Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան 2016. ՌԴ արտաքին քաղաքականության արդի մարտահրավերները և Հայաստանը

Փետրվար 11,2016 17:10

Գևորգ Մելիքյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական

ինստիտուտի ասոցացված փորձագետ

 ՆԱԽԱԲԱՆ

Երբ Ռուսաստանի վարքագիծն արտաքին քաղաքականության մեջ աշխարհի առաջատար երկրների և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից աստիճանաբար սկսեց ընկալվել որպես “տագնապալի” և “ագրեսիվ[1]”, իսկ Ռուսաստանը՝ որպես “ամենամեծ սպառնալիք” ԱՄՆ-ի[2] և նրա դաշնակիցների համար[3], հատկապես՝ Ղրիմի բռնակցումից (մարտի 18, 2014թ.) և Սիրիայում ռազմական միջամտությունից (սեպտեմբերի 30, 2014թ.) հետո, պատեհ առիթ է վերլուծել Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը և դրանից ածանցվող և դրա վրա կառուցված երկրի արտաքին քաղաքականության մարտահրավերները, շարժիչ գործոնները, հեռահար ծրագրերը, ազգային հայտարարված շահերը և ազգային ռազմավարական առաջնահերթությունները: Դրան զուգահեռ պետք է նաև գնահատականներ տալ հնարավոր զարգացումների վերաբերյալ, մասնավորապես` Հայաստանի մասով, որը հանդիսանում է Ռուսաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության սպառողը “երկրորդական շուկայում”, և որի վարքագիծը սեփական արտաքին քաղաքականության մեջ մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հավակնություններով:

2016թ. Ամանորի նախօրեին, երբ, ըստ խորհրդային ավանդույթի, ռուսաստանցիների մեծամասնությունը հեռուստաէկրանների մոտ նստած սպասում էր երկրի ղեկավարի շնորհավորական ուղերձին, նույն այդ ժամերին ուժի մեջ մտավ “Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության մասին” խորագրով հրամանագիրը[4]` համապարփակ մի փաստաթուղթ, որը նախորդ երկու ռազմավարությունների թարմացված տարբերակն է:

ԱՐԵՎՄՈՒՏՔ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Նոր հայեցակարգում Ռուսաստանը ներկայացնում է իր առաջնահերթությունները, ինչպես նաև խոր անհամաձայնություն է հայտնում Արևմուտքի որդեգրած գլոբալ և հատկապես՝ Ռուսաստանի հանդեպ աշխարհա-քաղաքական և տնտեսական ռազմավարության մասով: Իր նոր շեշտադրումներով և ուղղվածությամբ նոր ծրագիրը տարբերվում է թե՛ 1997թ. Ելցինի կողմից ընդունված ռազմավարությունից, թե՛ 2009թ. Մեդվեդևի ստորագրած տարբերակից: Ամենաէական տարբերություններից մեկն այն է, որ արդեն Ռուսաստանն է իր հերթին Հյուսիս-ատլանտյան ռազմական դաշինքն ամբողջությամբ համարում երկրի անվտանգության համար սպառնալիք՝ մասնավորապես նշելով. «ՆԱՏՕ-ի ուժային ներուժի ավելացումը և նրան գլոբալ գործառույթներով օժտելը, ինչն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ, դաշինքի անդամ երկրների ռազմական գործողությունների ակտիվացումը, դաշինքի հետագա ընդլայնումը, ռուսական սահմաններին նրա ռազմական ենթակառուցվածքների մերձեցումը ազգային անվտանգության սպառնալիք են ստեղծում» [5]:

Ի տարբերություն 1997թ. հայեցակարգի, որտեղ արևմտյան երկրների վարքագիծը Միացյալ Նահանգների գլխավորությամբ բնորոշվում էր որպես միակողմանի և խնդիրները լուծելու համար միջազգային իրավունքը շրջանցող կամ անտեսող[6], իսկ 2009թ. հայեցակարգը ԱՄՆ-ը (որոշ վերապահումներով) հիշատակում է որպես գործընկեր և դեռ ակնկալում է խորքային համագործակցություն ունենալ Արևմուտքի հետ տարբեր ոլորտներում, 2015թ. տարբերակը հաստատուն կերպով և ուղղակիորեն մեղադրում է Միացյալ Նահանգներին` զսպման քաղաքականության միջոցով Ռուսաստանի վրա քաղաքական, տնտեսական, ռազմական և տեղեկատվական ճնշումներ գործադրելու մեջ, և նաև հավելում, որ ԱՄՆ-ի այդ ռազմավարության հիմնական շարժառիթը Ռուսաստանի Դաշնության վարած ներքին և արտաքին անկախ քաղաքականությունն է, որը Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների մոտ առաջացնում է դիմադրություն[7]: Այն նաև ԱՄՆ-ը համարում է գլոբալ անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտը:

2000թ. Պուտինի իշխանության գալուց հետո անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մոտեցումները նոր իրողությունների և հավակնությունների լույսի ներքո սկսեցին ենթարկվել բովանդակային փոփոխությունների: 2009թ. ընդունված “Մինչև 2020թ. ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը” հայեցակարգն[8] ուղղակիորեն կապված էր 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմի հետ: Այս տարբերակում տեղ գտան նոր մոտեցումներ և կոնցեպտուալ փոփոխություններ, որոնք պայմանավորված էին նախ Պուտինի՝ գլոբալ քաղաքականության մասին ունեցած անձնական պատկերացումներով[9] և նաև` աշխարհա-քաղաքական և գլոբալ տնտեսական զարգացումներով, որոնք կրկին ուրվագծեցին և աստիճանաբար, հաճախ նաև աննկատ ձևով խորացրեցին Արևմուտքի և Ռուսաստանի միջև անդունդը:

Արևմուտքում շատերն ակնկալում էին, որ նախագահությունը ստանձնելուց հետո Մեդվեդևը Ռուսաստանը կրկին կդնի Ելցինի ժամանակների ավելի “արևմտահաճո” ուղու վրա՝ դրանից բխող համակարգային ազատականացմամբ[10] և Արևմուտքի հետ հարաբերությունների վերանայմամբ, սակայն տեղի ունեցավ հակառակը: Պուտին-Մեդվեդև տանդեմն առաջ բերեց ավելի նախահարձակ մոտեցումներ և առաջնահերթություններ, ինչպես նաև շատերի համար սկսեցին տեսանելի դառնալ գլոբալ անվտանգության մեջ պատկերացումների տարբերությունները, որոնք բյուրեղացան և ավելի հայեցակարգային դարձան հատկապես Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008թ. օգոստոսյան ռազմական բախման համատեքստում:

2007թ. փետրվարին Պուտինն ընդարձակ ելույթ ունեցավ Անվտանգության հարցերով մյունխենյան գիտաժողովի ժամանակ, և, ըստ էության, դրեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության նոր մոտեցումների հիմքը: Արևմուտքը, սակայն, դեռևս էյֆորիկ վիճակում էր և շարունակում էր ավելի շատ հիանալ Պուտինով, քան կարևորություն տալ մի շարք բնագավառներում կոնցեպտուալ տարաձայնություններին և համակարգային ակնհայտ բացթողումներին (իշխանական ուղղահայացների ամրապնդում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներ, քաղաքացիական հասարակության, ընդդիմության և այլակարծության ոչնչացման փորձեր, քաղաքական հաշվեհարդարներ, կոռուպցիա, օլիգարխիայի վերածնունդ, տնտեսական մենաշնորհներ և այլն):

Թերևս դա է պատճառը, որ 2009թ. անվտանգության հայեցակարգը ևս, որը շարադրված է առավելապես նախագահ Պուտինի նոր փիլիսոփայության ոգով, չարժանացավ արևմտյան վերլուծական կենտրոնների և քաղաքական շրջանակների անհրաժեշտ ուշադրությանը: Մինչդեռ այնտեղ արդեն իսկ տեսանելի էր գլոբալ անվտանգության մասով Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումների հատման կետերի բացակայությունը: Սկսեցին ուրվագծվել Ռուսաստանի ավելի ագրեսիվ քաղաքականության դրսևորումները՝ շեշտը դնելով բազմաբևեռության անհրաժեշտության վրա:

Մոսկվան համարում էր, որ միայն Հյուսիս-ատլանտյան դաշինքին և եղած անկատար իրավական գործիքներին ու մեխանիզմներին ապավինելով հնարավոր չէ ապահովել միջազգային անվտանգությունը, հատկապես՝ գլոբալ և տարածաշրջանային ճարտարապետության առկա պայմաններում[11]: Հայեցակարգը նշում էր նաև, որ Ռուսաստանը սեփական դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդելու համար ունի անհրաժեշտ ներուժ[12]: Թվում է՝ այս հայեցակարգում և այլուր տեղ գտած ուղերձները բավարար էին արևմտյան ուժային կենտրոններին` հասկանալու Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի գլոբալ դիրքերի թուլացմանն ուղղված Ռուսաստանի փոփոխվող ռազմավարությունը կամ, ավելի ճիշտ, նախանշված ծրագրերի աստիճանական իրականացումը:

Թեև 2008թ. օգոստոսյան դեպքերը Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը պատերազմի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո քաշեցին առաջին տեսանելի բաժանարար գծերը, Արևմուտքի որոշում կայացնողները և հայեցակարգ մշակողները, սակայն, չշտապեցին անել համապատասխան եզրակացություններ[13]: Այդ անգամ Արևմուտքը չգնաց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով՝ համարելով, որ Ռուսաստանը շատ կարևոր երկիր է մեկուսացնելու համար, և որ Մոսկվայի հետ թշնամանալը կարող է հակառակ արդյունքն ունենալ[14]:

Եթե Արևմուտքը միայն տարիներ անց կգիտակցի, որ արդեն իսկ 2008թ. օգոստոսը Ռուսաստանի կողմից միջազգային հանրությանն ուղղված ազդանշան էր գլոբալ քաղաքականությունը պարադիգմատիկ շտկումների ենթարկելու և խմբագրելու փորձերի մասին, ապա Ռուսաստանի համար Արևմուտքի չեզոքությունը ռուս-վրացական հակամարտության մեջ ընկալվեց որպես համաձայնություն այն փոփոխությունների մասով, որոնք ամրագրվեցին ՌԴ-ի 2009թ.  անվտանգության նոր հայեցակարգի մեջ, այսպես ասած, Արևմուտքի “քթի տակ”: Այսինքն, Արևմուտքի կողմից արձագանքի բացակայությունը կամ դրա թույլ լինելն ավելի վստահություն ներշնչեցին ռուսական քաղաքական վերնախավին` առ այն, որ իր որդեգրած մոտեցումներն ընկալվում են բացառապես Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության լույսի ներքո և առնչություն չունեն միջազգային իրավունքին կամ մեկ այլ երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ոտնահարելուն: Պուտինի վարչակազմը համարեց, որ Արևմուտքն ընդունել է կամ շուտով կընդունի Ռուսաստանի «անդամակցությունն ակումբին», և, ի վերջո, Ռուսաստանը կունենա գերտերության կամ նոր բևեռի կարգավիճակ:

Եվ, թեև ոմանք համարեցին, որ Աբխազիան և Հարավային Օսիան անկախ ճանաչելով և ռազմական ներկայություն ապահովելով Մոսկվան վրեժ է լուծում Արևմուտքից` առանց Ռուսաստանի մասնակցության և կարծիքը հաշվի առնելու, Հարավսլավիան ռմբակոծելով մասնատելու և Կոսովոյին անկախություն տալու համար[15], սակայն Մոսկվան շարունակում էր հավակնել, որ մեծամասնության համար իր գործողություններն իրավաչափ են, և ինքն էլ որպես աշխարհա-քաղաքական բևեռ առաջնորդվում է բացառապես գլոբալ անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմամբ` որոշ դեպքերում նաև շրջանցելով միջազգային իրավունքը, քանի որ այդ քայլերն ուղղված են ազգային շահերի պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելուն:

Ռուսաստանի անվտանգությանն առնչվող նոր մոտեցումները բյուրեղացան նաև արտաքին քաղաքականության հայեցակարգերի մեջ` նախ` 2000թ., ապա` 2008թ. և վերջինը՝ 2013թ.՝ բոլորն էլ Պուտինի խմբագրմամբ: Ինչպես և անվտանգության հայեցակարգերը, այնպես էլ արտաքին քաղաքականության ռազմավարություններն աստիճանաբար դառնում են ավելի ագրեսիվ և նյարդային` հիշեցնելով նաև այն մասին, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել՝ որպես հավասարը հավասարի:

2013թ. հայեցակարգը վերլուծելիս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշում է. “Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ վարում է անկախ արտաքին քաղաքականություն, որը, պայմանավորված լինելով երկրի աշխարհագրական չափերով, աշխարհա-քաղաքական յուրահատուկ դիրքով, պատմամշակութային բազմադարյա ավանդույթներով և ռուս ազգի ինքնագիտակցությամբ, հնարավոր չէ “զսպել” անգամ տեսականորեն վերցրած[16]”: Այս անգամ ևս միջազգային հանրությունն առանձնակի ուշադրության չարժանացրեց այս հայեցակարգը[17], որը, մշակված և ընդունված լինելով մինչև ուկրաինական և սիրիական ճգնաժամերը և հաշվի առնելով 2008թ. իրադարձությունները, Ռուսաստանի ռազմավարական և մարտավարական հավակնությունները գլոբալ քաղաքականության մեջ բարձրացրեց նոր մակարդակի և նախանշեց երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները մոտակա տարիների համար:

ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՞ ՀԵՏ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՆՐԱ

Գլոբալ քաղաքականության մեջ 2014թ. Արևմուտքի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար դարձավ անկյունաքարային` առաջ բերելով մարտահրավերներ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար: Ուկրաինական և սիրիական դեռ չավարտված ճգնաժամերը խորացրել են լարվածությունը` փաստացի ընդգծելով բևեռների առկայությունը: Շատերի համար անսպասելի այդ զարգացումները լակմուսի թղթի պես ավելի առարկայորեն ցույց տվեցին Ռուսաստանի այն հավակնությունները, որոնք կարմիր թելի նման անցնում են ՌԴ անվտանգության և արտաքին քաղաքականության բոլոր հայեցակարգերի միջով` այն տարբերությամբ, որ այդ թելը ոմանց համար տեսանելի է, ոմանց համար՝ ոչ, կամ էլ պատշաճ ուշադրության չի արժանացել: Այն նաև կարող է տարբեր իրավիճակային շեշտադրումներ և երանգներ ստանալ, և ըստ հանգամանքների՝ “բարակել” կամ “հաստանալ”, այսինքն` դառնալ ավելի փափուկ կամ ավելի կոշտ:

2016թ. հունվարյան մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովի հնչեցրած մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ գլոբալ քաղաքականության մեջ կա “բարի”, պատրաստակամ և միջազգային իրավունքը հարգող Ռուսաստան և նրան հակադրվող “չար” Միացյալ Նահանգներ, որը պատրաստ է անգամ Եվրոպայի երկրների բարօրության հաշվին չարաշահել Ռուսաստանի համբերությունը և մերժել համագործակցությունը:

Պուտինյան Ռուսաստանը մեծ հավակնություններ է ցուցաբերում միջազգային ասպարեզում և փորձում է հանդես գալ որպես “game-changer[18]” կամ ստատուս քվոն փոփոխող` ոչ միայն սիրիական ճգնաժամի համատեքստում, այլ հատկապես` միջուկային զենքի, հակահրթիռային համակարգերի, ՆԱՏՕ-ի հետ հակադրման և աշխարհա-քաղաքական կարևորություն ունեցող այլ ոլորտներում՝ փորձելով հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը՝ ընդգրկելով թե՛ արևմուտքը և թե՛ հատկապես արևելքը (Մերձավոր Արևելք, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիա):

Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելիս շատերը կարծիք և նույնիսկ համոզմունք են հայտնում, որ այդ քայլերի նպատակն է վերականգնել կամ ամրապնդել ազդեցության ոլորտները նախկին Խորհրդային Միության տարածքում և անդին՝ կայսերապաշտական նկրտումներով դրդված: Իրականությունը թերևս մի փոքր այլ է. Պուտինի նպատակը Ցարական Ռուսաստանի վերականգնումը չէ և ոչ էլ նոր աշխարհակարգի հաստատումը[19]: Դա իրականում կլինի ժամանակի և ռեսուրսների վատնում: Ինչպես և ուղղափառության վրա շեշտադրումը, հակաարևմտյան քարոզչությունը, ռուսական աշխարհի կոնցեպտը, Ստալինի կերպարի վերականգնումը, ռազմական ակտիվությունը Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում, այնպես էլ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և այլ արդյունավետ կամ անարդյունավետ կառույցների ստեղծումը միջոցներ և գործիքներ են ավելի մեծ նպատակի հասնելու համար:

Ռուսաստանի ամենամեծ և առաջնային թիրախը ԱՄՆ-ն է[20] կամ նրա հեգեմոնիկ դիրքը գլոբալ քաղաքականության մեջ: Ցանկանալով, սակայն դժվարանալով մարտահրավեր նետել վերջինիս՝ Ռուսաստանը դեռ բավարարվում է այլ թիրախներով՝ աշխարհում փորձելով ստեղծել իրենից կախվածություններ և պառակտումներ, որտեղ հնարավոր է: Դոնբասյան հակամարտությունը հրահրելը, Ղրիմի բռնակցումը և Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը մեծ ռազմավարության փոքր բաղադրիչներն են, որի վերջնանպատակը Ռուսաստանի և քաղաքական վերնախավի անվտանգությունն է՝ ի հաշիվ Եվրոպայի տնտեսական թուլացման, ԵՄ-ԱՄՆ  տանդեմի քաղաքական պառակտման, հիմնական խաղացողների ռազմա-քաղաքական ընդհանուր անկայունության, ներգաղթյալների խնդիրների վրա կապիտալ կուտակելու, արտերկրում լոբբիստական կառույցների և ազգայնական տարրերի ֆինանսավորման (այդ թվում՝ Ուկրաինայում և Հարավային Կովկասում), իսկ հեռահար և փափագելի նպատակներից մեկը Հյուսիս-ատլանտյան դաշինքի ռազմա-քաղաքական կարողությունները երկարաժամկետ կտրվածքով շարքից դուրս բերելն է:

Այս համատեքստում դժվար է համաձայնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի այն մտքի հետ, որ Ռուսաստանը փորձում է փոխել Եվրոպայի սահմանները[21]: Իրատեսական քաղաքականության մեջ դա հավասարազոր կլիներ ինքնասպանության: Ռուսաստանը, թերևս, դեմ չէր լինի նման զարգացման, սակայն նա ավելի շատ կփորձի տարբեր ուղիներով ներազդել արևմտյան երկրների ներքին խնդիրների վրա և սեղմել վերջինիս թույլ տեղերին, քան հավակնել Արևմուտքի հետ բացահայտ առերեսման: Այս առումով Ռուսաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկը կլինի հեռահար ծրագրերը և հավակնությունները քողարկելը, սակայն, միևնույն ժամանակ, Արևմուտքի հետ հնարավորինս լավ հարաբերություններ պահպանելը, որքան էլ, որ դա դժվար է լինելու՝ հատկապես արևմտյան պատժամիջոցների համատեքստում, որոնք ցուցադրեցին ռուսական տնտեսության լուրջ կախվածությունը զարգացած տնտեսություններից[22]: Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտելու է անել հնարավորինը` պատժամիջոցների չեղարկմանը հասնելու համար: Մոսկվան մտել է մեծ խաղի մեջ, որը կարող է վատ հետևանքներ ունենալ բոլոր կողմերի համար, թեև այստեղ ամենամեծ հարցը նաև այն է` որքանո՞վ Մոսկվայի ցանկությունները կհամապատասխանեն նրա հնարավորություններին:

Անշուշտ, Ռուսաստանն ունի հրապարակային իր օրակարգը ևս, որը պարունակում է ազգային շահեր և տեսլականներ` արտաքին քաղաքականության մասով, և որի բաղադրիչները, ինչպես արդեն նշեցինք, արձանագրված են երկրի անվտանգության ռազմավարության և արտաքին քաղաքականության հայեցակարգում: Սակայն այստեղ ևս Ռուսաստանը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների, որոնք առաջին հերթին արտահայտվում են Արևմուտքի հետ հարաբերությունների առավել բացասական խորապատկերով և մերձավորարևելյան “ճահճում” խրվելով: Դրանք նաև Հարավային Կովկասում, Թուրքիայում և Կենտրոնական Ասիայի երկրներում ազդեցության պահպանման և ռիսկերի նվազեցման հետ կապված դժվարություններն են[23], ինչպես նաև՝ Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում հեղինակության վերականգնումը: Դա նաև Ռուսաստանին սպառնացող ռադիկալ իսլամի վտանգն է: 2016թ. Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը կլինի նաև Ճապոնիայի հետ տարածքային խնդիրների լուծումը:

ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Ամենադժվար հաղթահարվող խնդիրներից մեկը Ռուսաստանի հանդեպ անվստահության շատ ցածր աստիճանն է` գրեթե բոլորի, անգամ դաշնակիցների կողմից: Մինչև 2014թ. Ռուսաստանը որոշակիորեն վայելում էր Արևմուտքի ռազմա-քաղաքական և ակադեմիական որոշ շրջանակների համակրանքը: Համակրանք ունեին նաև նրանք, ովքեր Ռուսաստանի հետ կապված էին բիզնես շահերով: Սակայն ուկրաինական և սիրիական ճգնաժամերը ստիպեցին շտկումներ մտցնել այդ մոտեցումներում, և, ըստ էության, 2016թ. Ռուսաստանի համար մեծագույն մարտահրավեր է լինելու արտաքին քաղաքականության մեջ առանց ձեռնաշղթաների գործելը:

Մեծ քաղաքականության մեջ շատ հարցեր կարող են լուծվել նաև ֆինանսական բաղադրիչի ներարկմամբ: Սակայն, ինչպես հայտնի է, այստեղ ևս Ռուսաստանը կանգնած է լուրջ խնդիրների առջև, և, եթե համարենք, որ Արևմուտքը միտումնավոր է ածխաջրածինների գները ցածր պահում և մեծ խաղի մեջ մտցնում նաև Իրանին, ապա կարող ենք ենթադրել, որ Արևմուտքը լուրջ վտանգներ է տեսնում Ռուսաստանից` փորձելով հարվածել նրա թույլ տեղերին: Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը. Ռուսաստանը մասնատելու կամ անկյուն մտցնելու մարտավարությունը, որն աստիճանաբար ուղղվում է անձամբ Պուտինի և նրա մերձավորների դեմ, կարող է ստիպել վերջինիս ոչ թե նահանջել, կոռուպցիայում մեղադրվելու հետևանքով պատվազրկվել սեփական քաղաքացիների ու գործընկերների աչքերում, վտանգել իր իշխանությունը և ֆինանսական ողջ բուրգը, այլ գնալ վա-բանկի: Սա բավականին վտանգավոր զարգացում կարող է լինել՝ հաշվի առնելով միջուկային զենքի առկայությունը և ՌԴ ռազմական հայեցակարգերում տեղ գտած այն դրույթները, համաձայն որոնց` ռուսական կողմը կարող է օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան Ռուսաստանի հանդեպ լայնամասշտաբ ագրեսիայի[24]:

Արևմուտքը և Ռուսաստանը միմյանց չեն վստահում հավասարապես և խոսում են լրիվ տարբեր լեզուներով և, թեև, հաճախ են գործածում նույն եզրույթները և հասկացությունները, սակայն տրվում են իրարից շատ տարբերվող մեկնաբանություններ[25], և հիմնական պատճառը մտածողության ձևի, աշխարհայացքների և մոտեցումների տարբերությունն է: Արդյունքում  Ռուսաստանի և Արևմուտքի շահերը և դիրքորոշումները դառնում են անհամատեղելի և իրար հակասող, իսկ միմյանց գործողություններում երկու կողմն էլ տեսնում է լուրջ սպառնալիքներ:

Փոխադարձ վստահության վակուումը կարող է վերանալ, և Արևմուտքի հետ հարաբերությունները` բարելավվել, եթե Ռուսաստանում լինեն ժողովրդավարական լուրջ բարեփոխումներ, ինչը Ռուսաստանի ամենաթույլ և ամենախոցելի տեղերից մեկն է: Սա, իհարկե, քիչ հավանական սցենար է գոնե մոտակա 10-15 տարիների համար: Ռուսաստանին կցանկանան հասկանալ կամ նույնիսկ՝ ընդունել, եթե վերջինիս քաղաքական վերնախավը հրաժարվի իշխանական, ֆինանսական և այլ բուրգեր կառուցելուց, անօրինական ճանապարհով ահռելի դրամական միջոցներ կուտակելուց և մարդու ամենատարրական իրավունքները ոտնահարելուց, կամ էլ պետք է տեղի ունենան պարադիգմատիկ լուրջ փոփոխություններ և առաջանան այնպիսի խնդիրներ, որոնց հաղթահարումը կպահանջի համագործակցություն Ռուսաստանի հետ և կարող է ստիպել Արևմուտքին աչք փակել Ռուսաստանի հետ տարաձայնությունների վրա, ինչպես եղավ Իրանի միջուկային խնդրի պարագայում: Նման ընդհանուր սպառնալիք կարող են լինել միջազգային ահաբեկչությունը, բնապահպանական հիմնախնդիրները, պանդեմիկ վիրուսների տարածումը և այլն:

Հնարավոր է նաև, որ ԱՄՆ նոր վարչակազմը 2017թ. հունվարին հայտարարի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին, ինչը, սակայն, հնարավոր է միայն, եթե Ռուսաստանի վարքագիծն ընդունելի լինի կամ բարելավումը բխի ԱՄՆ-ի շահերից: Ինչպես տեսանք, Արևմուտքը մինչև ուկրաինական ճգնաժամը պատրաստ էր համագործակցել Ռուսաստանի հետ և արդեն իսկ աչք էր փակում մի շարք խնդիրների վրա, սակայն Ռուսաստանի ռազմա-քաղաքական վարքագծի և քայլերի կանխատեսելիության ցածր աստիճանը կրկին ստիպում են Արևմուտքին նոր ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ներուժն ավելացնելու ուղղությամբ[26]: ԱՄՆ-ն իր հերթին ծրագրում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում զգալիորեն ավելացնել ծանր սպառազինությունների, զրահամեքենաների և ռազմական այլ տեխնիկայի քանակությունը, և այդ քայլն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի հետագա ագրեսիան կանխելուն[27]: Այս զարգացումները, անվտանգության երկընտրանքի համաձայն, կարող են հանգեցնել սպառազինությունների նոր մրցավազքի, հատկապես` գլոբալ և տեղային ՀՕՊ համակարգերի և տիեզերքի ռազմականացման մասով, ինչպես նաև՝ կարող են ի հայտ գալ էթնիկ կամ կրոնական հակամարտությունների նոր օջախներ:

Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, աշխարհա-քաղաքական և տնտեսական պորտալարով կապված է Ռուսաստանի հետ և հանդիսանում է վերջինիս քաղաքականության սպառողը: Միջազգային տարբեր տրամաչափի խաղացողների համար Հայաստանը դիտվում է որպես Ռուսաստանի արբանյակ, որտեղից էլ նրա հանդեպ համապատասխան վերաբերմունքն է միջազգային կառույցներում և միջազգային հեղինակության անկումը` հատկապես ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության և տարբեր ոլորտներում (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, կոռուպցիա, օլիգարխիկ համակարգ, տնտեսություն, ժողովրդագրություն և այլն) առկա խնդիրների պայմաններում Ռուսաստանն ունի արդյունավետ լծակներ և հստակ գործիքակազմ` Հայաստանին զրկելու ինքնուրույն քաղաքականություն վարելու ցանկությունից և հնարավորությունից: Դա կարող է արտահայտվել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին ավելի ակտիվ մասնակցությամբ, նոր ու ավելի արդյունավետ գործող և վստահելի ռուսամետ քաղաքական ուժերի ձևավորմամբ, ինչպես նաև՝ գործող կուսակցություններին ֆինանսավորելով և մեդիադաշտում նոր նախագծեր իրականացնելով:

Ենթադրելի է, որ Ռուսաստանն իր որդեգրած ռևիզիոնիստական ռազմավարության իրականացման համար հստակ դերակատարություն է վերապահել Հայաստանին: Քանի դեռ Արևմուտքի հետ հարաբերությունները մնում են ջղաձգված, Ռուսաստանը բոլոր հարթություններում Հայաստանին փորձելու է պահել իր հակա-արևմտյան քաղաքական ծիրի մեջ, և այս առումով Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է լինելու ԵՄ-ի և հատկապես՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հետագա արդյունավետ խորացումը: Շատ հարցերում Ռուսաստանը կարող է նաև “թաքնվել” իր դաշնակիցների թիկունքում և թողնել, որ առաջին հարվածն իր վրա վերցնեն հենց նրանք: Ռուսաստանը կարող է նաև խաղարկել հայկական հարցի գործոնը՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները պարզելիս և Ադրբեջանի վրա որոշակի ճնշումներ գործադրելիս, ինչպես նաև՝ սփյուռքի գործոնը՝ Սիրիայում անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և այլ հարցերում օժանդակելու գործում, որն էլ կարող է բումերանգի էֆեկտով հարվածել Հայաստանին: Հնարավոր է նաև, որ Ռուսաստանի համար վերջին տարիների լարվածությունները Արևմուտքի հետ և շատ հարցերում մերժված լինելու զգացողությունը “կոմպենսացվեն”` դաշնակիցների հաշվին կապիտալ կուտակելով և ավելի կոշտ լինելով նրանց հանդեպ, ում վրա “ուժը պատում է”:

Հարավային Կովկասը, հատկապես նրա թույլ օղակները, շարունակելու են մնալ ՌԴ-ի ուշադրության առանցքում: Ռուսաստանը պետք է ձգտի ամեն գնով “վերադարձնել” Վրաստանը և փոխշահավետ գործնական հարաբերություններ պահպանել տնտեսապես թուլացող և անկանխատեսելի դարձող Ադրբեջանի հետ: Այն նաև կարող է Հայաստանի շահերից բնավ չբխող քայլեր կատարել: Ռուսաստանի կողմից կարող է օգտագործվել իրանական գործարքի հայկական էյֆորիան` Արևմուտքի հետ հակադրության համատեքստում և դրդել Իրանին` ակտիվացնելու ֆինանսա-տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ՝ փորձելով այնուհետև իր ձեռքը վերցնել բոլոր այդ ակտիվները, ինչպես եղավ իրանական գազատարի պարագայում:

Ռուսաստանին անհրաժեշտ է վերահսկելի և կանխատեսելի Հայաստան, ինչին հասնելու համար Ռուսաստանին պետք են ֆինանսական միջոցներ, որոնց բացակայությունը, բայց ցանկալի արդյունքի հասնելու ձգտումը կարող է ավելի անզիջում դարձնել Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Իր հերթին Հայաստանը պետք է զգուշանա իսլամական ահաբեկչության թիրախ դառնալու հեռանկարից, եթե շարունակի ակնհայտ ոգևորվել Իրանով, Ադրբեջանի մասնատման մտքով, ինչպես նաև՝ քրդական և թալիշա-լեզգիական անջատողականությամբ:

Նման զարգացումները հուշում են, որ Հայաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկն է լինելու գտնել անհրաժեշտ ռեսուրսներ և կամք` անկախ գործելու, մանևրելու և արդյունավետ բազմավեկտոր քաղաքական և տնտեսական ռազմավարություն մշակելու համար:

Հետազոտությունը կարող եք կարդալ նաև ՄԱՀՀԻ կայքէջում՝

«Անվտանգության  քաղաքականությունների  քննարկումների  բարելավումը  Հայաստանում»  ծրագիր   (NED)

Գևորգ Մելիքյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Քաղաքական զարգացումներ և կայունություն ծրագրում ասոցացված փորձագետ է: Նա արտաքին, անվտանգության ու ներքին քաղաքականությունների հարցերում անձնական, ակադեմիական ու մասնագիտական նշանակալի փորձառություն ունեցող քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ և քաղաքական խորհրդատու է:

 

[1] ԱՄՆ պաշտպանության քարտուղար Քարտերի դիտարկումները Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, հունվար, 2016թ.

https://www.defense.gov/News/News-Transcripts/Transcript-View/Article/644230/remarks-by-secretary-carter-at-the-world-economic-forum-in-davos-switzerland

[2] Russia is greatest threat to the U.S., says Joint Chiefs chairman nominee Gen. Joseph Dunford, The Washington Post, հուլիսի 9, 2015թ., https://www.washingtonpost.com/news/checkpoint/wp/2015/07/09/russia-is-greatest-threat-to-the-u-s-says-joint-chiefs-chairman-nominee-gen-joseph-dunford/

[3] Russia is endangering world order, says Pentagon chief Ash Carter, Independent, նոյեմբերի 8, 2015թ. https://www.independent.co.uk/news/world/americas/russia-is-endangering-world-order-says-pentagon-chief-ash-carter-a6726111.html

[4] Указ Президента Российской Федерации от 31 декабря 2015 года N 683 “О Стратегии национальной безопасности Российской Федерации”. https://www.rg.ru/printable/2015/12/31/nac-bezopasnost-site-dok.html (պաշտոնական աղբյուրը՝ www.pravo.gov.ru)

[5] Նույն տեղը

[6] Концепция национальной безопасности Российской Федерации, 1997г. https://www.scrf.gov.ru/documents/1.html

[7] “О Стратегии национальной безопасности Российской Федерации”, op. cit.

[8] Стратегия национальной безопасности Российской Федерации до 2020 года, մայիս, 2009թ. https://kremlin.ru/supplement/424

[9] Выступление В.В. Путина на Мюнхенской конференции по вопросам политики безопасности, փետրվար, 2007թ. https://archive.kremlin.ru/appears/2007/02/10/1737_type63374type63376type63377type63381type82634_118097.shtml

[10] Россия 2008. Отчет о трансформации: Введение. Բուխարեստ, 2009թ. https://www.energystate.ru/books/book_43.html

[11] Стратегия национальной безопасности Российской Федерации до 2020 года. Գլուխ 2

[12] Նույն տեղը

[13] The Crimea Conflict and the Lessons from Georgia, Սաբա Բերիձե, մարտ, 2014թ. https://harvardpolitics.com/world/crimea-conflict-lessons-georgia/

[14] Georgian Lessons: Conflicting Russian and Western Interests in the Wider Europe, Յանուշ Բուգայսկի, CSIS, 2010 https://csis.org/files/publication/102110_Bugajski_GeorgianLessons.WEB.pdf

[15] War and Governance: International Security in a Changing World Order, Ռիչարդ Ուայց, Praeger 2011, էջ 135

[16] Внешнеполитическая философия России, Ս. Լավրով, Международная жизнь, մարտ, 2013թ., https://archive.mid.ru//brp_4.nsf/newsline/01963BDE34F0EFDF44257B3C00435C17

[17] The New Russian Foreign Policy Concept: Evolving Continuity, Անդրյու Մոնագան, Chatham House, ապրիլ, 2013թ., https://www.chathamhouse.org/sites/files/chathamhouse/public/Research/Russia%20and%20Eurasia/0413pp_monaghan.pdf

[18] Syria conflict: Russia’s intervention lifts crisis to new level, հոկտեմբեր,  2015թ., https://www.bbc.com/news/world-middle-east-34418849

[19] This Is What Putin Really Wants, The National Interest Magazine, Ֆիոնա Հիլլ, փետրվար, 2016թ., https://www.nationalinterest.org/feature/what-putin-really-wants-12311

[20] Sergey Lavrov: On one thing we agree with our Western colleagues – there will be no more ‘business as usual’, Ժիլբեռ Դոկտորոյի մեկնաբանությունը, հունվար 2016

https://usforeignpolicy.blogs.lalibre.be/archive/2016/01/28/sergey-lavrov-on-one-thing-we-agree-with-our-western-partner-1149202.html

[21] Fearful of Russia, Europe’s defense cuts slow: NATO data, Reuters, հունվար, 2016թ., https://www.reuters.com/article/us-nato-spending-idUSKCN0V61TS

[22] Запад боится обвала Кремля, Լիլիա Շևցովա, հունվար, 2016թ., https://nv.ua/opinion/shevcova/zapad-boitsja-obvala-kremlja-94108.html

[23] How to Avoid War With Russia, The National Interest, հունվար, 2016թ., https://www.nationalinterest.org/feature/how-avoid-war-russia-15054?page=5

[24] Военная доктрина Российской федерации, ապրիլ, 2000թ., https://www.ng.ru/politics/2000-04-22/5_doktrina.html և Terrorism: Commentary on Security Documents. Vol. 119 (Catastrophic Possibilities Threatening United States Security), Kristen et al., Oxford University Press, 2011, էջ 172-173

[25] The New Russian Foreign Policy Concept: Evolving Continuity, op. cit.

[26] Remarks by Secretary Carter at the World Economic Forum in Davos, Switzerland, հունվար, 2016թ., https://www.defense.gov/News/News-Transcripts/Transcript-View/Article/644230/remarks-by-secretary-carter-at-the-world-economic-forum-in-davos-switzerland

[27] U.S. Fortifying Europe’s East to Deter Putin, The New York Times, հունվար, 2016թ. https://www.nytimes.com/2016/02/02/world/europe/us-fortifying-europes-east-to-deter-putin.html?_r=0

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29