Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխության» դասերը

Փետրվար 12,2016 10:00

Մեկ տարի առաջ պետք է տեղի ունենար բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Թե ինչ արեցին իշխանությունները, որ այն տեղի չունենա, բոլորը գիտեն: Բայց իշխանության «միջոցառումները» միանգամայն սպասելի էին, եւ դրանք չափազանց հեշտ էր հաշվարկել: Կարծես թե, հնարավոր էր կանխատեսել, թե ինչ մեթոդներով է իշխանությունը պաշտպանվելու հեղափոխությունից՝ առանձնապես շատ բան, պետք է ասել, չպահանջվեց: Թե ինչի վրա էին հույս դնում «բուրժուական դեմոկրատները»՝ դժվար է ասել: Սակայն այդ ամենը մանր, «մարտավարական» խնդիրներ են՝ դրանք շատ արագ են մոռացվում: Եվ կարեւոր չէ նույնիսկ, որ նրանք, ովքեր մի տարի առաջ «մեծ-մեծ փրթում էին», հիմա չեն ասում՝ կներեք, սխալվեցինք:

Կա ավելի սկզբունքային պահ, որն այսօր անհնարին է դարձնում նման հեղափոխությունը: Դա նախեւառաջ բուրժուազիայի եւ երկրորդ՝ դեմոկրատների բացակայությունն է: Բուրժուազիայի փոխարեն մենք ունենք անհավասար մրցակցային պայքարում հարստացած մարդկանց, ինչպես նաեւ բարձրաստիճան չինովնիկների, որոնք օգտագործել են իրենց լծակները՝ միլիոնատեր դառնալու համար: Նրանք չունեն տնտեսական շահ՝ «լրջորեն» հեղափոխություն անելու՝ կարող են, իհարկե, փնթփնթալ, որ իրենց բավականաչափ արտոնություններ չեն տալիս: Բայց այդ խնդիրները լուծվող են՝ ապարատային եւ ոչ հեղափոխական ճանապարհով:

Մեզանում չկան նաեւ ժողովրդավարներ՝ որպես կազմակերպված քաղաքական ուժ: Կան նման հայացքներ ունեցող քաղաքացիներ (իմ կարծիքով՝ փոքրաթիվ): Բայց այդ քաղաքացիները չեն կարողացել ստեղծել համակարգեր, որտեղ իշխում են ժողովրդավարական կանոնները: Նրանք, ովքեր իբր պայքարում են ժողովրդավարության համար, իրականում ամբողջությամբ տեղավորվում են այսօրվա ավտորիտար համակարգի շրջանակներում: Եթե մարդիկ իրենց գործելաոճն են դարձրել հիվանդագին, պարանոյիկ կասկածամտությունը, եթե նրանք ամեն մի թփի տակ դավադրություններ են տեսնում, այդ մարդիկ դժվար թե կարողանան ստեղծել նախ՝ ժողովրդավարական կուսակցություն, իսկ հետո, իշխանության գալու դեպքում, այն տարածել ամբողջ պետական համակարգի վրա:
Հետեւաբար, որեւէ բան պետական մասշտաբով նախաձեռնելուց առաջ, դա պետք է փորձարկել որպես մոդել նեղ քաղաքական շրջապատում: Եթե տեսնում եք, որ ստացվում է, կարող եք փորձել տարածել հասարակության մեջ: Մարդիկ եթե զգան, որ մոդելը գործում է, իրենք կհամալրեն այդ կուսակցության կամ այդ շարժման շարքերը: Միայն այդ դեպքում է հնարավոր հեղափոխություն՝ եթե նպատակն իսկապես ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն անցնելն է:

Իսկ եթե նպատակը նույն համակարգում լծակներից օգտվելն էր, ապա Դաշնակցության տարբերակն ամենատրամաբանականն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծում եմ, միայն ներքեւից կառավարության վրա ազդելն անիմաստ է, որովհետեւ նրանք ենթարկվում են ոչ թե ժողովրդին, այլ ինչ որ վերպետական կառույցներին կամ էլ տարածաշրջանային հեղինակություն վայելող այլ երկրի կառավարությանը: Մենք հայերս ժամանակն է մտածենք ստեղծել վերպետական հայկական կառույց՝ սեփական կառավարությամբ ու ներգրավենք ողջ հայությանը հայացանցի մեջ: Հակառակ դեպքում էլի վտանգում ենք մեր ազգի ու ժողովրդի ապագան:
    Կառաջարկեի պարզ տարբերակ՝ ամեն հայ պետք է դիտվի երեք՝ ուժային, հոգեւոր եւ նյութական չափանիշներով, համապատասխան էլ հայացանցի կառավարությունը պետք է ունենա երեք՝ ուժային, հոգեւոր եւ նյութական նախարարություններ եւ ամեն հայ այդ երեք չափանիշներով իր ներդրումը պետք է ունենա հայացանցի կառավարության աշխատանքում՝ այսինքն ծառայի բանակում՝ ուժային չափանիշն ավելացնելու համար, սեփական գործ ստեղծի ու զարգացնի ու հարկ վճարի նյութական նախարարության համար ու մշակութային արժեքներ ստեղծի հոգեւորի համար ու հնարավորությունների տասը տոկոսը վճարի այդ կառավարությանը: Այստեղ կարեվորը՝ վաշխառուների թակարդը չընկնել, ամեն մեկի ձեռքից արժեք չի կարելի ընդունել, միայն հայացանցի հայից կարելի է:

  2. Գալուստ Ենոքյան says:

    «Մեզանում չկան նաեւ ժողովրդավարներ՝ որպես կազմակերպված քաղաքական ուժ:»

    Հարգելի Արամ , որտեղից պիտի լիներ…այն որ ժողովուրդը, ութսունականի վերջերին Ազատության հրապարակում ցույցերի էր դուրս եկել դա դեռ ժողովրդավարության միտում չուներ…
    70 տարի մարդկանց ապրելու «մոդելը» «հացի գրքույկ» ստանալն էր ու թալանին մասնակցելը: Հայ մարդը, որ աշխարհի բոլոր ծայրերում դարերով համարել էր որ ազնիվ աշխատանքով ու գիտելիքով է միայն հնարավոր «տուն պահելը» րդ յոթանասուն տարիների ընթացքում իր արժեքները փոխել էր, ու ահա եկավ մեծն Առաջին նախագահը իր «բուրժուկան հեղափոխության» գաղափարով ու ստեղծեց նոր «հացի գրքույկի» կուսակցություն, էս անգամ ով որ ուզում էր առանց ԱՇԽԱՏԱՆՔԻ ու ԳԻՏԵԼԻՔԻ…իհարկե ցանկացողները չուշացան…վազգենները… հետո ղարաբաղյան կոմսոմոլները, որոնց երազնքն էր իրականանալու, առանց աշխատանքի…ու հիմա ունենք էդ բուրժուական հեղափոխությունը…առաջին հերթին պարոն առաջին նախագահը պիտի մտածեր այդ «հացի գրքույկի» «ժառանգությունից» ազատվել, որի համար ժողովուրդը Ազատության հրապարակ էր ելել, առանց դրա ցավոք ոչինչ չի փոխվի մեր երկրում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29