Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոբելյանական «բոնուսներ»՝ Կոմեդիայի թատրոնից

Փետրվար 12,2016 13:30

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը «փակագծեր» է բացում

«Զարմանալի ժողովուրդ ենք…Մեծ հայրենականի տարիներին, երբ ռմբակոծվում էր Թիֆլիսը ու ոչ մի երաշխիք չկար, թե հնարավոր է, որ հերթը մեզ չի հասնի, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց եւ հիմնեց Կոմեդիայի թատրոնը… Հիմա էլ, փաստորեն, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք: Այսուհանդերձ, մեր կառավարությունը հնարավորինս ուշադիր է մշակույթի հանդեպ, օրինակ՝ Սունդուկյանի անվան թատրոնը զինվում է լուսաձայնային գերժամանակակից տեխնիկայով, Գավառում Լեւոն Քալանթարի անվան թատրոնի նոր շենքն է կառուցվում, Ստեփանակերտում էլ ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով Փափազյանի անվան թատրոնի շինարարական աշխատանքներն են սկսված…»,- «Առավոտի» հետ հանդիպման սկզբում հայտնեց ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Առանց մանրամասնելու էլ նշեց. «Բայց մեկ-մեկ էլ հենց մեր ոլորտում էնպիսի բաներ են լինում, որոնց համար պարզապես ամաչում եմ»: Իսկ մեր հանդիպումը ռեժիսորի հետ ուներ ինֆորմացիոն առիթ՝ այս տարին հոբելյանական է Կոմեդիայի թատրոնի համար՝ լրանում է մշակութային օջախի 75-ամյակը:

Առանց կոնկրետ ժամանակահատվածներ նշելու՝ մեր զրուցակիցը ծանոթացրեց հոբելյանական տարվա ընթացքում կատարվող միջոցառումներին:
«Շուտով հանդիսատեսի համար դռները կբացի մեր թատրոնի փոքր դահլիճը՝ Լեռ Կամսարի «Մենք» բեմադրությամբ: Ես դա իրականացնում եմ շնորհալի ռեժիսոր Գոհար Փոքրիկյանի հետ: Օրերս լրանում է հայ թատրոնի եւ կինոյի երախտավորներից մեկի, մեր թատրոնի բազմամյա դերասան Ալեքսանդր Հովհաննիսյանի 100-ամյակը, ինչը, բնականաբար, պետք է նշվի: Պրեմիերաների շարք ենք նախատեսել ներկայացնել հանդիսատեսին, այդ թվում՝ Երվանդ Օտյանի «Զվարճալի պատերազմ կամ անբուժելի օտարամոլությունը», որի համար հատուկ երաժշտություն է գրում Մարտին Վարդազարյանը:

Ռեժիսոր Անուշ Սարգսյանը սկսել է աշխատանքները Սամվել Խալաթյանի կատակերգությունը բեմադրելու ուղղությամբ, ԱՄՆ-ից հրավիրում ենք Գայանե Բարսեղյանին, որի ռեժիսուրայով կցուցադրենք իր հոր՝ Արարատ Բարսեղյանի «Պըլը- Պուղի» հերոսական կատակերգությունը: Ի դեպ, ներկայացման համար երաժշտություն է գրում Արեգ Արզումանյանը»,- հայտնեց պարոն Ղազանչյանը:
Հավելեց նաեւ, թե իրենց խաղացանկային ներկայացումներին մեկ շաբաթ կծանոթանան էջմիածինցիները, առանց անուններ նշելու, ասաց նաեւ, թե թատրոնի անվանի որոշ դերասանուհիների ծննդյան եւ ստեղծագործական գործունեության կլոր տարեթվերը համընկնում են թատրոնի 75-ամյա հոբելյանի հետ, որոնց անպայման կանդրադառնան: Իսկ արվեստաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը պատրաստում է թատրոնի հոբելյանի առիթով ծավալուն աշխատություն, ինչը գրքի տեսքով կհրատարակվի աշնանը, որի շնորհանդեսը եւ դարձյալ Առաքելյանի պատրաստած՝ մեր թատրոնի պատմությանը նվիրված ծավալուն ցուցահանդեսը կներկայացվի աշնանը կայանալիք հոբելյանական ներկայացումների 10-օրյա միջոցառումների շրջանակում:

Հաստատելով մեզ հասած լուրը, թե թատրոնի հոբելյանն ունի աջակիցներ, մեծահարուստների եւ նույնիսկ հանրապետության առաջին դեմքերի մակարդակով, Երվանդ Ղազանչյանը հայտնեց. «Թատրոնի փոքր դահլիճի վերջին ճիչը հանդիսացող գերհզոր լուսաձայնային տեխնիկայով հագեցվածությունն արդյունք է հանրապետության նախագահի՝ Սերժ Սարգսյանի…, իսկ թատրոնի պատմությունը ներկայացնող գրքի հովանավորն է բարերար Գագիկ Ծառուկյանը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29