ՀՅԴ-ն, պորտֆելներ վերցնելով, ցանկանում է մասնակցել ՀՀԿ-ի հետ երկրի թալանին ու միջոցներ կուտակել 2017 թվականին Աժ-ում տեղեր ձեռք բերելու խնդիրը լուծելու համար: Նման կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:
«Համագործակցության այն խաղերը, որ անընդհատ քաղաքական դաշտում այս երկու կուսակցությունները տալիս են, արդեն դուրս է եկել լուրջ վերաբերմունքի դաշտից: Չեմ կարծում, որ լուրջ քաղաքական ուժերը կամ ժողովուրդը ձեւավորված իրավիճակին լուրջ են վերաբերում: Իմ շրջապատում մասնավոր զրույցների ժամանակ անընդհատ լսում եմ, որ ամոթ է ՀՅԴ-ին այսպիսի կարգավիճակով հանդես գալ ու անընդհատ սեփական դիրքորոշումները փոխել: Անհարմար է, երբ քաղաքական ուժը ինչ-որ ժամանակահատվածում, երբ ուզում է շահել ժողովրդի համակրանքը, հանդես է գալիս՝ որպես արմատական ընդդիմություն ու լուրջ քննադատության ենթարկում այն ուժին, որի հետ ուզում է այսօր համագործակցել ու ինչ-որ մի պահ, երբ անհրաժեշտ է կուսակցական շահերի հետեւում խիստ նեղ անձնական շահեր բավարարելու խնդիրը լուծել, սկսել կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:
Ըստ նրա, ՀՅԴ-ն ժողովրդին թալանելու հաշվին փորձում է տեղեր ապահովել Աժ-ում 2017 թվականի ընտրություններից հետո. «Երբ քաղաքական ուժը իր արտահայտած քաղաքական գծի, դիրքորոշումների նկատմամբ հետեւողականություն չի դրսեւորում, կարեւոր նշանակություն ունեցող հարցերին չի ուզում լուծում տալ, հետեւաբար այդքանից հետո ինչպես կարելի է այդ քաղաքական ուժին քննարկել: Անհարմար է, որ տնտեսական ծանրագույն վիճակում գտնվող մեր երկրում ՀՅԴ-ն իր տեղը գտնում է ՀՀԿ-ի հովանու ներքո, մի քաղաքական ուժի, որին հենց այդ նույն ՀՅԴ-ն քննադատել է, բազմաթիվ մեղքերի մեջ է մեղադրել, իսկ այսօր փորձում է այդ մեղքերը կիսել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Շատ հասկնալի է – եւ ընդհանրապէս արդարացի է – որ շատեր, այլազան տեսանկիւններից, քննադատեն ՀՅԴ-ի վերադարձը իշխանութեան կողքին: Խորապէս վիճելի նիւթ մըն է ՀՅԴ-ի այս քայլը:
Սակայն համայն Հայոց Աշխարհի մէջ եթէ կայ մի ոհմակ որ, քաղաքականօրէն, տրամաբանականօրէն եւ բարոյապէս՝ իրաւասու չէ այս ուղղութեամբ քննադատութիւններ գեղգեղելու, այդ ալ ՀԱԿ կոչեցեալ ՀՀՇ-ի անտանելի վիժուկն է: Որովհետեւ ՀՅԴ-ն իր այժմու վիճակին մատնուած է հենց ՀՀՇ-ի պատճառով:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Ինչպիսի՞ բառեր. Ոհմա՜կ, վիժու՜կ…
Անունդ էլ հայդուկ…
Իրար վիրավորելն ու անպատվելը, այն էլ համացանցում, դժվար չէ: Իսկ չես մտածու՞մ, որ թշնամություն ես սերմանում ու տարածում:
Նման դեպքերում գլուխս եկած առաջին միտքն այն է, որ այդպես գրողները այլ ժողովրդի ներկայացուցիչ են, թշնամի ժողովրդի:
Աստված հետդ: Քեզ բարի բանականություն: