Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ու ծանր պարտականություն Շիրակի թեմի առաջնորդի ուսերին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 12,2016 11:07

Երեկ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնած «Գյումրին առանց տնակների» ծրագրի նախնական նիստը, որի ժամանակ էլ միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հիշեցնենք՝ այս ծրագիրը Գյումրու քաղաքապետը նախաձեռնել է այն պատճառով, որ օգնի անօթեւան ընտանիքներին տնակներից ազատվելու, միջոցներ հայթայթի ու պայքարի անօթեւանության դեմ, քանի որ պետությունն այլեւս իր պարտականությունները կատարած, ավարտած է համարում գյումրեցիների նկատմամբ:

Ըստ քաղաքապետի, Գյումրիում կան 1014 ընտանիքներ, որոնք անօթեւանության կարգավիճակ են ունեցել, սակայն դուրս են մնացել շահառուների ցուցակի: Բացի դրանից, Գյումրիում կան 3520 տնակներ:

Բավական հետաքրքիր է հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված մարդկանց կազմը. նրանք թվով 21 են. կան լրատվամիջոցների ղեկավարներ. «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը, «Շիրակ» հանրային ռադիոհեռուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանը, «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, քաղաքացիական ակտիվիստներ Կարեն Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկարամ Դրմեյանը, Արսեն Վարդանյանը, մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Արման Սահակյանը, քանդակագործներ Արթուր Գեւորգյանն ու Արթուր Պապոյանը, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը, «Շիրակ կենտրոն»-ի ղեկավար Վահան Թումասյանը, Շիրակի մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ եւ այլք:

IMG_2198 IMG_2192 IMG_2190 IMG_2189 IMG_2188

Գյումրու քաղաքապետն առաջարկեց որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ քվեարկության դնել Միքայել Սրբազանի թեկնածությունը. հարցին ՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ, անդամներն ասացին՝ կողմ ենք, եթե Սրբազանն այդքան ժամանակ ունի:

Միքայել Աջապահյանը իր հերթին բացատրեց հոգաբարձու բառի իմաստը՝ նշելով, որ այն նշանակում է հոգս վերցնել, հոգս բարձել, հետեւաբար հոգսի տակ մտնելու ժամանակ միշտ ունի, իհարկե եթե «գործ անեն ու ջուր չծեծեն»:

Միքայել Աջապահյանը նշեց, որ չի թույլ տալու, որ այս ծրագիրը ձեւական լինի, ըստ նրա, առաջին ներդրում կատարողները պետք է լինեն հենց հավաքվածները:

Սրբազանը նշեց նաեւ, որ անցած տարիները ամոթի ու խայտառակության տարիներ են եղել գյումրեցիների համար, իսկ թե ո՞վ է մեղավոր այդ վիճակի համար, ո՞վ թերացավ, հետագայում պատմաբանները կվերլուծեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29