Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը իր՝ Շիրակի մարզպետ նշանակվելու խոսակցությունների մասին

Փետրվար 11,2016 19:15

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ՀՅԴ կողմից Շիրակի մարզպետի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու մասին տեղեկությունը:

«Ինքս կուսակցական եմ ու շատ լավ հասկանում եմ. լրատվությունը կարող է իր աղբյուրներն ունի, իրենք ինչ-որ մի ձեւով այս տեղեկատվությունը հրապարակում են, բայց ես՝ որպես կուսակցական եմ ուզում խոսել: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը վերաբերող բոլոր խնդիրները լուծում է Հայաստանի Հանրապետության Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը: Միանշանակ ասեմ, ես չգիտեմ, մենք սպասում ենք նաեւ, որ հայտարարություն կլինի կուսակցության անունից եւ Հանրապետական կուսակցության կողմից: Ինչ վերաբերում է անձերին, մենք մասնակցություն ունեցել ենք, երբ որ կուսակցությունը կազմակերպել է քննարկումներ՝ կապված համագործակցության ֆորմատի, համագործակցության գնա՞լ, թե՞ չգնալ:

Մենք էլ մարզային կառույցներով ներկա ենք եղել, մենք էլ մեր տեսակետները ներկայացրել ենք, իհարկե: Ինչ վերաբերում է անձնավորված խնդիրների, ես՝ որպես կուսակցական, մի բան կարող եմ ասել՝ կուսակցությունն ինքը կորոշի, եթե գտնի, որ որեւէ մեկ կուսակցական կարող է կատարել այս կամ այն պարտականությունը, ինքը կառաջարկի այդ մարդկանց, կհրապարակի: Այսքան բան կարող եմ ասել՝ որպես կուսակցական: Եթե ինչ-որ բան ինձ հետ կապված լինի, իրենք կորոշեն, իրենք կհրապարակեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, թե ձեր համաձայնությունը չե՞ն հարցնի՝ չե՞ն ասի՝ պատրա՞ստ եք արդյոք Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնել, Հովսեփ Սիմոնյանն ասաց. «Ասեմ, որ ամեն մի կուսակցական ընկերոջ թեկնածություն չեն առաջադրում այս կամ այն պաշտոնին, բնական է, ես վստահ եմ նաեւ մեր ընկերների կարողության վրա, որ իրենք շատ լավ գիտեն, թե իրենց կուսակցական որ ընկերը որ պարտականությունը ի վիճակի է կատարելու: Մենք այս պահին նման բաներ չունենք, երբ որ կուսակցությունը կհայտարարի, կհրավիրեն, ես կուսակցական եմ, ինչ որոշում կայացրեցին, ես պատրաստ եմ այդ որոշումը կատարելու»:

Հարցին՝ թե մեզ հասած տեղեկություններով երեկ եղել եք մայրաքաղաքում, ՀՅԴ Գերագույն մարմնում՝ վերջնականորեն որոշելու, թե Շիրակի մարզպետի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն են ներկայացնելու ՝ ձե՞ր, թե՞ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի, Հովսեփ Սիմոնյանն ասաց. «Մենք՝  ես ու Հակոբ Մաթիլյանը շատ լավ ընկերներ ենք, կուսակցականներ ենք:

Դաշնակցությունը, ի տարբերություն շատ այլ կուսակցությունների, եթե որոշում կայացնի, ինքը կհրապարակի: Ես հասկանում եմ հրապարակումները, մտածում են՝ չճանաչելով  թե՛ Մաթիլյան Հակոբին, թե՛ ինձ, մենք բացի այն, որ կուսակցական ընկերներ ենք, շատ-շատ-շատ հարազատ, մոտ ընկերներ ենք, այդպիսի բան գոյություն չունի, կուսակցությունը ինչ որոշեց ես, ե՛ւ Մաթիլյան Հակոբը, ե՛ւ Պողոսյան Պողոսը անկախ ամեն ինչից պարտավոր ենք կուսակցության որոշումը կատարելու: Ինչ որոշում կայացրեցին, որպես պարտաճանաչ դաշնակցական՝ հաստատ վստահ եղեք, որ ես պարտականությունս իմ կուսակցության առաջ կկատարեմ»:

Ճշտող հարցին՝ այսինքն, եթե կուսակցությունը  որոշի, որ դուք եք լինելու Շիրակի մարզպետը, դուք չե՞ք հրաժարվի, կհամաձայնե՞ք սոցիալապես այս ծանր մարզի ղեկավարի պաշտոնը ստանձնելո՞ւ: «Ես ասում եմ կուսակցությունը ինչ որոշեց կայացրեց, ես պատրաստ եմ այդ որոշումը կատարել, եկեք «եթե»-ներով չառաջնորդվենք, սպասենք կուսակցության որոշմանը, այդ ժամանակ միգուցե այլ պաշտոնի վերաբերյա՞լ ինձ հարցեր ուղղեք, ոչ թե մարզպետի, ես չգիտեմ…»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29