«Ես կարծում եմ, որ Բագրատյանն ընդամենն ասել է, որ այս վիճակը պետք է շտկվի. իշխանությունն արդեն բավականին շուտ պատրաստվում է ընտրություններին, եւ, ցավալիորեն, ընդդիմությունը հապաղում է: Առաջիկայում սպասվող գործընթացները առաջնայնություն են ստեղծում ընդդիմությանը նաեւ շտապելու»,- անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ կոալիցիա ստեղծելու մտադրությանը՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց՝ կոնսոլիդացիայի հնարավորությունը կախված է նրանից, թե ով կլինի նախաձեռնողը՝ ավելացնելով, որ ի տարբերություն ազգայնական, ձախական ուժերին՝ ազատական ուժերը ավելի դժվարությամբ են համախմբվում, հատկապես Խորհրդային Միության երկրներում:
«Ճիշտն ասած՝ ամենեւին ոչինչ չունենալով Հրանտ Բագրատյանի դեմ, բայց 2013-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ինքը կոնսոլիդացիայի մեծ պոտենցիալ չունի: Ես կուզեմ, հաջողություն եմ մաղթում բոլորին, բայց համենայնդեպս, նկատում եմ նրա 2013-ի փորձը, որը նույնպես կոնսոլիդացիայի օրինակ էր եւ այդքան էլ հուսադրող չէր»:
«Առավոտ» օրաթերթ
10.02.2016