Ինչպես հիշում ենք, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ի թիվս այլ հանգամանքների, իշխանությունների կողմից հիմնավորվում էր այդ միջոցով՝ Հայաստանի՝ Ռուսաստան-Իրան առևտրի տարանցիկ գոտի դառնալու հնարավորությամբ, որը ևս մեկ անգամ վերհիշվեց, երբ Իրանից հանվեցին միջազգային պատժամիջոցները: Սակայն, իրականությունը տարամիտեց այդ կանխատեսումներից:
Այսպիսով, երեկ լոլիկի առաջին խմբաքանակը Իրանից հասավ Ռուսաստան: Մոտ 20 տոննա լոլիկը Իրանի հարավից դուրս գալով ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով՝ Ադրբեջանի տարածքով հասավ Դաղստան, որտեղից էլ արդեն հասել է Աստրախան:
Աստրախանի մաքսայինում նշել են, որ Իրանից հիմնականում ներկրվում է թեյ, չիր, չամիչ, պիստակ, տոմատի մածուկ, հինա, բայց Թուրքիայի նկատմամբ ռուսական սանկցիաներից հետո ԵԱՏՄ շուկայում իրանական գյուղմթերքի վաճառքի հնարավորություն է ստեղծվել:
Աստրախանում, ԵԱՏՄ շուկա ասելով, պարզ երևում է, որ մոռացել են Հայաստանի մասին, քանի որ մենք էլ ենք հանդիսանում ԵԱՏՄ անդամ: Ավելին մեր գործընկերները նույնիսկ հնարավորություն չեն ընձեռել մեզ հանդես գալու, որպես տարանցիկ ճանապարհ, ինչի մասին տարբեր տարիներ հայտարարություններ են արել տարբեր պաշտոնյաներ:
«Հայաստանն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ հանդիսանալ»,- ըստ «Արմենպրես»-ի՝ 2014 թ.-ին նշել էր այն ժամանակ դեռ նախագահի խորհրդական իսկ այժմ ԵՏՀ Կոլեգիայի նախարար Կարինե Մինասյանը:
Հայաստանի վարչապետը նույն 2014-ին, երբ Հայաստանը պաշտոնապես դեռևս ԵԱՏՄ անդամ չէր, Իրան կատարած այցի շրջանակներում նույնպես խոսելով Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցությունից, շեշտել էր,- «այն հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն»՝ նկատի ունենալով հենց Հայաստանի՝ Իրան-ԵԱՏՄ կապող օղակ դառնալու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Տեղափոխվելով 2016թ., երբ Հայաստանը արդեն ԵԱՏՄ լիիրավ անդամ է, տեսնում ենք, որ Իրանը ԵԱՏՄ-ի կապող օղակը փաստացի հանդիսանում է Ադրբեջանը: Այս ֆոնին զարմանալի չէ, որ ռուսական երկաթուղիները գումար են ներդնում հենց Իրան-Ադրբեջան և ոչ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մեջ:
Հարկ է նկատել, որ Իրանից Ռուսաստան լոլիկներ հասնելու նույն օրը, զավեշտալի պատահականությամբ ՌԴ-ից հետ է ուղարկվում Հայաստանից ներմուծված 22 տոննա լոլիկի խմբաքանակը, Ռուսաստանում կարանտինի տակ գտնող մակաբույծ միջատներ հայտնաբերելու պատճառով:
Այսպիսով, քանի դեռ Հայաստանցի պաշտոնյաները ԵԱՏՄ մտնելուց առաջ շատ լավատեսական տրամադրություններ ունեին, գոնե Ռուսաստան-Իրան տարանցիկ ճանապարհ հանդիսանալու համար, սակայն փաստացի նույնիսկ, երբ Թուրքիայից արտահանումը Ռուսաստան կրճատվել է մոտ 10%-ով, իսկ Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումից հետո Իրան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը աճելու միտում ունի, մեր ԵԱՏՄ գործընկերները մեզ դուրս են թողնում այդ առևտրին որևէ առնչություն ունենալու հնարավորությունից:
Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գուցե Հայաստանի տարանցիկ ճանապարհները վատ են՝ հատկապես այս ձմռան բուք ու բորանին: Գուցե ժամանակին պիտի արագ կարգավորվել Հայաստանի ճանապարհները ու պատրաստ լիներ մեծաքանակ բեռնափոխադրումների: Քնած մնացել ենք ու հիմա բողոքում ենք: Նախքան վերջնական եզրակացության հանգելու, ստուգեք պատճառը՝ թե իրանական կողմից, թե՛ հայկական կողմից:
Գուցե էլ հենց այն է՝ ինչ գրել եք: