնամելու համար մեծ գումարներ են պահանջվում:

«Թռչնասերների» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանս և մի խումբ բնապահպաններ, կամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 2015թ. նոյեմբերին վերը նշված վայրի կենդանիների անմխիթար վիճակի մասին տեղեկանալուց հետո անմիջապես ձեռնամուխ եղանք նրանց փրկելու գործին և Facebook սոցիալական ցանցում ստեղծեցինք «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» անվամբ էջ և այդ անունով անվանեցինք մեր քաղաքացիական նախաձեռնությունը: Սոցիալական ցանցի միջոցով կոչով դիմեցինք մարդկանց միանալ մեր նախաձեռնությանը և օգնել այդ կենդանիներին խնամելու, ինչպես նաև նրանց այլ երկիր տեղափոխելու հարցերում: Ձևավորվեց կամավորական խումբ, որում ներգրավված էին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի Շիրակի մարզի ներկայացուցիչ Արսեն Վարդանյանը, Շիրակի Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը, «Գրին Էյջ (Green Age)» ՀԿ նախագահ Գրիգոր Ջանոյանը, «Փրո Փաուս (Pro Paws)» ՀԿ նախագահ Նարե Արամյանը, նույն ՀԿ ներկայացուցիչ Կարինե Փանոսյանը, արտերկրից՝ Հայկական բնապահպանական ցանցի (Armenian Environmental Network) համակարգող Սերդա Օզբենյանը, ինչպես նաև տեղական ու միջազգային տարբեր կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:

«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» քաղաքացիական նախաձեռնության անդամների ակտիվ ու սրտացավ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք ասել, որ այդ կենդանիներն արդեն փրկված են. երկու արջերը՝ Մաշան և Միշան, ժամանակավորապես տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղից էլ պետք է տեղափոխվեն Ռումինիա՝ համապատասխան վերականգնողական կենտրոն, իսկ երեք առյուծներն արդեն տեղափոխվել են Ուրցաձոր, որտեղի էլ պետք է տեղափոխվեն արտերկիր՝ կրկին համապատասխան վերականգնողական կենտրոն: Առյուծներին արտերկիր տեղափոխելու հարցը դեռևս քննարկման փուլում է:

Գյումրու «կենդանաբանական այգու» կենդանիների անմխիթար վիճակի մասին լուսաբանել են տեղական որոշ լրատվական կայքեր և հեռուստաընկերություններ, իսկ 2016թ. հունվարի 19-ին բրիտանական Daily Mail էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է այս կենդանիների պահման պայմաններին, նշելով, որ Գյումրու կենդանաբանական այգին թերևս մոլորակի ամենավատ այգին է: Սույն հոդվածից հետո 1000-ից ավելի էլեկտրոնային նամակներ ենք ստացել, որոնցով նախաձեռնությանը աջակցություն են հայտնել նաև օտարերկրյա քաղաքացիներ և կազմակերպություններ:

Այս աղմուկից հետո, 2016թ. հունվարի 14-ին ՀՀ Բնապահպանության        նախարարն ընդունեց հրաման՝ «ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» հ. 725-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Սույն խմբում ընդգրկվել ենք նաև «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվ անդամներս: Այս աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 27.01.2016թ., որին մեր խնդրանքով հրավիրվել էր նաև «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանը, որը ներկայացրեց ոլորտին վերաբերող մասնագիտական առաջարկություններ:

 Հիմնախնդրի իրավական կողմը

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ Բնապահպանության նախարարի 14.01.2016թ. հ. 5-Ա հրամանով հստակ նշված չէ այն գլխավոր պատճառը, որը հիմք է հանդիսացել իր համար այս աշխատանքային խումբը ստեղծելու և անազատ և կիսազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը վերանայելու համար: Սույն հրամանի հիմքը պետք է լիներ Գյումրու «կենդանաբանական այգու» շուրջ առաջացած աղմուկը և քաղաքացիական նախաձեռնության կողմից բարձրացված բոլոր այն հարցերը, որոնք այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում և պետական մոտեցում ու իրավական լուծում են պահանջում: Այս ամենը արտացոլված չէ նախարարի հրամանում, սակայն աշխատանքային խմբի 1-ին հանդիպման ժամանակ բարձրացվեցին դրանք և քննարկվեցին մանրամասն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ներկայացնել գրավոր առաջարկություններ ոլորտի կարգավորման վերաբերյալ:

Մեր կարծիքով ՀՀ կառավարության 26.06.2009թ. հ. 725-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելով քաղաքացիական նախաձեռնության կողմից բարձրացված հարցերն ամբողջությամբ լուծում չեն ստանում: Այսօր ՀՀ Բնապահպանության նախարարությունը չունի Հայաստանի «կենդանաբանական այգիների» կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ գտնվող վայրի կենդանիների, նրանց քանակի ու գտնվելու վայրերի մասին տեղեկատվություն (նաև վիճակագրություն): Հետևաբար, որպեսզի նախարարությունն արագ բացահայտի անազատ և կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներին և այդ կենդանիները «շահագործող» իրավաբանական ու ֆիզիկական անձանց, ապա պետք է իրավական վերլուծություն և մշտադիտարկում իրականացնի ու նախապատրաստի ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի փաթեթ և ներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի:

Մեր կարծիքով, պետք է ընդունել առանձին Օրենք և Օրենքով թույլատրել վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահելը, բայց միայն նրանց վերարտադրության, կլիմայավարժեցման, գիտահետազոտական, ուսումնական և կենսաբանական նպատակներով, իսկ առևտրի, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի ստանալու, որսի, մշակութային, գեղագիտական և սիրողական նպատակներով պահելն ու շահագործելը պետք է արգելվի Օրենքով։

Օրենքում պետք է ներառել ոչ միայն ՀՀ Կարմիր գրքում գրանցված, այլ նաև տարբեր մակարդակներում՝ միջազգային և տարածաշրջանային Կարմիր գրքերում գրանցված բոլոր կենդանիներին:

Օրենքով պետք է սահմանել նաև առանց համապատասխան թույլտվության և Օրենքի պահանջների խախտմամբ վայրի կենդանիներին պահող անձանց պատասխանատվության ենթարկելու, նրանց կողմից տեղական տուրքեր վճարելու պարտադիր պայմանի մասին դրույթները, ինչպես նաև ՀՀ լիազոր մարմիններ հանդիսացող՝ ՀՀ Բնապահպանության նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, վերահսկողության և պատասխանատվության շրջանակը և այլ կարևոր հարցեր, որոնք կկարգավորեն և վերահսկելի կդարձնեն սույն ոլորտը:

Օրենքով պետք է ստեղծվի անազատ և կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների մասին տեղեկատվական բազա/ռեստր, որտեղ պետք է կատարվի պետական հաշվառում և նրանց տվյալները պետք է գրանցվի կենդանական աշխարհի կադաստրում, որը պետք է վարի ՀՀ Բնապահպանության նախարարությունը:

Ճիշտ կլիներ, որպեսզի անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում տարբեր մակարդակների Կարմիր գրքերում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու իրավունքը իրավաբանական և ֆիզիկական անձինք ձեռք բերեն «Լիցեզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ինչ վերաբերում է վայրի կենդանիներին այլ երկրներից Հայաստան ներմուծելու կարգի հարցին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ Մաքսային ծառայությունն էլ իր մեղքի բաժինն ունի, որի միջոցով արտերկրից Հայաստան են ներմուծվել վայրի կենդանիներ, որոնց մեծ մասն այսօր հայտնվել են Երևանի մի քանի ռեստորանային համալիրներում և որոշ պաշտոնատար անձանց (օլիգարխների) առանձնատներում, որոնք դուրս են պետական և հանրային վերահսկողությունից, իսկ վատագույն դեպքում այդ կենդանիները որոշ ժամանակ հետո արժանանում են Գյումրու «կենդանաբանական այգու» կենդանիների ճակատագրին:

Այսպիսով, Օրենքով պարտադիր նախապայմաններից պետք է լինեն՝ պետական ռեեստրում և անասնաբուժական կենտրոններում այդ վայրի կենդանիներին հաշվառելը (անձնագրավորելը), յուրաքանչյուր վայրի կենդանու պահելու պայմանների ու նրանցից յուրաքանչյուրի առողջական վիճակի վերահսկումը՝ որոշակի պարբերականությամբ, սատկած կենդանիների համար անասնագերեզմանոցի կամ դիակիզման, ինչպես նաև խեղված կամ հիվանդ կենդանիների համար վերականգնողական (ռեաբլիտացիոն) կենտրոնների առկայությունը:

Ինչ վերաբերում է գործող օրենսդրությանը, ապա այն կատարյալ չէ և ունի բազում թերություններ և հակասություններ: ՀՀ կառավարության 26.06.2009թ. հ. 725-Ն որոշմամբ սահմանվել են միայն վայրի կենդանիների անազատ և կիսազատ պայմաններում պահելու պայմաններն ու դրա համար տարածքի նվազագույն չափերը: Նույնիսկ հասկանալի չէ, թե ինչպես են որոշվել այդ չափերը, որտեղից են վերցվել դրանք, արդյո՞ք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, թե՝ ոչ կամ ինչու՞ է նշվել միայն ՀՀ Կարմիր գիրքը, գոյություն ունեն տարբեր մակարդակի Կարմիր գրքեր՝ միջազգային, տարածարջանային, որոնց մասին ընդհանրապես խոսք չկա սույն կարգում:

Ավելին, ՀՀ կառավարության 26.06.2009թ. հ. 725-Ն որոշումն ընդունվել է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի[1] հիման վրա, որը ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 02.02.2010թ. ՀՕ-5-Ն ՀՀ օրենքով: Նույն Օրենքով (02.02.2010թ. ՀՕ-5-Ն) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում լրացվել է 5-րդ մասով՝ 5) Անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանվում է օրենքով: Ինչպես տեսնում ենք 2010թ. մարտի 13-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի նշյալ ոլորտը կարգավորող առանձին Օրենք, այն պետք է ընդունված լիներ դեռևս 5 տարի առաջ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի համաձայն իրավական ակտի գործողությունը դադարում է իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում: Փաստորեն ՀՀ կառավարության 26.06.2009թ. հ. 725-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 02.02.2010թ. ՀՕ-5-Ն ՀՀ օրենքով[2]: Հետևաբար, ՀՀ Բնապահպանության նախարարի 14.01.2016թ. հ. 5-Ա հրամանում նշված այդ որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, այլ պետք է ուղղակի կատարել 02.02.2010թ. ՀՕ-5-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ անհապաղ պատրաստել համապատասխան ոլորտի վերաբերյալ Օրենք և դրանից բխող իրավական ակտերի նախագծեր և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը, այնուհետև՝ ՀՀ ազգային ժողով:

Բացի այդ, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից բացի, գոյություն ունի նաև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք[3], որի 27.1.-րդ[4] և 27.2.-րդ հոդվածները սահմանում են «Անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու և նրանց օգտագործման» կարգերը:

Նախ և առաջ` հարկ է նկատել, որ սույն հոդվածներում կա «ՀՀ կենդանիներ» ձևակերպումը, որից հասկացվում է, որ այդ կենդանիների ծագման երկիրը Հայաստանն է, իսկ այն կենդանիները, որոնք ներմուծվել են արտերկրից, Օրենքը դրանց չի վերաբերում: Ավելին, ինչպես նշել ենք արդեն, Օրենքներում «Կարմիր գիրք» սահմանումը պետք է իր մեջ ներառի բոլոր տարբեր մակարդակները՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային Կարմիր գրքերը:

Գյումրու «կենդանաբանական այգու» շուրջ առաջացած աղմուկը, ցույց տվեց, որ ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմինը՝ ՀՀ Բնապահպանության նախարարությունը չունի վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում գտնվելու վայրերի և նրանց պահելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ ու վիճակագրական տվյալներ:

Լիազոր մարմնի կողմից ժամանակին որևէ միջոցառում չի ձեռնարկվել այդ կենդանիներին, ինչպես նաև նրանց պահող իրավաբանական և ֆիզիկական անձանց ու նրանց ներկայացուցիչներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ: ՀՀ Բնապահպանության նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետում նախապես պետք է կատարեր վայրի կենդանիների պետական հաշվառում և նրանց տվյալները գրանցեր կենդանական աշխարհի կադաստրում: ՀՀ Բնապահպանության նախարարությունը Օրենքով չունի այն բոլոր լծակները, որոնցով կարող է բացահայտել և կանխել Գյումրու «կենդանաբանական այգու» ճակատագրին արժանացող դեպքերը և պատասխանատվության կանչել օրինախախտ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու նրանց ներկայացուցիչներին:

Ողջունելի կլիներ նաև, եթե պատասխանատվության կանչվեին ՀՀ բնապահպանության նախարարության այն պաշտոնատար անձինք, որոնք 2010թ. մարտի 13-ից առ այսօր ՀՀ կառավարության հաստատմանն ու ՀՀ ազգային ժողովի ընդունմանը չեն ներկայացրել համապատասխան ոլորտի վերաբերյալ Օրենքը և դրանից բխող իրավական ակտերը և սույն ոլորտը հայտնվել է բարձիթողի վիճակում:

 

Սիլվա Ադամյան

«Թռչնասերների» ՀԿ նախագահ

Սույն նկատառումները մշակվել են ստորև ներկայացված կազմակերպությունների հետ համատեղ:

  Գրիգոր Ջանոյան

«Գրին էյջ» ՀԿ նախագահ

 

Գևորգ Պետրոսյան

Շիրակի Օրհուս կենտրոնի համակարգող

Մերի Խաչատրյան

«Ա. Դ. Սախարովի անվան ՄԻՊ ՀԿ» ՀԿ իրավաբան

12.02.2016թ.

[1] Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում ՀՀ կառավարության իրավասություններն են` 4) անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգի սահմանումը:

[2] Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք 72-րդ հոդված՝ իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝ բ) իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ իրավական ակտով, գ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ, որին հակասում են այդ իրավական ակտի դրույթները, դ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ՀՀ միջազգային պայմանագիր, որի նորմերին հակասում է այդ իրավական ակտը: 2. Եթե իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի պահանջներին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ ՀՀ Ազգային ժողովի, պարտավոր է իր ընդունած իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունել իրավական ակտ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, եթե այդ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Այս դեպքում հակասող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

[3] Ընդունվել է 03.04.2000թ. ՀՕ-52, ուժի մեջ է մտել 12.05.2000թ.:

[4] 4-րդ մաս ՝ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում լիազորված մարմնի կողմից այդ անձանց կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ նախապես կատարվում է վայրի կենդանիների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառում, և տվյալները գրանցվում են կենդանական աշխարհի կադաստրում: 5-րդ մաս՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29