Նորք Մարաշում հայտնաբերված խմբի գործով ձերբակալված պաշտպանություն նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսող երկարացնելու վերաբերյալ դատական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է մինչեւ կիրակի: Դատարանը բավարարել է Շիրխանյանի պաշտպանների միջնորդությունը:
Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին հայտնեց, որ այդպիսի միջնորդություն ներկայացնելու պատճառը պաշտպանության նախարարի նախկին տեղակալի առողջական վիճակն է. «Իրոք վիճակը լավ չէ: Շատ դժվարությամբ է քայլում: Ես ուզում էի, որ ինքը դատարան գար, ներկա լիներ դատին, սակայն նա հրաժարվեց եւ ասաց, որ չի ուզում քայլել»:
Ըստ փաստաբանի՝ մինչեւ կիրակի իրենք պատրաստվում են ՔԿՀ վերցնել բժշկական փաստաթուղթ, որպեսզի ներկայացնեն դատարանին. «Մենք դեմ ենք լինելու կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը եւ դատարանին ցույց ենք տալու, որ ինքը կարիք ունի բժշկական միջամտության: Արդարադատության նախարարության մասնագետը տեսակցել է նրան: Մեզ պետք է նաեւ նրա եզրակացությունը»:
Պարոն Տեր-Եսայանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, որ չեն խուսափում քննչական գործողություններից, միայն խնդրում են, որ թույլ տան Վահան Շիրխանյանին տեղափոխեն Ավագյան բժշկական կենտրոն եւ ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ