Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատնից` փողոց. մանկատան շրջանավարտները դեռ սպասում են բնակարանների

Փետրվար 12,2016 12:46

Փայտե վառարանի չորս բոլորն հավաքված ընտանիքի անդամները փորձում են որսալ ցուրտ սենյակում արագությամբ անհետացող ջերմությունը: Վառարանի շուրջ վազվզող փոքրերը տրամադրություն են ստեղծում ու ժամանակավոր մի կողմ նետում մեծերին փարատած մտածմունքն ու հոգսը, բազմաթիվ խնդիրներն, որոնց վերջն անտեսանելի է:

28-ամյա Մերի Շաքարյանը փոքրիկ Ալեքսին գրկում է, որպեսզի հեռու պահի տաք վառարանից: Միաժամանակ փորձում է ցույց տալ իր ձեռքի աշխատանքները, որոնց միջոցով կարողանում է մի փոքր վաստակել:

Ճերմակ բացիկները զարդարող նուրբ վարդերը Մերին գործում է ձեռքով: Ցրտից սառած մատները սահեցնելով վարդերի թերթիկների վրայով պատմում է, որ դրանից յուրաքանչյուրը վաճառում է 250 դրամով, որով էլ վճարում է «Ծիածան տան» սննդի ամսական 5000 դրամը և կոմունալ ծախսերի 30 տոկոսը:

«Երկու շաբաթ այնտեղ եմ մնում, երկու շաբաթ մերոնց հետ այստեղ՝ եթե իհարկե կարելի է սա տուն համարել: «Ծիածան տուն» գնում եմ, որպեսզի գրանցում ունենամ, ու չզրկվեմ «Փարոս» համակարգի 23 հազար դրամ նպաստից: Այդ փողն էլ հազիվ հերիքում է Ալեքսի ծախսերի համար: «Ծիածան»-ում ինձ նման շատ աղջիկներ կան՝մանկատնից, ովքեր բնակարանային հերթի մեջ են, դեռ սպասում ենք, ու չգիտենք էլ դեռ որքան ենք սպասելու»,-պատմում է Մերին:

Մերին երկու քույրերի ու եղբոր հետ մեծացել է մանկատանը, այն բանից հետո, երբ հայրը մեկնում է Ռուսաստան ու լքում ընտանիքը: Մայրը առողջական խնդիրների հետևանքով, հայտնվում է հոգեբուժարանում: Տարիներ անց ընտանիքը նորից միասին է, սակայն առանց տանիքի:

Մերիի հայացքում պայքարողի անընդմեջ համառությունն է, ձգտումն ու նպատակասլացությունը՝սեփական աշխատանքով կյանքում ապրելու համար, սակայն հուզվում է, երբ ամեն անգամ հանդիպում է պատի, որից այն կողմ պարզապես անհնար է դառնում անցնելը:

9 8 7 6-(1)

«Սոցապ նախարարությունում ինձ արդեն անգիր գիտեն: Ես 62-րդ եմ՝ հերթի մեջ: Ասում են՝ սպասիր, դեռ սպասում եմ: Շատ վիրավորական է, երբ ասում են մանկատան երեխաները ամեն ինչին պահանջատիրական են մոտենում, բայց ես չեմ պահանջում պետությունից, որ ինձ կերակրի, ես փորձում եմ ինչ որ մի բան անել ու իմ հացը վաստակել, հանուն երեխայիս ամեն ինչ էլ կանեմ, բայց որքա՞ն աշխատեմ, որ իմ ու երեխայի համար կարողանամ տուն ստեղծել,- հուզված պատմում է Մերին,-ամեն օր ահ ու դողով եմ քնիցս արթնանում, որ հեսա կգան կասես, հավաքեք իրերդ ու գնացեք էստեղից»:

Ձմռան ցուրտ օրերը Մերին որդու հետ անցկացնում է ընտանիքի հետ Մասիսի նախկին հացի գործարանի շենքում, որտեղ տարածքի սեփականատերը թույլ է տվել նրանց բնակվել մինչև գարուն: Ընտանիքն այստեղ է տեղափոխվել Մասիսի էլեկտրացանցի մոտակայքում, ամայի տարածքում գտնվող մի հին ու լքված, կիսախարխուլ շինությունից, որտեղ 20 տարի շարունակ ապրել են առանց սանհանգույցի ու ջրի:

«Հին շենք էր, ներսում նստում էինք, պատերն այնքան մաշված էին, որ դուրսը երևում էր: Կարծեմ նախկինում փայտամշակման արտադրամաս էր եղել, ուղղակի այնտեղ ավելի հեշտ էր տաքացնելը, քան այստեղ: Բայց դե պատերը արդեն մեր գլխին էին փուլ գալիս: Մի օր առավոտյան արթնացանք, որ եղբորս աղջկան դպրոց ճանապարհենք, տեսնենք խոհանոցի կողմից պատը փլվել է: Խոհանոցի ամբողջ հատվածը փուլ եկած մի քանի օր էլ այդպես ապրեցինք, մինչև հարց ու փորձ անելով գտանք էս շենքը: Հիմա այստեղ ապրում ենք 11 հոգով՝ութ չափահաս, երեք երեխա»,- պատմում է Մերին:

Մերիի մայրը՝ 52-ամյա Անահիտ Ավագյանն, ասում է, որ իրենց հետ են ապրում ամուսնալուծված տղան՝աղջկա հետ, մյուս աղջկիկը՝ամուսնու ու երեխայի հետ, հարևանուհին, ով նույնպես տեղ չունի ապրելու, և չամուսնացած աղջիկը:

«Ճիշտ է, այս շենքում հսկայական տարածքներ կան, բայց անհնար է տաքացնել: Բոլորս հավաքվում ենք այս մեկ սենյակում: Գիշերներն էլ քնում ենք հատակին, դոշակները փռում ենք կողք-կողքի ու պառկում, բայց քնելս ո՞րն է, ամբողջ գիշեր մուկ ու կռիս ենք բռնում, մեր վրայով են գնում ու գալիս»,- պատմում է Անահիտը:

5 4 3 2

Քույրերից մեկն աշխատում է Մասիսի ռեստորաններից մեկում, օրական 2000 դրամի դիմաց: Եղբայրը, եթե շինարարության գործեր են լինում, գնում է, աշխատում, բայց այս պահին անգործ է: Մայրը մի քանի ամիս աշխատել է Մասիսի նորաբաց սպանդանոցում, ամիսը մինչև 90 հազար դրամ աշխատավարձ է ստացել, սակայն հիմա սպանդանոցը չի գործում, «Փարոս» համակարգից ստանում է 17 հազար դրամ: Ամուսնացած քրոջ ամուսինն էլ շուկայում կանաչի է վաճառում:

«Մենք բոլորս էլ աշխատող ենք, հեսա հողի գործը որ բացվի, բոլորս էլ գնում ենք աշխատում, ինչ գտնենք ՝անում ենք, բայց նման աշխատանքներով տուն գնել հնարավոր չէ: Իսկ եթե վաղն էլ եկան ասացին՝ դուրս եկեք տարածքից, ուղղակի փողոցում կհայտնվենք, անգամ վարձով չենք կարող գնալ ապրել: Մասիսում ամենավատ տան վարձը 30000 դրամ է: Չգիտեմ, հենա հավեր էլ եմ պահում, որ հեչ բան չի լինում ուտելու, երեխեքին գոնե ձվով խաբում եմ»,- ասում է Անահիտը:

Մերին, պատմում է, որ 2006 թվականից սպասում է պետության կողմից հատկացվելիք իր բնակարանին: Նա Հայաստանի մանկատների այն 350 սաներից մեկն է, որոնց մինչև 2008 թվականը կացարաններ էին տրամադրվում՝ Եվրամիության ծրագրով, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, ծրագիրը դադարեցվում է: 2009 թվականին էլ Վերահսկիչ պալատը հայտնաբերեց միլիոնավոր դրամների չարաշահումներ ծրագրում, որից հետո դադարեցվեց ծրագիրը:

Անցած 8 տարիների ընթացքում պետական բյուջեից ընդամենը երկու անգամ է գումար հատկացվել մանկատան սաներին բնակարանով ապահովելու համար՝Մարալիկում և Երևանում՝Թբիլիսյան խճուղում վերակառուցված շենքում:

Մերին ասում է, որ իրեն նույնպես առաջարկել են բնակարան ստանալ Մարալիկում, ինչից ինքը հրաժարվել է, ինչպես որ հրաժարվել են մանկատան սաներից շատերը՝պատճառաբանելով աշխատանք գտնելու խնդիրը Մարալիկում:

«Նույնիսկ համաձայն էի, որ ինձ Մասիսում բնակարան տան, բայց ինձ ասում են Մարալիկ: Ես Մարալիկ գնամ ինչ անեմ: Երեխեք ունենք գնացել են, չորս պատի մեջ են, գործ չունեն, աշխատանք չունեն, բայց այդ մարդիկ պետք է ապրեն, թե՞ չէ: Մեր աղջիկներից կան, որ գալիս են « Ծիածան տուն», մնում են այնտեղ, զուգահեռ որևէ մի աշխատանք անում Երևանում»,-պատմում է Մերին:

Նա ցավով է ասում, որ մանկատանը երկար տարիներ ապրելուց հետո, հանկարծ հայտնվում են՝ փողոցում, առանց տանիքի:

«Պահում են պահում, հետո գալիս է հասնում մի տարիք, հանում են փողոց: Լավ, պետություն քեզ հետաքրքիր չէ՞, այդ երեխաները ի՞նչ եղան, նրանց ճակատագրերը: Հիմա ես եմ ու էս հիմնարկությունը ասենք թե չկար, տեղ չկար, ես որտե՞ղ պետք է գնայի ապրեի: Լավ, հիմա մարդ եմ՝ կյանքս չի դասավորվել, բաժանվել եմ՝ երեխան հետս է, ես ու՞ր գնամ: Ես ի՞նչ մեղք ունեմ, դու էլ, պետություն ջան, խոսք ես տալիս, 2006 թվից ասում ես՝ սպասիր, մի տարի սպասիր, տասը տարի սպասիր ու չկա….հերթի մեջ շատ են»,- հուզված ասում է Մերին:

Նա կրծքին է սեղմում որդու շիկահեր գլուխը ու առաջարկում ցույց տալ խոհանոցն ու սանհագույցը, որոնք անտանելի պայմաններում են՝ խարխլված պատեր, քայքայված խոնավությունից ու ցրտից:

Արդեն բակում, փոքրիկ Ալեքսը վազում է հավերի հետևից: Մերին դարձյալ գրկում է որդուն, ամուր սեղմում կրծքին, փորձելով մեղմացնել հոգում կուտակված ցավն ու անորոշությունը: Նրա , գեղեցիկ աչքերը փայլում են արցունքներից, սակայն իրեն ամուր պահելով ասում է.

«Անկեղծ ասած պետությունից հույսս կտրել եմ ու մտածում եմ գոնե բարերարների օգնությամբ կարողանամ մի բան փոխել կյանքումս, Նամակ եմ գրել անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենին՝ Ռալֆ Յիրիկյանին, բայց անպատասխան դեռ»։

Իսկ առայժմ Մերին շարունակում է ապրել Մասիսի Երկաթուղայինների փողոցում գտնվող, նախկին հացի գործարանի շենքում, մտքում ունենալով ընդամենը մեկ երազանք՝ սեփական տանիք ունենալ:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:           

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

  Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29