Հարցազրույց ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի հետ
– Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքը նոր արտահայտություն է ստացելՙ նկատի ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Ձեր հայտարարությունն ու ցանկությունը: Ձեր տվյալ որոշումը որքանո՞վ է ուղեկցվել հետագա քայլերով, քաղաքական ո՞ր ուժերի եւ կուսակցությունների հետ կկարողանայիք համագործակցել:
– Իրոք, 2015 թ. աշնանը ես ցանկություն հայտնեցի մասնակցել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հաշվի առնելով իմ ՀՀ քաղաքացիությունը եւ որ գլխավորն էՙ մտահոգությունը Հայրենիքիս ճակատագրով:
Դժվար է հարուստ հայ լինելը գիտակցելով հեռու մնալ Հայաստանի ցավոտ խնդիրներից:
Կարդացեք նաև
Խոշոր գործարարության եւ հասարակական-քաղաքական գործունեության մեջ որոշակի արդյունքների հասնելով, ձեռնարկչական եւ միջազգային աշխատանքի համապատասխան փորձ, ազդեցիկ կապեր եւ հնարավորություններ ձեռք բերելով՝ ես մնում եմ համոզված, որ կկարողանամ Հայրենիքիս օգտակար լինել որպես քաղաքական գործիչ:
Սակայն նախքան վերջնական որոշման ընդունումը ես ուշադրությամբ ուսումնասիրում եմ Հայաստանի ներկա իրավիճակը, հասարակության մեջ քաղաքական ուժերի դասավորությունը եւ իմ հնարավորությունները, վերջին շրջանի իմ այն նախաձեռնությունների արդյունավետությունը, որոնք կապված են «Ազգային միասնություն» հասարակական շարժման կազմկոմիտեի ստեղծման եւ Հայաստանի շրջաններում դրա տարածաշրջանային բաժանմունքների բացման, տնտեսական եւ տեղեկատվական բնույթի եվրասիական նախագծերի, Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս երկրների հետ արտաքին տնտեսական գործընկերության ծավալների եւ ուղղությունների կոնկրետացման հետ: Տվյալ աշխատանքի արդյունքների հիման վրա 2016 թվականին մենք կընդունենք վերջնական որոշում:
Ո՞ր քաղաքական ուժի հետ եմ հույսեր կապում: Ինձ համար գլխավոր քաղաքական ուժը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիները: Եթե իմ նախընտրական ծրագիրը լինի նրանց սրտամոտ ու հասկանալի, ապա, վստահ եմ, որ հաջողության կհասնեմ:
2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխությունների արդյունքում նոր ընտրական օրենսդրությունը կբացառի առաջադրման եւ ընտրությունների մեծամասնական համակարգը: Մնում է միայն կուսակցական ցուցակը: Կուսակցական շինարարության եւ (կամ) համագործակցության առնչությամբ դեռ վաղ է ինչ-որ բան հաստատ ասելու համար: Նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ առավել նպատակահարմար լուծում: Պահպանվում է քաղաքական դաշինքի հնարավորությունը գործող որոշ կուսակցությունների հետ, որոնց մոտեցումները համահունչ կլինեն մեր գաղափարներին:
Ես պատրաստ եմ համագործակցել հայ հասարակության բոլոր առողջ ուժերի հետ, Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական բոլոր այն կառույցների հետ, որոնք մտահոգ են Հայրենիքի վիճակով եւ մտադիր են իրենց ավանդը ներդնել դրա բարելավման մեջ:
Խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում: Մենք հաճախ ենք խոսում տնտեսության ոլորտում դրանց արդիականացման մասին, բայց առանց քաղաքական համագործակցության դժվար է հաջողություն ակնկալել տնտեսական եւ այլ ոլորտներում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում