Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել hանրապետության նախագահի աջակցությամբ բնակարանի կարիք ունեցող զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին նոր բնակարաններ նվիրելը: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական: Համոզված եղեք, որ զոհված ու վիրավոր մեր ազատամարտիկների ընտանիքները մշտապես եղել ու մնալու են մեր ուշադրության կենտրոնում, և մենք նաև այս կերպ ենք արտահայտելու մեր խոնարհումն ու հարգանքը՝ մեր հերոս հայորդիների հիշատակի առջև»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցուն:
Հարկ է նշել, որ Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի ու մինչ օրս նրա ընտանիքը բնակվել է նույն այդ տարածքում, ինչը հաշվի առնելով էլ Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել էր Ագուլեցու ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում:
Շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ առողջ վայելեն իրենց նոր բնակարանները:
Երևանի քաղաքապետարան