Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է դիրիժորներ ստեղծել, ոչ թե ով ուզի, ասի՝ ես դիրիժոր եմ»

Փետրվար 12,2016 14:00

Վահան Մարտիրոսյանը՝ երաժշտարվեստում կայանալու
ու երիտասարդներին չվանելու մասին

Փետրվարի 16-ին կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) համերգը: Իբրեւ մենակատարներ հանդես կգան Զարուհի Ամիրաղյանը (ջութակ) եւ Նարա Ավետիսյանը (դաշնամուր): Ծրագրում՝ Մոցարտի եւ Շոպենի ստեղծագործություններն են:
«Առավոտի» հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ որոշել են ավանդաբար համերգների մի շարք անել, որոնց միջոցով երիտասարդ երաժիշտներին դրսեւորվելու հնարավորություն կընձեռեն: «Նրանք նոր անուններ չեն, 7-16 տարեկան չեն, երիտասարդ երաժիշտներ են, բայց դեռ ոչ պրոֆեսիոնալ: Մտադիր ենք իրենց համար յուրատեսակ հարթակ ձեւավորել, իրենց հնարավորություն տալ ծրագիր սարքել, նվագախմբի հետ նվագելու փորձ ձեռք բերել, որպեսզի կարողանան մրցույթների մասնակցել ու իրենց համար անակնկալ չլինի, թե ինչ է նվագախումբը:

Այսինքն, նրանց ճանապարհ ենք տալիս: Երեխաների պարագայում այլ է, բայց երբ այդ տաղանդավոր երեխաները մեծանում են, խզում, ճեղքվածք է առաջանում երկու՝ հրաշամանուկների եւ պրոֆեսիոնալների աշխարհների միջեւ: Մենք որոշել ենք լրացնել այդ բացը, փակել այդ ճեղքը, օգնել, որ երիտասարդ երաժիշտները հունի մեջ ընկնեն: Տաղանդը, աշխատասիրությունը մարդկանց կարող են հասցնել բարձունքի, բայց այդ բարձունքը պահել է պետք: Այսուհետ ես տարեկան 3-4 նման համերգ կկազմակերպեմ այսպիսի երաժիշտների հետ: Նման մի համերգ ունեցել ենք 2015-ի նոյեմբերի 1-ին: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ իբրեւ մենակատար հանդես է եկել երկու երիտասարդ դաշնակահար»,-նշեց ՀՊԿՆ գլխավոր դիրիժորը: Նա կոչ արեց կոնսերվատորիայի ուսանողներին ու այն շրջանավարտներին, որոնք գտնվում են իր նշած երկու աշխարհների արանքում, կապվել իր հետ, փորձ անել գոնե մեկ անգամ հանդես գալ նվագախմբի հետ: Մաեստրոն իր օրինակը բերեց. «Ես մեծ ուրախությամբ իրենց ճանապարհ եմ տալիս, ինչպես ժամանակին իմ դեպքում արել է Լորիս Ճգնավորյանը, երբ ընդամենը 17 տարեկան էի: Նվագում էի 14 տարեկանից, մրցույթներ էի շահել, բայց դեռ կայացած չէի, պարզապես ուսանող էի, որը հաջողություններ ուներ, ինչը պետք էր պահել, իսկ Ճգնավորյանը հնարավորություն տվեց տարին 2-3 անգամ Սիմֆոնիկի հետ նվագել: Այդ տարիների ընթացքում ես «ձեռք բերեցի» այնքա՜ն դաշնամուրային կոնցերտներ, որոնք ապագայում ինձ պետք եկան»:

Վահան Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, թե մեծ ցանկություն ունի, որ Ճգնավորյանի որդին՝ տաղանդավոր ջութակահար Էմանուել Ճգնավորյանն իբրեւ մենակատար հանդես գա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Հավելեց, որ նման ծրագիր կա, այդ մասին խոսել են, բայց երիտասարդ երաժիշտն այս պահին գերծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում:

ՀՊԿՆ-ի գլխավոր դիրիժորը շեշտեց, որ Հայաստանում աշխատելու օրվանից միշտ պատրաստ է համագործակցել երիտասարդների հետ ու հակված չէ որեւէ մեկին հեռու վանել իրենցից: Հիշեց, թե ինչպես են երկու տարի առաջ կոմպոզիտոր Սերգեյ Աղաջանյանի ծննդյան 85- ամյակի առիթով հարթակ տրամադրել կոմպոզիտորի թոռանը՝ Միքայել Աղաջանյանին (ջութակ) եւ Էդիտա Հակոբյանին (դաշնամուր) կամ, ասենք, դաշնակահար Աստղիկ Ղուկասյանին ու ջութակահար Դիանա Ադամյանին: Մաեստրոն փաստում է, որ նվագախումբը զուտ չի նվագակցում մենակատարին, իրենք երկուստեք միմյանցից սովորում են:

«Երաժշտական աշխարհը շատ բարդ է՝ կամ մարդուն բարձրացնում է, կամ «ստոպ» է տալիս, պետք է երաժիշտներն իրենց ուժերին հավատան, երբ երեխա են, իրավիճակն այլ է, բայց երբ մեծանում են եւ հասկանում, որ պետք է այդ մասնագիտությամբ ապրել, համերգներ ունենալ, փող աշխատել, ու դեռ պրոֆեսիոնալ չեն, եթե իրենց կողքին չգտնվենք, կարող են «կոտրվել», տաղանդն էլ վերանա»,- կարծում է մեր զրուցակիցը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ դասավանդելուն: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ դասավանդմանը լավ է վերաբերվում, պարզապես չի կարող դասավանդել, որովհետեւ անընդհատ շրջագայությունների մեջ է, վարպետության դասընթացներին, սակայն, դեմ չէ. «Մաստեր կլասեր տալիս եմ ժամանակ առ ժամանակ, ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ ինձ դեռ ոչ ոք չի խնդրել, եթե խնդրեին, ես մեծ ուրախությամբ կհամաձայնեի: Նույնիսկ մտածում եմ, որ դիրիժորական մաստեր կլասեր կարելի է տալ, որովհետեւ պետք է դիրիժորներ ստեղծել, ոչ թե ով ուզի, ասի՝ ես դիրիժոր եմ: Մարդիկ պետք է փորձերի ներկա լինեն, լսեն, թե ոնց են աշխատում նվագախմբերի հետ, հասկանան՝ ինչ է նվագախումբը, ինչի պետք է ձեռքը բարձրացնել, ոչ թե իջեցնել, աջ կամ ձախ տանել … Ի դեպ, մեր նվագախումբն առաջին անգամ անցյալ տարի մասնակցեց դիրիժորական մաստեր կլասի, այս տարի նորից ենք մասնակցելու, պատրաստում ենք այն մարդկանց, որոնք երաժիշտ են, բայց նաեւ դիրիժորություն կարող են անել: Ես էլ ժամանակին Կուրտ Մազուրի մոտ մաստեր կլաս անցա, եւ դրանից էլ ամեն ինչ սկսվեց…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ www.puplinge-classique.ch-ի

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29