Փետրվարի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խաղասեղանին սերն է» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը նկարահանել է ռուսական «Небо» կինոընկերությունը՝ «Централ Партнершип» և «Yellow, Black and White» ընկերությունների աջակցությամբ: «Խաղասեղանին սերն է» ֆիլմի հիմքում ընկած է «Poker.am» կինոկատակերգության սյուժեն, որի կինոֆրանշիզան «Շարմ Հոլդինգ»-ից ձեռք է բերել «Yellow, Black and White» ընկերությունը: Ֆիլմում օգտագործված է նաև «Poker.am»-ի սաունդթրեկը:
«Խաղասեղանին սերն է» ռոմանտիկ կինոկատակերգությունը 2 ընկերների մասին է: Տղաներից մեկը՝ Կոնստանտինը, շատ լավ պոկեր է խաղում և ծրագրել է մասնակցել պոկերի միջազգային մրցաշարին, իսկ մյուսը՝ Դավիթը (Հովհաննես Ազոյան), պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել սիրած աղջկան՝ Աննային: Բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և գլխավոր հերոսները հայտնվում են որքան զավեշտալի, այնքան էլ՝ վտանգավոր իրավիճակներում: Նրանք ստիպված են լինում փոխվել տեղերով, արդյունքում՝ Կոնստանտինը պետք է փրկի Դավթի հարսանիքը, իսկ Դավիթը՝ ուժերը փորձի պրոֆեսիոնալ պոկերում:
Նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում (Լաս Վեգաս, Լոս Անջելես):
Կարդացեք նաև
Ֆիլմի ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է: Դերերում են Հովհաննես Ազոյանը, Անդրեյ Բուրկովսկին, Ալեքսանդր Ռևան, Եկատերինա Շպիցան, Ալլա Միխեևան և ուրիշներ:
Պրեմիերային ներկա չէին ֆիլմի ռեժիսորն ու դերասանական կազմը: Ներկա էր միայն Հովհաննես Ազոյանը:
Գլխավոր դերում հանդես եկող Հովհաննես Ազոյանը նշեց, որ ֆիլմի ռեժիսորը ցանկացել է, որ ինքը նույն դերը խաղա՝ ինչ «Poker.am» ում. «Անկեղծ ասած երկրորդ անգամ նույն դերը խաղալն անհետաքրքիր էր և դժվար, քանի որ չես կարող երկրորդ անգամ նույնչափ անկեղծ լինել, ինչ առաջին անգամ: Ֆիլմում իմ ձայնով չեմ խաղում, ասացին, որ այդպես ավելի լավ է: Սակայն կարծում եմ՝ իմ իրական ձայնով խաղալն ավելի հետաքրքիր կլիներ»:
Դերասանն ավելացրեց, որ սա շատ լավ առաջընթաց է հայկական կինոարտադրությունում, երբ հայ դերասանը խաղում է ռուսական ֆիլմում. «Մոտ երկու ամիս ապրելով և նկարահանվելով ռուս դերասանների հետ՝ մեծ հաճույք եմ ստացել: Շատ բան եմ սովորել իրենցից՝ հատկապես Ռևայից»:
Դերասանը նշեց որ ֆիլմից հետո մի քանի առաջարկներ է ստացել ռուսական կինոշուկայից, սակայն դեռ հստակ պատասխան չի տվել:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ