Շիրակի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ականներին հանձնելու ՀՀԿ վերնախավի որոշումը կարծես վերջնական չէ: Չնայած երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը պաշտոններ վերաբաշխելու հետ կապված լրագրողներին ասել էր, թե «հիմնականում ճիշտ ուղղության վրա եք», այսօր նոր զարգացումներ են տեղի ունեցել Շիրակի մարզի մասով:
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները դարձյալ մեկնել էին մայրաքաղաք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում վերջնականորեն որոշելու, թե Շիրակի մարզպետի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն են ներկայացնելու նախագահին՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի՞, թե՞ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի:
Մեր աղբյուրները պնդում են, որ դաշնակցականները վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեզ հասած տեղեկություններով, բանն այն է, որ որոշակի խմորումներ կան այս կուսակցության ներսում. ՀՅԴ-ականները բաժանվել են երկու թեւի՝ մի մասը պաշտպանում է Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը, մյուսը՝ Հովսեփ Սիմոնյանի: Վերջինիս թեկնածությունն առաջ է քաշել ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից Շիրակի մարզպետ վերանշանակվելու հարցում մերժում ստանալուց հետո: Վերջինս պնդել է՝ եթե ինձ մերժում եք, ուրեմն պիտի քննարկեք Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը:
Ըստ նախկին ՀՅԴ-ականների, Ռոմիկ Մանուկյանի ու Հակոբ Մաթիլյանի հարաբերությունները վաղուց նորմալ չեն: Մայրաքաղաքի դաշնակցականները կողմ են Հակոբ Մաթիլյանի՝ Շիրակի մարզպետ դառնալուն, Ռոմիկ Մանուկյանը իր թեւով կտրականապես դեմ է: Այդ պատճառով էլ հարցը վերջնականապես չի լուծվում:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական խմորումներից ու վերջնական համաձայնության չգալուց բացի, մարզի պաշտոնյաների հավաստմամբ, Սերժ Սարգսյանին լրջորեն մտորելու առիթ են տվել Շիրակի մարզի գյուղապետերը, որոնք սպառնում են ոտքի կանգնել մարզպետի փոփոխության դեպքում: Բանն այն է, որ գյուղապետերի մեծ մասը՝ թվով 71-ը Հանրապետական են, 29-ը՝ անկախ են, մնացածները՝ տարբեր կուսակցություններից: Նրանց գերակշռող մասը բացարձակ համաձայն չէ մարզպետի փոփոխությանը: Պատճառը ոչ թե ՀՅԴ-ի ներկայացրած անձերին չընդունելն է կամ էլ Ֆելիքս Ցոլակյանի նկատմամբ տածած սերը, այլ իրավիճակը ճիշտ գնահատելն է: Շիրակի մարզի պատմության մեջ թերեւս առաջին դեպքն է, որ բոլորն աշխատում են համախմբված՝ առանց ավելորդ ինտրիգների, համայնքների բյուջեն հաստատելու համար սովորույթի համաձայն «հախեր» չեն տալիս Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչությանը:
Արթիկի ու Անիի տարածաշրջանի գյուղապետերն արդեն իսկ եղել են Շիրակի մարզպետի մոտ՝ նախազգուշացնելով, որ բողոքով կհասնեն վարչապետի մոտ: Շիրակի մարզպետարանի աշխատակիցների փաստմամբ, երեկ խմբովի Շիրակի մարզպետարան են այցելել Աշոցքի տարածաշրջանի գյուղապետերը՝ Ֆելիքս Ցոլակյանին դարձյալ համոզելով խոսել նախագահի հետ ու չլքել մարզը:
Ֆելիքս Ցոլակյանի մոտ են այցելել նաեւ մարզի գրողների միության անդամները, վերջիններս նշել են, որ թեեւ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց մտահոգ են մարզի կառավարման խնդրով ու պատրաստվում են բողոք հղել երկրի նախագահին:
Գյումրու դրամատիկական թատրոնից այսօր մեզ հետ զրույցում նշեցին, որ Ֆելիքս Ցոլակյանի հետ հեշտ է համագործակցելը ու կուզենային նրա հետ շարունակել աշխատել:
Մարզի պաշտոնյաներից շատերը, պատգամավորները, նույնիսկ ընդդիմադիր զանգվածը, ակտիվիստները, լրագրողները նույնպես դեմ են, որ Ֆելիքս Ցոլակյանը լքի Շիրակի մարզպետի պաշտոնը: Համոզվելու համար բավական է մտնել ֆեյսբուք սոցիալական ցանց ու ընթերցել գյումրեցի լրագրողների ու ակտիվիստների, քաղաքի երիտասարդության ստատուսները:
Այս թեմայով ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն արդեն իսկ իր կարծիքն արտահայտել է Aravot.am-ում, այսօր Շիրակի մարզպետի մոտ էր եկել նաեւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը՝ նրա հետ այս վիճակը քննարկելու:
Նշենք, որ Շիրակի մարզպետի մոտ մեզ այսօր էլ չհաջողվել մտնել, առավոտից ներս ու դուրս էին անում մարզի գյուղապետերը, պատգամավորները, գրողները, բոլոր նրանք, որոնք համաձայն չեն մարզպետի փոփոխությանը:
Նկատենք, որ ըստ մեր տեղեկությունների, Ֆելիքս Ցոլակյանը դեմ չէ Շիրակի մարզը լքելուն, եթե նա համաձայնի շարունակել պաշտոնավարումը ու կես բառ այս մասին ասի նախագահին, կմնա իր պաշտոնում: Անկախ Ֆելիքս Ցոլակյանի կամքից, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Շիրակի մարզը ՀՅԴ-ին հանձնելու պահով արդեն տարակուսանքի մեջ է:
Շիրակցի պաշտոնյաները նշում են, որ Գյումրի քաղաքի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը փոխադարձ հարգանքով աշխատում են՝ առանց ավելորդ լարվածություն ստեղծելու: Մարզի պաշտոնյաները բազմաթիվ օրինակներ են մեջբերում, երբ Գյումրու հանգուցյալ քաղաքապետ Միքայել Վարդանյանը որոշակի լարվածություն ուներ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանի, այնուհետ՝ Ֆելիքս Փիրումյանի հետ, Վարդան Ղուկասյանը չէր բարեւում Ռոմիկ Մանուկյանին, ներքին լարվածություն կար Վարդան Ղուկասյանի ու Աշոտ Գիզիրյանի միջեւ, իսկ հիմա մթնոլորտը հանգիստ է:
ՀՀԿ-ն ստիպված է այսօր որոշել Շիրակի մարզպետի հարցը, քանի որ վաղը, ըստ մեր տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը իր մոտ է հրավիրել մարզպետներին, նախարարներին՝ բացատրելու, թե ինչո՞ւ է գնացել համագործակցության ՀՅԴ-ի հետ ու անուններ է ներկայացնելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շիրակի գյուղապետերի, թատրոնի պրոդյուսերի, ակտիվիստների կարծիքները՝ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Առաջին անգամ եմ տեսնում, որ ժողովուրդը այսքան դրական վերաբերմունք ունենա իր ղեկավարի հանդեպ: Մի գնացեք, պարոն Ցոլակյան, ժողովուրդը Ձեզ սիրում է: Դա շատ հազվադեպ է պատահում:
ՀՅԴ-ի այդ երկու գեղցի թեկնածուները վերջ են:Ամոթ է…
Պարոն Ցոլակյանը մի պարկեշտ ու ազգասեր անձնավորություն է ,ինչպես նաև իր գործին անշահախնդիր նվիրված ղեկավար։
Մի լքեք մեզ Պարոն Ցոլակյան առանց այդ էլ մենակ ենք այս դառը պայքարում։
Ինչքան մեղք ենք․․․․ լացս եկավ․․