ՀՀ կառավարության կազմում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ունի երկու տարվա պատմություն: Նախկինում երկու նախարարությունները իբրև միավորված նոր նախարարություն ձևավորելու անհրաժեշտությունը առաջացավ ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելուց հետո…:
Հայաստանը շատ առումներով գտնվում է արտակարգ իրավիճակներում՝ սեյսմիկ գոտի, բնակլիմայական կտրուկ անցումներ, տարածքային կառավարման բարդույթներ և շատ ու շատ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմնահարցեր: Եվ վերջապես կոալիցիա կազմելը և դուրս գալը ևս արտակարգ իրավիճակ է՝ բնականաբար պահանջվում է ոչ դասական և նույնիսկ ոչ տրամաբանական մոտեցումներ: Այստեղ տրամաբանական լուծումներ հաճախ պետք չէ փնտրել:
Հավանաբար երկու տարի առաջ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումը հիմնավորվեց իբրև անհրաժեշտություն և ներկայացվեց իբրև պետական մտածողության դրսևորում:
Այսօր նույն պետական այրերը քրտնաջան ձևով հիմնավորում են միավորված նախարարության բաժանման անհրաժեշտությունը և դարձյալ ներկայացնում իբրև «պետական մտածողության հերթական դրսևորում»:
Կարդացեք նաև
Մնում է հարցնել՝ որքա՞ն աննպատակ միջոցներ ծախսվեցին երկու նախարարությունների միավորման ժամանակ և որքա՞ն է ծախսվելու նրանց ամուսնալուծության ժամանակ: Ապահարզանը գին ունի:
Արդեն որերորդ անգամ ապացուցվում է, որ նախարարությունները միավորվում են մեկից պրծնելու համար և բաժանվում են ի շահ մեկի պետական կառավարման դաշտ հերթական անգամ բերելու համար:
Օրվա իշխանությունը իրապես պետական մտածողություն ունեցող այրերից տարբերվում է իր գործելակերպով՝ օրը բացվի բարին հետը դրսևորումներով:
Հետո ասում են բյուջեն դեֆիցիտ ունի…
Բա ձեզ բյուջե կդիմանա՞:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար