Լրահոս
Օրվա լրահոսը

Վիետնամն ընդունեց ցորենի ալյուրի, կերակրի աղի եւ բուսական յուղի հարստացման որոշում

Փետրվար 12,2016 15:30

(«Սննդամթերքի հարստացման նախաձեռնություն» միջազգային գործընկերության 2016 թվականի փետրվարի 4-ի հաղորդագրության նյութերով)

2016 թվականի հունվարի 28-ին Վիետնամի վարչապետը ստորագրեց միկրոտարրերով սննդամթերքի պարտադիր հարստացման որոշում, որի ընդունումը նպատակ ունի բարելավել երկրի բնակչության վիտամինային եւ հանքանյութային սնուցումը:
Իրավական ակտով պահանջվում է կերակրի աղը հարստացնել յոդով, բուսական յուղը՝ A վիտամինով, իսկ ցորենի ալյուրը՝ երկաթով ու ցինկով: Բացի այդ, որոշումը պարտադիր պահանջ է դնում պատրաստի սննդամթերքների արտադրությունում օգտագործել միայն յոդացված աղ: Որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թվականի մարտի 15-ից: Այսպիսով, Վիետնամը դառնում է աշխարհի 85-րդ երկիրը, որտեղ պահանջվում է հացահատիկից պատրաստված արտադրանքի հարստացում:

Սննդամթերքի հարստացումը վիտամինային եւ հանքանյութային անբավարարության կանխարգելման հուսալի միջոց է: Օրինակ՝ յոդը բարելավում է երեխաների մտավոր կարողությունները, վիտամին A-ն եւ ցինկը` իմունային ստատուսը, երկաթը նվազեցնում է երկաթդեֆիցիտային սակավարյունության զարգացման վտանգը:

Ներկայումս Վիետնամում հղի կանանց եւ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում երկաթի անբավարարության տարածվածությունը կազմում է համապատասխանաբար 54 եւ 63%, ցինկինը` 80 եւ 69.4%: A վիտամինի պարունակությունը կրծքի կաթում նորմայից ցածր է կերակրող մայրերի 35%-ի մոտ: Երկրում վիտամինահանքանյութային անբավարարության հաղթահարումը դիտարկվում է որպես չափազանց կարեւոր խնդիր, քանզի գիտակցում են, որ վիտամինահանքանյութային անբավարարությունը հեռահար բացասական հետեւանքներ կունենա երեխաների աճի եւ զարգացման, ինչպես նաեւ մայրիկների առողջության վրա:

Հարստացումը ծախսարդյունավետ միջամտություն է, որովհետեւ սննդատարրերի անբավարարության հետ կապված առողջական խնդիրների կանխարգելումը տնտեսապես շատ ավելի ձեռնտու է, քան դրա հետեւանքով զարգացող հիվանդությունների բուժումը: Բացի այդ, նշված սննդատարրերի անբավարարությունը բերում է մտավոր թերզարգացման, որն իր հերթին բացասական ազդեցություն է թողնում ուսման առաջադիմության վրա եւ սահմանափակում է փող վաստակելու ապագա հնարավորությունները:

Բոլոր այս գործոնները բացասական ազդեցություն են ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա: Համաշխարհային բանկի հաշվարկները ցույց են տալիս, որ վիտամինահանքանյութային թերսնուցումը Վիետնամի ՀՆԱ-ից տարեկան խլում է 544 միլիոն ԱՄՆ դոլար: Միայն կերակրի աղի համընդհանուր յոդացումը կարող է ապահովել 3000% եկամուտ (ներդրումների համեմատ): Ակնկալվում է նաեւ, որ սննդակարգում առավել մեծ տեղ զբաղեցնող մթերքների հարստացումը երկաթով կապահովի 800% եկամուտ: Ծրագրին աջակցող գործընկերների հրապարակած փաստաթղթում նշվում է, որ կերակրի աղի եւ ցորենի ալյուրի հարստացումը կլինի «լավագույն ներդրումը Վիետնամի ազգային տնտեսության զարգացման համար»:

Պարտադիր հարստացման հաջողությունը մասամբ պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. սույն ռազմավարությունը մարդկանցից չի պահանջում փոխել իրենց վարքագիծը, մարդիկ հատուկ կարիք չեն ունենում փնտրելու, գտնելու կամ ընտրելու հարստացված մթերքներ կամ էլ փոփոխություններ մտցնելու իրենց սովորական սննդակարգում:

ՀՐԱՅՐ ԱՍԼԱՆՅԱՆ

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ, բ.գ.թ.

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29