Ուսանողները բուհն ավարտում են ու մնում անգործ
Ուսանողների հիմնական խնդիրներից մեկը աշխատանքի հարցն է: Աշխատանքի հետ կապված խնդիրներն առաջանում են դեռեւս սովորելու շրջանում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լիանա Անդրեյանը դիմել է բազմաթիվ գործատուների, սակայն ոչ մի գործատու չի համաձայնվել աշխատանք տրամադրել երկրորդ հերթով սովորող ուսանողին: Մեզ հետ զրույցում Լիանա Անդրեյանը նշեց. «Ասում են՝ պիտի գաս մինչեւ ժամը 4-ը, 5-ը մնաս աշխատանքի վայրում, իսկ դա արդեն խնդիր է առաջացնում, 2-ն անց կես ես պիտի համալսարանում լինեմ»: Ուսանողների աշխատատեղերի խնդրի հետ կապված զրուցեցինք նաեւ մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման գործակալությունների պատասխանատուների հետ:
«Persona» աշխատանքի գործակալության տնօրեն Մարինե Ավագյանը նշեց, որ իրենք բազմաթիվ ուսանողների են տեղավորել աշխատանքի, եւ ի տարբերություն մյուս դիմողների՝ նրանց որոշ արտոնություններ են տալիս: Ուսանողներից գանձում են առաջին աշխատավարձի 30%-ը, մինչդեռ այլ անձանց դեպքում գանձվում է 50%-ը: Տնօրենը փաստեց, որ տարվա կտրվածքով աշխատանքի է տեղավորել իրենց դիմած ուսանողների 60%-ին: Ըստ մեր զրուցակցի՝ ուսանողները հիմնականում կատարում են ազատ գրաֆիկով աշխատանք. «Աղջիկներ ենք ունեցել, որոնք ակցիաներ են անցկացրել, տղաներ, որոնք կաբելային ընկերություններում են աշխատել, խոհարարի օգնական ենք ունեցել»:
Մինչդեռ «Անահիտ» աշխատանքի գործակալության տնօրեն Գոհար Գասպարյանն, իր փորձից ելնելով, կարծիք հայտնեց, որ ուսանողներին աշխատանքի տեղավորելը շատ բարդ հարց է, քանի որ նրանց պարագայում գոյություն ունի ժամային գրաֆիկի խնդիր. «Բրյուսովի ու Ռոմանոյի ուսանողներին ենք հիմնականում աշխատանքի տեղավորել, ազատ գրաֆիկով թարգմանություններ են անում, մնացածներին ընդառաջել չենք կարող: Մենք ակցիաներ ու նմանատիպ հայտեր չենք վերցնում, ես չեմ ցանկանում, որ բարձրագույն կրթություն ունեցող ուսանողը գնա ու փողոցում ինչ-որ թղթեր բաժանի կամ գովազդ անի»:
Փորձեցինք նաեւ գործատուներից ճշտել, թե ինչու ուսանողների չեն վերցնում աշխատանքի կամ եթե ընդունում են՝ ինչ պայմաններով: «Այգեստան» մթերային խանութի մենեջեր Արմինե Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց խանութում ընդունում են ուսանողների եւ հարմարվում նրանց ցանկացած պայմանի:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի կարծիքով՝ ուսանողը կարող է աշխատել ուսումնառության շրջանում, սակայն որեւէ աշխատանք չպետք է լինի ուսումնառության հաշվին: Հարցին, թե ֆակուլտետն ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում, դեկանը պատասխանեց. «Որեւէ լրատվամիջոց չի համաձայնի մեզ հետ պայմանագիր կնքել, թե ձեր շրջանավարտին կընդունեմ աշխատանքի, բայց ես համոզված եմ, որ եթե ուսանողը ճիշտ է ընտրել մասնագիտությունը, ապա հեշտությամբ կկարողանա աշխատանք գտնել»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանն էլ ասաց, որ եթե լրատվամիջոցներին լավ կադրեր են պետք լինում, ապա նրանք դիմում են ֆակուլտետին, որն էլ գրելու ձիրք ունեցող ուսանողներին միջնորդում է աշխատանքի տեղավորվել:
Կարդացեք նաև
ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի հավաստմամբ՝ կենտրոնը քայլեր է ձեռնարկում ուսանողներին աշխատանքի տեղավորելու հետ կապված. «Մենք աշխատում ենք աշխատաշուկայում գործող կազմակերպությունների հետ, ուսանողների եւ գործատուների մասնակցությամբ թրեյնինգներ ենք կազմակերպում, ուսանողներն անմիջապես աշխատում են գործատուների հետ, ինչը երկու կողմին էլ ձեռնտու է, նաեւ կնքած գործարքներ ունենք գործատուների հետ, աշխատում ենք նաեւ այլ բուհերի կարիերայի կենտրոնների հետ»:
Սակայն նշենք, որ կարիերայի կենտրոնը տարեկան 200-300 աշխատատեղ է ապահովում ուսանողների համար, մինչդեռ շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 3000-4000:
ԷԼՄԻՐԱ ՄԻՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2016