Դրանց արդյունքում եկել են համոզման` «գործարարներին պետք է խրախուսել»
«Մի քանի ընկերներիցս տեղեկություն ունեմ. սկզբում զարմացան հաճելիորեն, հետո ողջունեցին: Գործարարներին մնում է շահագրգռվածություն դրսեւորել եւ հստակ քայլերի դիմել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը` արձագանքելով հարցին` վերջերս ստեղծված Արտահանման խթանման եւ աջակցման խորհրդին կհաջողվի՞ թեթեւացնել արտադրողի հոգսը: Մեր զրուցակիցն ասում է, որ այս խորհրդի գործունեության արդյունքների մասին կարելի է խոսել մայիս-հունիս ամիսներին: Գնահատական տալով կառավարության այս քայլին, հատկապես ռուբլու արժեզրկման ֆոնին՝ Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահն ասաց. «Անկեղծ ասած, ի սկզբանե, երբ արտաքին շուկա դուրս գալու սուբսիդավորման հարցը բարձրացվեց, քննարկվում էր միայն ՌԴ շուկա արտահանման ծավալների խթանման ծրագիրը՝ հաշվի առնելով թեկուզ հենց այն, որ մեր արտահանվող ապրանքի 85 տոկոսը գնում է ԱՊՀ տարածք: Բայց ես ուրախ եմ, որ, ի վերջո, քննարկումների արդյունքում եկանք այն համոզման, որ գործարարին պետք է խրախուսել՝ դուրս գալ թե՛ հեռավոր Արեւելք, թե՛ Եվրոպա եւ թե՛ Միացյալ Նահանգներ»:
Գործարարները մի քանի անգամ հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Արսեն Ղազարյանը այդ հանդիպումներին եւս ներկա է եղել: Հանդիպումների նախաձեռնությունը եղել է ե՛ւ կառավարությանը, ե՛ւ գործարարներինը: Վերջին շրջանում նմանատիպ աշխատանքային հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել. պատճառը ՌԴ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակն է, նպատակը` լուծումներ գտնելը: «Հայաստանը ԵՏՄ մտնելուց հետո չկարողացավ քաղել նախատեսած դիվիդենդները: Ակնկալիքները ձախողվեցին գրեթե 50 տոկոսով, քանի որ նույն այդ շրջանում շուկան ընկավ լուրջ կոլապսի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը` պարզաբանելով, որ այդ ամենի պատճառը ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներն են, նավթի գների սրընթաց անկումը, եւ այդ ամենի հետեւանքով ռուսական շուկայում գնողունակության անկումը: Անցած տնտեսական տարին ընդհանրապես Արսեն Ղազարյանը բնութագրում է «բավականին ծանր», ՀՆԱ-ի աճի տոկոսները` «համեստ»: Նա նկատում է, որ որոշ ապրանքատեսակներ, որոնց արտահանման մասով 2010-2014 թվականներին գրանցվել էին բարձր ցուցանիշներ, 2015-ին արձանագրել են 38-42% անկում: Խոսքը ձուկ-ձկնամթերքի, միս-մսամթերքի, պահածոների, հյութերի, գինիների եւ մրգային օղիների մասին է:
«ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, մենք՝ ԵՏՄ անդամ պետություն, կարծում եմ` կլինի փոփոխություն: Ներկայումս էներգակիրների համաշխարհային գները կտրուկ անկում են ապրում»,- ասաց մեր զրուցակիցը` անդրադառնալով Հայաստանում էներգակիրների, մասնավորաբար՝ գազի բավական բարձր գնին, ինչը գործարարներին շատ է հուզում: Հայ գործարարները բազմիցս նշել են, որ գազի սակագնի բարձրացումը ազդում է մրցակցության վրա, քանի որ արտադրական ծախսերի մեջ զգալի մաս է կազմում: Հիշեցնենք. գործարարները իրենց մտահոգությունը հայտնել են վարչապետին` խնդրելով, որպեսզի ՀՀ իշխանությունները սակագնի նվազեցման հարցով դիմեն ՌԴ-ին: Վարչապետն էլ ընդառաջ էր գնացել գործարարներին. ՀՀ կառավարությունը դիմել է «Գազպրոմին»` գազի սակագինը վերանայելու համար: Ռուսական կողմի պատասխանին դեռ սպասում ենք: Ըստ որոշ վերլուծաբանների՝ այն հունիս-հուլիսից շուտ չի լինի:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացմանը, ինչը, ենթադրաբար, նոր հեռանկարներ եւ հնարավորություններ է բացում Հայաստանի համար, մեր զրուցակիցն ասաց. «Իրանը դառնալու է առողջ տնտեսական մարմին: Բոլոր երկրների տնտեսական հարաբերություններում իրավիճակը բարդ է: Այսօր եվրոպական շուկան դեռեւս տնտեսական աճի լուրջ քայլեր ցույց չի տալիս, աշխարհը 2009-2010թթ. կոլապսից հետո դեռեւս չի վերականգնվել: Այս բարդ պայմաններում մենք երկու նորմալ հարեւան ունենք՝ Վրաստանը եւ Իրանը: Վրաստանը մեր տնտեսական իրավիճակով մեզ կրկնող երկիր է, ոչնչով լրացնող չի: Իրանը խոշոր երկիր է, որից մենք չէինք կարողանում օգտվել իսլամական օրենքների եւ սանկցիաների պատճառով: Ամեն դեպքում, Հայաստանն այսօր երկու դեմք ունի. մենք լավ իրավական ռեժիմ ունենք ե՛ւ ԵՏՄ-ի հետ, ե՛ւ Արեւմուտքի հետ, ինչը շատերը չունեն: Որքան էլ սանկցիաները հանվեն Իրանի վրայից, իրանցին չի կարող արագ ստանալ այն արտոնությունները, որը մենք ունենք: Հետեւապես, եթե խելոք գտնվենք, կարողանանք համոզել իրանցուն, որ այստեղ ներդրումներ անի, համատեղ արտադրանք ունենանք, արտահանենք թե՛ ՌԴ, թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոպա, ապա մեծապես կշահենք»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2016