Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքական ապրանքների հեղեղը Հայաստան անցյալ տարի նվազել է. «Ազգ»

Փետրվար 12,2016 12:39

Ռուսաստանի հնարավորությունները չունենք, իսկ արժանապատվությո՞ւն…

Թուրքական ապրանքներով Հայաստանի առեւտրային օբյեկտների եւ հատկապես տոնավաճառների հեղեղվածության մասին հաճախակի ենք խոսել: Միանշանակ է, որ իրերի նման կացությունը վտանգավոր է մեր տնտեսության եւ երկրի համար ընդհանրապես: Ցավալին այն է, որ այդ կացության միակ մեղավորը մենք ենք եւ դրսում մեղավորներ փնտրելու ու պատասխանատվությունից խուսափելու ոչ մի փաստարկ գոյություն չունի: Ոչ մի երկիր, միություն, միջազգային կազմակերպություն մեզ չի պարտադրում թուրքական ապրանքներ գնել կամ հանգիստն անցկացնել թուրքական հանգստավայրերում: Անտարբերությունը, այս հարցին կարեւորություն չտալը, գումարած ազգային արժանապատվության, պատմական հիշողության բացակայությունը, մեր անվտանգության նկատմամբ թշնամի երկրից բխող իրական սպառնալիքին լուրջ չվերաբերվելըՙ սրանք են այն գործոնները, որոնք հնարավոր են դարձրել թուրքական ապրանքների կողմից Հայաստանի խաղաղ զավթումը:

Այսպես կոչված «լիբերալների» առարկությունները եւ հղումը ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանության վրա, այս դեպքում ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն: Բոլորին էլ հայտնի է, որ Թուրքիան կամայականորեն արգելում է հայկական արտադրության ապրանքների մուտքը իր երկիրՙ սահմանելով 1000 տոկոս մաքսատուրքեր դրանց վրա: Ավելին, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդակացելիս, Թուրքիան համաձայնություն է տվել միայն այդ պայմանովՙ հայկական ապրանքների ներմուծումն իր երկիր արգելելու է: Շուկայական տնտեսության մասին խոսող «փորձագետները» սովորաբար այս մասին «մոռանում են»: Նրանց խնդիրն այլ էՙ ամեն ինչ անել հայ-թուրքական «հաշտեցման» ամերիկյան նախաձեռնությանը կյանքի կոչելու համար, կարեւոր չէ, թե Հայաստանի ազգային-պետական շահը կոտնահարվի, թե՞ ոչ: Ինչեւէ:

Ինչպե՞ս է փոխվել Հայաստան-Թուրքիա շրջանառությունը անցյալ տարիՙ 2015-ին: Մեր տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս են ազդել երկու երկրների առեւտրի, ավելի ճիշտՙ միակողմանի առեւտրիՙ Հայաստան թուրքական ներմուծման վրա: Հարցերի պատասխանները կարելի է գտնել ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տարեկան տվյալների մեջ :

2015-ին Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը 138,5 մլն դոլար է կազմել: Դա Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի 2,9 տոկոսն է: 2014-ին Թուրքիայի հետ մեր առեւտրաշրջանառությունը 233,7 մլն դոլար էր, ինչն ընդհանուր արտաքին առեւտրի 3,9 տոկոսն էր: Այսինքն, ընդհանուր արտաքին առեւտրի մեջ Թուրքիայի բաժինը նվազել է 1 տոկոսային կետով:

Հայաստանից Թուրքիա արտահանումը գրեթե չի փոխվել եւ խորհրդանշանական ծավալներ ունի: 2015-ին արտահանել ենք 1,497 մլն դոլարի, 2014-ինՙ 1,494 մլն դոլարի արտադրանքՙ հիմնականում չմշակված կաշի: Աճը կազմել է 0,2 տոկոս: Դեպի Թուրքիա մեր արտահանումը թե 2014-ին, թե 2015-ին չի փոխվել, կազմելով արտահանման ընդհանուր ծավալների ընդամենը 0,1 տոկոսը :

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա պետք է նշել, որ անցյալ տարի Թուրքիայից Հայաստան ներմուծման զգալի նվազում է արձանագրվել: 2015-ին Հայաստան են ներմուծվել 137 մլն դոլարի թուրքական ապրանքներ, այն դեպքում, երբ 2014-ին ներմուծվել էր 232 մլն դոլարի ապրանք: Փաստորեն, 2015-ին շուրջ 95 մլն դոլարով կամ 41 տոկոսով նվազել են թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Ներմուծման ծավալներում Թուրքիայի բաժինը նվազել է` 2015-ին կազմելով ընդհանուրի 4,2 տոկոսը: 2014-ին այդ բաժինը ընդհանուր ներմուծման 5,2 տոկոսն էր:

 

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29