Մասնագիտությամբ երաժիշտ, կենցաղային ժանգոտած իրերից, մրգերի կորիզներից, անսարք տեխնիկական միջոցների մասերից արվեստի գործեր ստեղծող Անի Հովակի ցուցահանդեսը ձկնաշատ էր, սակայն ինքը խոստովանեց, որ ո՛չ համաստեղությամբ է ձուկ, ո՛չ էլ երբևէ մտածել է ձուկ պահելու մասին. «Ես ձկներին, առհասարակ կենդանիներին, սիրում եմ ազատության մեջ։ Երբեք չեմ կարող ձուկ պահել, որովհետև տանը կենդանիներ պահելը էգոիստություն եմ համարում։ Իմ ստեղծած ձկներն օվկիանոսի ազատ ապրող ձկներ են, գուցե հենց այդ պատճառով էլ դրանք սովորաբար շրջանակից դուրս են հայտնվում»։
Ձկներից բացի Անին այլ կերպարներ էլ է ստեղծում, բայց իրեն նմանեցնում է այն աղջկան, որը հաճախ է հայտնվում իր աշխատանքներում։ «Երբեմն թվում է՝ թե բոլոր գործերում նույն աղջիկն է, բայց բոլոր աղջիկ կերպարներն ունեն շատ տարբեր բնավորություններ. բոլորը ես եմ, ես էլ նույնքան տարբեր կարող եմ լինել». ասում է Անին, իսկ ես հիշում եմ, որ համաստեղությամբ նա երկվորյակ է. այլ կերպ չէր էլ կարող լինել։ Շատերի կարծիքով Անիի ստեղծած աղջիկը միշտ տխուր է, բայց պարզվում է, որ նա ոչ թե տխուր, այլ երբեմն նեղացած է։ Անիին հեշտ է նեղացնելը. ի տարբերություն շատերի՝ ոչ թե լուրջ ու կարևոր, այլ աննշան բաներից է նեղանում։ Աղջիկներից մեկի մազերը Անին դարձրել է քաղաք՝ իր անփույթ կտուրներով, էլեկտրասյուններով և մալուխներով. «Չէի ցանկանա ապրել կոկիկ ու շատերին գեղեցիկ թվացող շենքերով քաղաքում, ես համակարգվածություն չեմ սիրում»։
Պարզվեց՝ նույն վերաբերմունքն է նաև սենյակի և աշխատանքի նկատմամբ։ Անիի աշխատասենյակի քաոսը երբեմն համապատասխանում է իր գլխում տիրող խառնաշփոթին, բայց, բարեբախտաբար, սենյակը կարգի բերել հաջողվում է, իսկ Անիի խառնաշփոթի հետքերը հագուստից մաքրել մայրիկին չի հաջողվում. յուղաներկերն ու ակրիլային ներկերը դրանց հավերժական կնիքն են դառնում։ Բայց այդ ամենից Անին չի նեղվում ու իր վրա չի բարկանում. չէ՞ որ սիրում է այն, ինչ անում է, ու դա էլ իր քաղաքն է ՝ կրկին շրջանակից դուրս։
Կարդացեք նաև
Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ