Լրահոս
Օրվա լրահոսը

«Միավորված ընդդիմության դաշինք չի լինելու»

Փետրվար 12,2016 16:00

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ կունենանք միմիայն
միմյանց հետ համագործակցող խմբավորումներ

«Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ անհատներ կլինեն, թե խմբեր, որոնք կներառվեն այդ գործընթացում, բայց շատ կարեւոր է, որ իրար վստահեն, միայն նոմինալ չլինեն: Ի վերջո, նախաձեռնողից շատ բան է կախված. ինչ ֆորմատ է, ովքեր են այնտեղ: Ազատական դաշտում բավական շատ են հակասությունները՝ միջանձնային, վստահության պակաս կա, նախկինում թույլ տրված սխալներ, սայթաքումներ…»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ մի շարք ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմելու մտադրությանը:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ այսօր մեր իրականությունում կան բազմաթիվ հասարակական խմբավորումներ, ակտիվ անդամներ, որոնք չեն ցանկանա նույնանալ եղած քաղաքական ուժերի հետ. վստահության պակաս կա. «Հետեւաբար կարծում եմ, որ մենք դեռեւս մեկ էական խաղացողի պակաս ունենք: Ես նշան եմ տեսնում, տեսնում եմ, որ կա դատարկ նիշա, որը կարող է իմ ասած խնդիրը լուծել»,- ասում է պարոն Սաֆարյանը:
Խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի միավորումներ արդեն մեր իրականությունում կան, դրանցից «Նոր Հայաստան»-ի մասին խոսելիս պարոն Սաֆարյանն ասում է. «Նոր Հայաստանը» դեռ հարց է՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ, որովհետեւ «Նոր Հայաստանի» մեջ մտնում է «Հիմնադիր խորհրդարանը», որն արմատապես մերժում է ընտրություններին մասնակցելը: Եթե «Նոր Հայաստանի» կազմի քաղաքական ուժերից որոշները, այնուամենայնիվ, որոշեն մասնակցել 2017-ի ընտրարշավին, կարծում եմ՝ արդեն խնդիր է առաջանալու ներսում, եւ իհարկե «Հիմնադիր խորհրդարանը» չի փոխի իր վերաբերմունքը»:

Խոսելով նոր ձեւավորվող մեկ այլ արտախորհրդանական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» մասին՝ պարոն Սաֆարյանը մատնանշում է նրանց քայլերը. որոշել են կուսակցական ցուցակ ունենալ: «Ցուցակում կարող են լինել այլ կուսակցություններից մարդիկ, բայց դա կուսակցական դաշինք չի լինելու, եւ դա հասկանալի էր. «Ժառանգությունն» էլ 2012-ին դաշինք չձեւավորեց, այսինքն՝ փաստացի դաշինք էր, բայց կուսակցության ցուցակով,- ասում է պարոն Սաֆարյանը եւ ավելացնում:- Այս պահին նաեւ ուրվագծվում է «Հայկական վերածնունդի» եւ Արա Աբրահամյանի մերձեցումը, այսինքն՝ մենք կունենանք խոշոր խաղացողներ, որոնք եւ նոր են լինելու, եւ այլ միավորների հետ դաշնակցելու արդյունքում կունենան ավելի շատ շանսեր ապագայում: Կա նաեւ «Լուսավոր Հայաստանը»-ը, պարզ չէ՝ իրենք դաշինք կազմել ակնկալո՞ւմ են, բայց կարծում եմ, որ իրենք Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» նման կլինեն: Մենք կունենանք քաղաքական ինչ-որ գործընթացներ»:

Մեր դիտարկմանը, թե ձեւավորվող նոր ուժերում, այնուամենայնիվ, հին դեմքեր են, եւ հասարակության մեջ հիասթափվլու մտավախությունը կա, պարոն Սաֆարյանը պատասխանում է. «Այդ ռիսկերը կան, հնարավորություններ էլ կան թե հների, թե նորերի համար, բայց միավորված ընդդիմության դաշինք չի լինելու, ես դա արդեն վստահաբար տեսնում եմ: Կունենանք միմյանց հետ համագործակցող խմբավորումներ, տարօրինակ չհնչի՝ առավել շատ իրար հետ մրցակցող, քան իշխանության»:

Անդրադառնալով արդեն իշխանական կոալիցիային՝ ՀՅԴ եւ ՀՀԿ «վերամիավորմանը»՝ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ տեխնոլոգիական առումով Հանրապետականը ճիշտ է գործում. «Ավելի լավ է հիմա ցածր գին վճարել դաշինքի համար, քան հետո նրանք մտնեն տարբեր շանտաժային խաղերի մեջ եւ գինը թանկացնեն: Բացի այդ՝ այժմ է քննարկվում Ընտրական օրենսգիրքը, հիմա է Հանրապետական կուսակցությունը ուրվագծում իր պատկերացումները ապագա խորհրդարանի ձեւավորման վերաբերյալ, հիմա պետք է հասկանան, թե ովքեր կլինեն այնտեղ,- ասում է պարոն Սաֆարյանը եւ նշում, որ արդեն իսկապես մոռացել է հաշիվը, թե քանի անգամ է ՀՅԴ-ն կոալիցիա մտել եւ դուրս եկել:- Եվ դա հեգնանք չէ, իսկապես, եթե թիվը հարցնեք, ես չեմ կարող ասել: Իշխանության կիսումը՝ կլինի իշխանական. թե ոչ իշխանական ուժերի միջեւ, որպես մոդել, պախարակելի չէ: Այլ բան է, որ մեզ մոտ այդ ամեն ինչը դառնում է պաշտոնների պարզ սակարկություն: Գոնե նախորդ փորձերը ցույց են տվել, որ ամբողջ հարցն այն է, որ կոալիցիայի մեջ մտնողը երբեք չի պայմանավորվել խաղի կանոնների շուրջ, այլ պայմանավորվել է պաշտոններ բաժանելու շուրջ՝ սա ինձ, սա՝ քեզ: Արդյունքում ընդունել են Հանրապետական կուսակցության խաղի կանոնը՝ իրականացնել Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության ծրագիրը: Հետո ինչ-ինչ հանգամանքների պատճառով խռովել, նեղացել, դուրս են եկել կամ գործուղվել են ընդդիմադիր դաշտ, այդ ժամանակ սկսել են արդարանալ: Բայց փաստը մնում է փաստ, որ իրենք ընդունել են խաղի կանոնները՝ մտնելով կոալիցիայի մեջ: Եթե այժմ էլ նույն մեխանիզմները լինեն, նույն ավարտն է լինելու»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29