Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիզախ կին, որը պաշտպանում է մարդու իրավունքները՝ ցանկացած տեղ». Մարուքյանը՝ Փոստանջյանին

Փետրվար 12,2016 11:44

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն է քննարկվում:

Էդմոն Մարուքյանի եւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը նիստին եկավ մի փոքր ուշացած:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց՝ պարոն Մարուքյան, հո չե՞ք փոշմանել:

Ավելի ուշ եկավ Զարուհի Փոստանջյանը, եւ ընդունված կարգի համաձայն՝ նախ ներկայացրեցին թեկնածուներին:

Zaruhi_Postanjyan-2 IMG_4621 IMG_4620 IMG_4622 Zaruhi_Postanjyan-3

Էդմոն Մարուքյանը Զարուհի Փոստանջյանի կենսագրությունը կարդալուց հետո հիշեցրեց, որ նա Մատաղիսի գործով ցմահ ազատազրկվածների ազատմանն է հասել. «Իմ հիշողության մեջ նա տպավորված է որպես խիզախ կին, որը պաշտպանում է մարդու իրավունքները՝ ցանկացած տեղ»:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հարցրեց. «Տիկին Փոստանջյանի անձը կապ չունի, կապ ունի իր կարգավիճակը՝ որպես պատգամավոր եւ խմբակցության ղեկավար: Ըստ ձեզ ի՞նչն է խանգարում որեւէ պատգամավորի կատարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը: Ի՞նչ հիմա չունի տիկին Փոստանջյանը, որ ունենալու է՝ ընտրվելով Մարդու իրավունքների պաշտպան»

Էդմոն Մարուքյանը զարմացած էր հարցից. «ԱԺ պատգամավորի սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները խստորեն տարբերվում են ՄԻՊ առաքելությունից: Որեւէ պատգամավոր չի կարող որեւէ քաղաքացու գործ ընդունել վարույթ, որոշում կայացնել, տեղական ինքնակառավարման մարմնին առաջարկել վերականգնել մարդու ոտնահարված իրավունքները: Սա չի կարող անել պատգամավորը: Տարբերությունն ակնհայտ է: ՄԻՊ-ը որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, քաղաքական մոտեցում չի ունենում: Պատգամավորը վտանգի տակ է, որ իր բարձրացրած հարցը կարող քաղաքականացվել: Պատգամավորին կասեն՝ դու այս հարցը բարձրացնում ես, որովհետեւ իշխանափոխություն ես ուզում»:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ եթե դուք ձեր ձայնը տաք տիկին Փոստանջյանին, նա ավելի արդյունավետ կպաշտպանի ՀՀ-ում մարդու իրավունքները, կլինի ավելի անկաշկանդ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հարցրեց, թե ինչո՞ւ միասնական թեկնածուով հանդես գալու իր առաջարկը չի ընդունվել: Էդմոն Մարուքյանն էլ պարզաբանեց, որ «դուք ուզում էիք ես ձայն տայի ձեր թեկնածուին, դուք՝ իմ թեկնածուին: Իմ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր, ես չի պատկերացնում ուրիշին ձայն տալը: Հետևաբար` այդպիսի համագործակցություն ես չէի պատկերացնում»:

Էդմոն Մարուքյանն առաջարկեց, որ Ուրիխանյանի թեկնածուն ինքնաբացարկ հայտնի եւ Ուրիխանյանը պաշտպանի Զարուհի Փոստանջյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29