Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի պատասխանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանին

Փետրվար 11,2016 17:10

Օրերս Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրինությունը հայտարարություն էր տարածել, տարակուսանք հայտնելով, թե ինչո՛ւ վարկանիշավորման արդյունքների պաշտոնական հրապարակումներում անդրադարձ չի կատարվել ճեմարանի՝ գործընթացին չմասնակցելու դիրքորոշմանը:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց վարկանիշավորումն իրականացրած ԿԳ նախարարության համապատասխան կառույցի՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանից:

Պարոն Պողոսյանը տարօրինակ որակեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրինության կողմից ԶԼՄ-ներին ուղղված հայտարարության տեքստը՝ հավելելով, ԿՏԱԿ-ը միշտ պատրաստ է ցանկացած դպրոցի հետ քննարկել վարկանիշավորման մեթոդաբանությունը, ինչը եւ արել է ինչպես մնացած դպրոցների, այնպես էլ Անանիա Շիրակացու դպրոցի տնօրինության հետ:

Նա հատուկ ընդգծեց, որ ԿՏԱԿ-ը ի սկզբանե որոշում է կայացրել երբեք չանդրադառնալ որեւէ ուսումնական հաստատության, որը չի ցանկանում մասնակցել վարկանիշավորմանը: «Մենք նույնը արել ենք թե բուհերի, թե հանրակրթական ուսումնական հաստատությունների պարագայում, քանի որ մեր խորին համոզմամբ մեր անդրադարձը՝ իրենց չմասնակցելու պատճառների վերաբերյալ, կարող է սուբյեկտիվության դրսեւորում լինել: Ուստի եւ չենք անդրադարձել որեւէ ուսումնական հաստատության, որը ինչ-ինչ պատճառներով չի ցանկացել մասնակցել վարկանիշավորմանը:

Ինչ վերաբերում է հայտարարության տեքստի մեջ նշված իրենց պատճառներին, թե ինչու չեն մասնակցել վարկանիշավորմանը, ապա ասեմ, որ մասնակցել են ուսումնական հաստատություններ, որոնք ունեն հեղինակային ծրագրեր, դպրոցներ, որոնք իրականացնում են միջազգային կրթական ծրագրեր, դպրոցներ, որոնք իրականացնում են այլընտրանքային կրթական ծրագրեր, եւ այդ հանգամանքը նրանց չի խանգարել, որպեսզի մասնակցեն վարկանիշավորմանը:

Իմ խորին համոզմամբ, իրենց մասնակցությամբ տվյալ դպրոցները նաեւ օգնում են, որպեսզի մյուս դպրոցները տեսնեն, թե ինչպիսի այլընտրանքային, հեղինակային ծրագրեր կան, ինչ հաջողություններ ու ձեռքբերումներ ունեն տվյալ դպրոցները: Դա օգնում է հասկանալու, թե կրթական գործընթացները որ ուղղությամբ են շարժվում աշխարհում, ինչ նորարարություններ կան»,-հայտնեց Արտակ Պողոսյանը:

Նաեւ հավելեց. «Բնական է, որ դպրոցը ինչ-ինչ նպատակներ հետապնդելով` չի մասնակցում վարկանիշավորմանը: Ես հասկանում եմ նման հայտարարություն անելու Շիրակացու ճեմարանի՝ նպատակն ու շարժառիթը, բայց չեմ ուզում մեկնաբանել, որպեսզի եւս մեկ անգամ սուբյեկտիվության դրսեւորում չդիտվի կրթության եւ գիտության նախարարության կամ ԿՏԱԿ-ի կողմից:

Միակ պատճառը, որ չենք անդրադառնում ուսումնական հաստատություններին, որոնք չեն մասնակցում վարկանիշավորմանը,շեշտում եմ՝ սուբյեկտիվության դաշտից դուրս գալն է: Եթե, օրինակ, նշենք, որ տվյալ դպրոցը շատ ավելի լավն է, քան մյուսները, անարդար վերաբերմունք կցուցաբերենք մյուս դպրոցների հանդեպ, կամ եթե ասենք, այս դպրոցը այսքան լավը չի, դրա համար չի մասնակցել վարկանիշավորմանը, այս դեպքում էլ դպրոցի հեղինակությանը կվնասենք:

Միմիայն դրա համար ընդհանրապես չենք անդրադառնում այն դպրոցներին, որոնք չեն մասնակցել: Օրինակ,Դիլիջանի միջազգային դպրոցը չի մասնակցել վարկանիշավորմանը, եւ մենք չենք անդրադարձել այդ դպրոցի չմասնակցելու պատճառներին, կան էլի մասնավոր դպրոցներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չցանկացան մասնակցել, եւ մենք որեւէ մեկին չենք անդրադարձել ու չենք էլ անդրադառնալու:

Պատկերացրեք, որ ԿԳ նախարարությունը կամ ԿՏԱԿ-ը վարկանիշավորման արդյունքներն ամփոփելու ժամանակ սկսի անդրադառնալ այն դպրոցներին, որոնք չեն մասնակցել վարկանիշավորմանը, դա անարդար վերաբերմունք կլինի մյուս դպրոցների նկատմամբ…Մենք ներկայացրել ենք միայն այն դպրոցների արդյունքները, որոնք բնականաբար մասնակցել են: Նույնը բուհերի պարագայում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29