Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գեղասահորդները ավելի շատ պայքարում են մրցավարների հետ

Փետրվար 12,2016 13:00

Եվրոպայի առաջնությունում մրցավարությունը Հայաստանի գեղասահորդներին հնարավոր առավելագույն վատությունն արեց: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Բոստոնում նույն վերաբերմունքը կշարունակվի՞: «Առավոտի» զրուցակիցը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն է:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի գեղասահորդների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

-Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը գերազանց էր, գրեթե անթերի: Այլ բան է, որ մրցավարները նրա հետ շատ անարդար վարվեցին: Անգամ գեղասահքի լեգենդ Տատյանա Տարասովան ռուսական հեռուստաալիքով ուղիղ մեկնաբանության ժամանակ մի քանի անգամ ընդգծեց, իր իսկ խոսքերով ասած, մրցավարների գազանային վերաբերմունքը: Նա ուղիղ տեքստով ասաց, որ մրցավարները կոտրում են աղջնակին՝ իսկական կարիերան դեռ չսկսած: Իսկ Տարասովայի ամեն մի խոսքը շատ ծանրակշիռ է եւ նա գովեստի խոսքեր հազվադեպ է շռայլում: Ընդորում, այդ համոզմանն են աշխարհի բոլոր լուրջ մասնագետները: Ու սա առաջին մեկնարկը չէ, որ Անաստասիայի հետ այդպես են վարվում: Բայց Անաստասիան, չնայած ընդամենը 16 տարեկան է, այդքանից հետո կարողացավ ոչ միայն անսխալ կատարել կարճ եւ ազատ ծրագրերը, այլեւ ապացուցել, որ ինքը միանգամայն արժանի էր լավագույն վեցյակում, իսկ վատթարագույն դեպքում՝ տասնյակում տեղ զբաղեցնել:

Սլավիկ Հայրապետյանը հիմնականում մարզվել է Երեւանում: Նա այստեղից մեկնել է Լեհաստան, մարզվել ուժեղ ու արժանի գեղասահորդների հետ ու այնտեղից մեկնել Բրատիսլավա: Նա վատ պատրաստված չէր, բայց կարճ ծրագրում զբաղեցրեց 31-րդ տեղը ու ազատ ծրագրին մասնակցելու իրավունքից զրկվեց: Սլավիկը նույնպես կատարում է պահանջվող բարդ ցատկերը: Բայց նրա թերությունն այն է, որ մրցելույթներում կայունություն չկա:

Ինչ վերաբերում է Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգին, այն առաջին անգամ էր հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում: Թինան սկսել է որպես մենասահորդուհի: Բայց երբ տեսել է, որ ցատկերն այն չեն, տեղափոխվել է պարային զույգերի խումբ: Այստեղ էլ պարզվել է, որ նա, ասես, պարային զույգի համար է ծնվել: Կանադացի զուգընկերոջ հետ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանն ու գրավել 18-րդ տեղը, վատ արդյունք չէ: Բայց նրանց համար էլ պետք է ասեմ, որ արդար մրցավարության դեպքում նրանք կարող էին տասնյակում էլ տեղ զբաղեցնել:

-Տատյանա Տարասովան եթերում ասաց, որ մեր խնդիրը մրցավար չունենալն է: Այդ մասին մտածո՞ւմ եք:

-Իհարկե: Ներկայումս մրցավար ենք պատրաստում: Ուզում ենք հասցնել, որ նա Ֆրանկֆուրտում մասնակցի քննությունների եւ համապատասխան որակավորում ստանա: Մենք լավ մասնագետներ ունենք: Բայց դժվարությունը լեզու չիմանալն է:

-Ֆեդերացիան առջեւում ի՞նչ ծրագրեր ունի նախանշած:

– Սլավիկ Հայրապետյանը հիմա Հունգարիայում է: Պետք է մասնակցի միջազգային մրցման, որպեսզի փորձի միավորներ հավաքել Բոստոնում կայանալիք աշխարհի առաջնության իրավունքի համար: Բարդ խնդիր է, քանի որ նա պետք է միավորներ հավաքի թե կարճ, թե ազատ ծրագրերում: Թինան եւ Սայմոնը հանդես են գալու Բավարիայում, որտեղ աշխարհի առաջնության ուղեգրի համար վարկանիշ պետք է հավաքեն միայն կարճ ծրագրում: Դե, Նաստիան աշխարհի առաջնության մասնակցության ուղեգիր դեռ անցած տարվանից է նվաճել:

-Աշխարհի առաջնությունից ակնկալիքներ ունե՞ք:

– Կոնկրետ բան դժվար է ասել: Գեղասահքում խոստում տալը շատ բարդ է, որովհետեւ կախված է ձեզ արդեն հայտնի բազմաթիվ գործոններից: Ասեմ ընդամենը մի բան. Ռուսաստանի դրոշի ներքո Եվրոպայի չեմպիոն դարձած Եվգենիա Մեդվեդեւան Բրատիսլավայում կատարեց եռակի Ռիդբերգեր՝ գնահատեցին, իսկ Անաստասիան՝ եռակի ֆլիպ, որն ավելի բարդ է: Մեդվեդեւայինը գնահատեցին, իսկ Նաստիայինը՝ ոչ: Այնպես որ, պետք է սպասենք աշխարհի առաջնությանը եւ աղոտ հույսեր փայփայենք, որ մրցավարների մեջ ազնվություն, այնուամենայնիվ, մնացած կլինի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29