Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթից մահացած երեխայի գործով կա մեկ այլ կասկածյա՞լ

Փետրվար 12,2016 14:30

2014 թվականի մայիսի 5-ին, ժամը 19. 00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Քադու» մակնիշի 876 LU 63 պետհամարանիշի ֆուրգոն տեսակի ավտոմեքենան կայանել է Երեւանի Անտառային փողոցի թիվ 122/7 հասցեի դիմաց: Մեքենայի վարորդը թույլ տալով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, չապահովելով կայանման անվտանգությունը, չբացառելով ավտոմեքենայի ինքնաբերաբար շարժումը՝ հեռացել էր: Արդյունքում, մեքենան անցնելով մոտ 20 մետր տարածություն, վրաերթի է ենթարկել կողք կողքի կանգնած տատիկին՝ Վարդանուշ Սիմոնյանին, նրա անչափահաս թոռներին՝ Դավիթին եւ Աննային (լուսանկարում):

Աննա Հարությունյանը մահացել է, իսկ մյուս տուժողները՝ տատն ու թոռը ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Դեպքից մեկ օր հետո Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության ավագ քննիչ Գ. Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ, որը հանձնվել է հետագայում մեկ այլ քննիչի՝ Մ. Մուրադյանին:

Մեղադրյալ ներգրավված ուսանողը՝ Նարեկ Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չբացակայելու մասին, իսկ առաջին երկու դատական ատյաններում նա դատապարտվել է ազատազրկման երկու տարի ժամկետով: Պաշտպանական կողմը պահանջել է, որպեսզի նա պատիժը չկրի, պայմանական, եւ վճռաբեկ բողոքով դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան:
Մահացած երեխայի հայրը՝ Վահան Հարությունյանը խորապես վիրավորված է կատարվածից: Նա ասում է, որ դատարաններն ասես աղ են լցնում իրենց բացված սրտին:
Նա ասաց, որ վարորդ ներկայացած Նարեկը աշխատել է «Յունիթուլգ» ՍՊ ընկերությունում, որի տնօրենն է Հովհաննես Մկրտումյանը:

Ըստ վարորդի ցուցմունքների, իրեն տնօրենն է խնդրել, որպեսզի նա մեքենան կայանի՝ տալով ավտոմեքենայի բանալիները:

Տուժողի հոր կարծիքով՝ այս տղան ընդհանրապես մեքենա վարել չգիտի եւ երբ դատարանում միջնորդել էր, որպեսզի պարզվի այդ հանգամանքը, դատավորն ինքն է ռեպլիկի կարգով նկատել. ուզում եք մի այլ մարդու վտանգի՞: Ու մերժել էր միջնորդությունը:

Ըստ վարորդի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում տրված ցուցմունքի, տնօրենից ստանալով բանալիները, ավտոտնակում կայանելու փոխարեն՝ որոշել է մեքենայով գնալ անձնական հանդիպման: Հետագայում փոխել է մտադրությունը: Նա մեքենան կայանել է վերոնշյալ հատվածում, «անվադողերն ուղղված դեպի երթեւեկության կողմը, փոխանցման տուփի լծակը դրել է առաջինի դիրքի եւ առանց ձեռքի արգելակը բարձրացնելու՝ դուրս է եկել սրահից»:

Նարեկի ասելով, 20 րոպե գտնվել է մեքենայի մոտ, քանի որ հեռախոսով խոսելիս է եղել, պայմանավորվել է ինչ-որ մեկի հետ հանդիպելու, ապա Կասկադի աստիճաններով իջել է ներքեւ, Թամանյանի արձանի մոտ հանդիպել իրեն սպասող կնոջը:
Կես ժամ հետո նկատել է, որ իրեն զանգել են: Տնօրենն ու նրա եղբայրն էին, որոնց զանգը իր ասելով չի լսել: Զանգել է տնօրենի եղբորը, տեղեկացել վթարի մասին. «հետագայում կողմնակի անձանցից» իմացել է, որ վթարի է ենթարկել տարեց մի կնոջ՝ թոռնիկների հետ: Նա չի թաքցրել, որ չունի վարորդական վկայական:

Ի դեպ, դատաքննության ժամանակ պարզվել է, որ Նարեկի ասածներն արժանահավատ չեն, քանի որ տուժող կողմի տվյալներով, հեռախոսային վերծանումների հետազոտման ժամանակ պարզվել է, որ դեպքից հետո ժ.19-20-ը որեւէ հեռախոսազանգ չի եղել, այսինքն՝ տնօրեն Մկրտումյանի եւ նրա եղբոր հեռախոսներից զանգեր չեն հնչել: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Մկրտիչ Դավթյանը հակասությունների մեջ նշում է նաեւ ընկերության տնօրենի եւ մեղադրյալի կողմից նշվածը, թե ում նախաձեռնությունն է եղել մեքենան կայանելը, մեղադրյալն ասել է, թե տնօրենն ասել է՝ կանգնեցնել ավտոմքենան ավտոտնակում, մինչդեռ տնօրենն ասել է, թե դա եղել է մեղադրյալի որոշումը:

Նախաքննության ժամանակ մեղադրյալն ասել էր, թե դեպքի մասին հեռախոսով իմանալով՝ գնացել է ընկերություն, ապա տնօրենի հետ եկել վթարի վայրը, իսկ դատարանում հայտնել էր, թե ինքը տեղեկանալով դեպքի մասին՝ եկել է դեպքի վայր:
Վկաներից Արսեն Ավետիսյանն ասել էր, որ Անտառային փողոցի տներից մեկում դուռ պիտի դնեին: Ինքը, արդեն ժամը 18-ի սահմաններում (ուշադրություն դարձրեք ժամը), նկատել է կտրուկ վայրէջքի վրա կայանված, «Իմ այգի» գրառմամբ «Ֆոլքսվագենը»:
Մեկ ժամ անց նա լսել է օգնության կանչեր, բարձր ձայներ, իր երկու ընկերների հետ վազել է ձայնի ուղղությամբ, տեսել են տարեց կնոջը, թոռներին, մեքենան, որը աջ անկյունային մասով վրաերթի էր ենթարկել թիկունքով դեպի պատնեշը կանգնածներին:
Ըստ նրա՝ դեպքը ժամը 19-ին էր:

Մինչդեռ, ժամի հետ կապված՝ մեղադրյալը հայտնել էր, թե տնօրենը բանալիները հանձնել է ժամը 19.30-ի սահմաններում, իսկ կես ժամ հետո էլ զանգել են եւ ասել կատարվածի մասին: «Մեր կողմից դատարան ներկայացրած շտապօգնության ծառայության կողմից տրամադրված հեռախոսականչի ձայնագրությունից էլ պարզ երեւում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19.40-ին, եւ որ ամբաստանյալը չէր կարող դեպքի վայրից հեռանար 19.35-ին, քանի որ դեպքն արդեն իսկ տեղի էր ունեցել»,- ասում է երեխայի հայրը:
Օգնության եկած մարդիկ հազիվ են կարողացել մեքենայից ազատել տուժողներին, հետո զանգել են շտապօգնություն: Իսկ դա նշանակում է, որ մեղադրյալն ակնհայտ ստել է ամեն ինչ:

Նա չի վարել մեքենան: Այսինքն, ըստ տուժող կողմի վարկածի, վարորդն այլ մարդ է եղել, որի կատարած գործողությունների արյունոտ բեռը վերցրել է իր վրա մեկ այլ անձ:
Ի դեպ, նրա մոտ մեքենայի բանալիներ էլ չեն եղել:

Ըստ դատարան ներկայացված «Shamshyan.com»-ի տեսանյութի, երբ վարորդը ներկայանում է դեպքի վայր, նախ՝ չի կարողանում մեքենայի մեջ գտնել տեխնիկական անձնագիրը, որովհետեւ տեղն անգամ չի իմացել, իսկ տնօրենը չի միջամտում, նաեւ ցույց չի տալիս, թե որտեղ կարող էր լինել տեխանձնագիրը, ապա՝ բանալիները չի գտնում, եւ անցնելով մեքենայի մյուս դռան կողմը, ստանում է մեկ այլ երրորդ անձից բանալիները՝ տնօրենի եղբոր: Այս տեսանյութը հետազոտվել է դատարանում:
«Հնարավոր է՝ ամբաստանյալը գտնվել է նույն մեքենայում, հնարավոր է՝ այդ մեքենան վարել է տնօրենի եղբայրը, որը տեսանյութից երեւում է, թե ինչպես է հանձնում բանալիներն ամբաստանյալին»,- ասում է տուժողի հայրը: Նրանք պահանջել են քննչական փորձարարություն նշանակել, ամբաստանյալին տալ ուսանողական մեքենա, պարզել, թե նա կարո՞ղ է անցնել նույն ճանապարհով:

Նախաքննական մարմնի կողմից «պարտակվել է» իրական վարորդը, այդ կապակցությամբ տուժող կողմը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, գործ հարուցել քննիչի դեմ, սակայն Հատուկը գործը չի վերցրել:

Դատարանում մեղադրյալը 2 միլիոն դրամ է հատուցել, տուժող կողմը պահանջել էր 4 միլիոն 600 հազար դրամ: Ընկերությունը որեւէ քայլ չի ձեռնարկել մնացած մասը հատուցելու համար, մինչդեռ տուժողներից երկուսը դարձել են հաշմանդամ, ունեն բժշկական միջամտության կարիք:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29